Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը»․ Ավետիք Չալաբյան

Սեպտեմբեր 30,2023 19:52

«Արդեն հիմա ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցած աղետը Ալիեւ-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր։ Եվ թշնամին դրա մասին բացահայտ խոսում է, նույնիսկ գովերգում է Փաշինյանին, որ նա աչք փակեց Արցախում պատրաստված ցեղասպանության վրա»,- այս մասին Ազգային կոմիտեի հրավիրած հանրահավաքում ասաց կոմիտեի անդամ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, սակայն, թշնամին մի հարցում սխալվեց՝ Արցախում զենք վերցրեցին եւ կռիվ տվեցին։ «Այդ կռիվը Ավարայր էր, այդ կռվում հաղթանակ չէր կարող լինել, որովհետեւ շրջափակված, սովալլուկ, ուժասպառ եղած Արցախը միայնակ չէր կարող դիմագրավել Ադրբեջանի գերակշիռ ուժերին։ Բայց այդ կռիվը մեզ բոլորիս ուժ տվեց, իսկ այն, որ դրանից հետո Արցախի մեր քույրերն ու եղբայրները կազմակերպված մեկ շաբաթվա ընթացքում դուրս եկան այնտեղից, ցույց տվեց, որ նրանք նախընտրում են ազատությունը եւ պատրաստ չեն գերի մնալ Ալիեւի ցեղասպան ռեժիմին։ Եվ հիմա դա մեզ տալիս է շատ կարեւոր հենակետեր, որից հետո կարող ենք շարունակել Արցախի համար պայքարը։ Ուստի, ի՞նչ պետք է անենք։ Առաջինը՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրները, որոնք այսօր գալիս են Հայաստան, մեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքն ունեն։ Երեւանից հարավ ընկած հատվածում՝ Կոռնիձորից մինչեւ Եղեգնաձոր հսկայական հումանիտար աղետ է՝ տասնյակ հազարավոր մարդիկ տնից տեղից ընկած, ուժասպառ, թշնամու ստորացման տակով անցած։ Պետությունը համարյա իրենցով չի զբաղվում, զբաղվում է միայն գրանցելով։ Այսօր կարիք կա, որպեսզի բոլորս այդ մարդկանց օգնեք, ինչո՞ւ, որովհետեւ այդ մարդիկ մեզ ուժ են տալու վաղը։ Այսօր մենք մեր ուժը պետք է կիսենք իրենց հետ, որպեսզի վաղը իրենք իրենց ուժը կիսեն մեզ հետ»,- ասաց նա։ Չալաբյանը նշեց, որ այսօր շատ երկրների փորձում են արցախահայերին այստեղից տանել, մասնավորապես, դա փորձում է անել Ռուսաստանը։ «Մեզ պետք է, որ արցախահայերը մնան այստեղ։ Եվ ես բոլորիդ խնդրում եմ չբավարարվել միայն այսօրվա օգնությամբ։ Այդ դեպքում նրանք կկանգնեն այստեղ, կբազմապատկեն մեր ուժը, կօգնեն փոխել իշխանությունը»,- հավելեց նա։

Չալաբյանը նշեց, որ Արցախի մի շարք առաջնորդներ ձերբակալված են Ադրբեջանի ոճրագործ իշխանությունների կողմից՝ Ռուբեն Վարդանյան, Լեւոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան։ «Եթե դուք ուշադրություն դարձնեք, թե ովքեր են ձերբակալված, ապա Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը։ Դա հատուկ է արված, այնտեղով անցել են որոշ մարդիկ, ովքեր նույն օրը հայտնվել են Հանրային հեռուստատեսության եթերում։ Ինչո՞ւ է դա տեղի ունեցել, որովհետեւ նրանք եկել են մեզ պառակտելու։ Եվ ընդհակառակը, նրանք, ովքեր պետք է գային մեզ ուժեղացնելու, ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց Ավետիք Չալաբյանը։ Նա նշեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելով՝ Ադրբեջանը փորձում է նրան մեղադրել ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի պատկերացմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակն ահաբեկչական կառույց է։ Իսկ ցանկացած ոք, որն օգնել է Արցախի ՊԲ-ին, դրանով ֆինանսավորել է ահաբեկչությունը։

«Դա շատ վտանգավոր նախադեպ է, որովհետեւ բազմաթիվ հայորդիներ ծառայել են Արցախի Պաշտպանության բանակում, աջակցել են ՊԲ-ին։ Այսօր Ադրբեջանը փորձում է մեզ բոլորիս տեռորիստ սարքել, մենք դրան պետք է վճռական դիմադրենք։ Ես խոսքս նաեւ ուղղում եմ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը՝ դուք չպետք է թույլ տայիք այդպիսի բան։ Դուք այնտեղ գտնվում էինք որպես խաղաղապահներ եւ դուք խաղաղապահ էինք Արցախի ՊԲ-ի ու Ադրբեջանի բանակի միջեւ։ Ուստի, Արցախի ՊԲ-ն չէր կարող լինել տեռորիստ։ Դա պետական կառույց էր, պետական հոգածության ներքո, պետական օրենքներով գործող։ Եվ ես նորից եմ պահանջում՝ Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում պետք է անմիջականորեն միջամտի եւ վերջ տա Ադրբեջանի կամայականություններին, որովհետեւ այդ դեպքում տեռորիզմը լրիվ ուրիշ ընթացք կստանա»,- ասաց Չալաբյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս են հասնելու իշխանության հեռացմանը։ «Ես կարծում եմ, որ մենք ունենք մեկ հստակ ճանապարհ, դա հանրային համախմբման, հանրային համերաշխության ճանապարհն է։ Մենք պետք է շատանանք, որպեսզի մենք շատանանք, նորանոր մարդիկ պետք է միանան մեզ եւ հստակ պատկերացնեն, թե այս իշխանության գնալուց հետո ինչ պետք է անենք մենք»,- հավելեց Չալաբյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930