Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած Անկախության ֆորումում, որին, ըստ տարածված հաղորդագրության, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները, մասնակցությունը հաստատել էին տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ եւ վեց քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հետաքրքիր մանրամասներ բացահայտեց հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիեւ-Փաշինյան հանդիպման օրակարգից։
«Գերկարեւոր եմ համարում քննարկման թեմա դարձնել Գրանադայի հանդիպումը, որում պետք է ստորագրվի մի փաստաթուղթ, որը խաղաղության փաստաթուղթը չէ, բայց իր էությամբ խաղաղության փաստաթղթի ճանապարհային քարտեզը կարող է դառնալ, որում շահագրգռված են արեւմտյան մեր գործընկերները։
Փաստաթղթի առաջին կետը լինելու է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թվականի Աստանայի համաձայնագրով, ինչին ժամանակին «այո» են ասել Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը։ Երկրորդ կետը պետք է լինի սահմանազատման գործընթացը 1975 թվականի քարտեզներով եւ միջազգային վերահսկողությամբ, որին էլի Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը տարբեր ամբիոններում «այո» են ասել տարբեր ներկայացուցիչների ներկայությամբ։
Կարդացեք նաև
Եվ երրորդ կետը պիտի լինի ճանապարհների ապաշրջափակում բոլոր ուղղություններով, միջազգային օրենքներով։ Սրան են նաեւ «այո» ասել թե Հայաստանի Հանրապետության վարչապետը, թե Ադրբեջանի նախագահը։
Եվ այս «այո» ասածները որպես հիմք փաստաթղթի վրա պետք է հիմնավորվի, որի տակ պիտի ստորագրի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Շոլցը, Եվրամիության ներկայացուցիչ Շարլ Միշելը որպես երաշխավորներ։
Այս փաստաթուղթը հնարավորություն է տալու, իմ կարծիքով, ազատվել նոյեմբերի 9-ի 9-րդ կետից, որը ճանապարհների ապաշրջափակման մեջ տեսնում է ռուսական հատուկ ծառայությունների ուղեկցություն։ Իսկ երբ որ ճանապարհները բացվում են բոլոր ուղղություններով, նախ, բոլոր ուղղություններով չես ուղեկցի, երկրորդ՝ միջազգային օրենքների պարագայում ուղեկցող խնդիրը հանված է եւ դա անում է տվյալ երկիրը իր ունեցած համապատասխան ծառայությունների միջոցով։
Իմ շփումները ցույց են տալիս, որ արեւմտյան մեր գործընկերները հակված են ամեն գնով հասնելու այս փաստաթղթի ստորագրմանը»։
Արամ Սարգսյանի պնդմամբ, այս փաստաթղթին դեմ են Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, որ Ադրբեջանի նախագահը պատրվակ է որոնում չգնալու համար, իսկ Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունը չպետք է գնա Գրանադա։ Այսինքն, փորձ է արվում վիժեցնել Գրանադան։
«Ես կարծում եմ, որ պետք է գնալ Գրանադա եւ առանց նախապայմանների այս երեք համաձայնությունների տակ ստորագրել»,-ասաց Արամ Սարգսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նայեք նկարում, թե ովքեր են խաղաղության պայմանագիր մուրացողները և պարզ կդառնա, որ այդտեղ նստածները միասին վերցրած, Արցախը չլքելու և հայրենի հողի հետ միաձուլվելու ցանկություն ունեցող Սոսե Բալասանյանի եղունգն անգամ չարժեն։ Դրանք բոլորը պատերազմ ու դժվարություններ չտեսած, հայկական արժեհամակարգ չունեցող, հայրենիքն ընդամենը տարածք պատկերացնող մարդիկ են, որոնց միավորում է նվաստացուցիչ փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամությունը, որպեսզի իրենց եվրոտերերը և երկրի
վարչաՂետը շոյեն իրենց հնզանդ գլուխները։
Այն, որ “խաղաղապահ” ռուսներն անցան թուրքերի կողմը և մեջքից խփեցին արցախցիներին, դա բոլորս տեսանք ու հիասթափվեցինք նրանցից, բայց որ եվրոպացիներն ու ամերիկացիներն էլ ցանկություն չունեն սաստել ՆԱՏՕ-ի անդամ թուրքիային իր ցեղասպան գործողությունները կանխելու համար և թուրքերին ամեն գնով օգտագործում են ռուսներին Կովկասից քշելու նպատակով (հայերի կոտորվելու և նրանց տարածքային կորուստների հաշվին), դուք դա էլ եք ակնհայտ տեսնում, բայց այդ մասին ձեզ ձեռնտու չի խոսել։
Չարենցը պատահական չի պոռթկացել. “Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է”։ Այդ դեղատոմսը բոլոր հիվանդ հայերի համար է, որոնց մի մասը վարակված է ռուսամետությամբ, մյուս մասն էլ արևմտամետությամբ։ Խելքի եկեք հայեր, հույսներդ դրեք ձեզ վրա, հանդուրժեք միմյանց, ուս-ուսի տվեք և միայն այդ ժամանակ մենք կփրկեք մեր Հայրենին։