Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզպետները տեղեկացրին, որ Արցախից բռնի տեղահանվածների թիվն իրենց մարզերում գնալով աճում է

Սեպտեմբեր 30,2023 19:11

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Հումանիտար կենտրոնից  ժամը 16։00-ի ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ ժամը 14։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 437 անձ է տեղափոխվել Հայաստան, Հակարիի կամուրջը հատել է  21 062 մեքենա եւ տրանսպորտային միջոց։ Հաշվառված քաղաքացիների թիվը 82 827 է։ Նաեւ ներկայացրեց բաշխվածության պատկերը՝ նշելով, որ դա այն մարդկանց թիվն է, որոնք համաձայնել են օգտվել պետության կողմից առաջարկվող կեցավայրերից։

«Ընդհանուր թվով պետության կողմից տրամադրված կեցավայրերից այս պահին օգտվել է 34 հազար 607 անձ․ Արագածոտն՝ 1878, Արարատ՝ 8194, Արմավիր՝  3104, Գեղարքունիք՝ 3009, Լոռի՝ 1626, Կոտայք՝ 9490, Շիրակ՝ 1391, Սյունիք՝ 2273, Վայոց Ձոր՝ 1740, Տավուշ՝ 1902»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Այնուհետեւ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրին, թե ինչպես է կազմակերպվում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքը։

Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ ժամը 14:00-ից հետո իրենց մոտ բաշխված տեղահանվածների թիվը մի փոքր փոխվել է։ «Ժամը  15։00-ի դրությամբ մեզ մոտ հաշվառվել եւ կեցավայրերով ապահովված է  863 ընտանիք՝ 3549 անձ։ Հիմնականում Կոռնիձորից եւ Վայքից կապվելով պատասխանատու անձանց հետ՝ քաղաքացիները ժամանում են հենց մարզպետարան, համայնքներ եւ ներկայանում։ Առաջին հերթին կատարվում է հաշվառում, առաջնային կարիքների գնահատում եւ միջոցներ են ձեռնարկվում նրանց կեցավայրով ապահովելու ուղղությամբ։ Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են։ Բռնի տեղահանվածների բաշխվածությունն իրականացվում է ամբողջ մարզում»,-ասաց մարզպետը եւ ներկայացրեց ըստ համայնքների բաշխվածության թվերը։

Պատասխանելով հարցին, թե Արմավիրի մարզում գրեթե չկան հյուրանոցներ եւ հյուրատներ, արդյո՞ք բռնի տեղահանվածներին հիմնականում հյուրընկալող բնակարաններում են բաշխում, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց․ «Այո, ճիշտ նկատեցիք։ Արմավիրի մարզում իրականում գրեթե չկան հյուրանոցներ եւ հյուրատներ, այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր է միանգամից մեծ թվով բռնագաղթածների կեցավայր ապահովել։ Տեղավորում ենք հիմնականում սեփական տներում, գյուղերում՝ ազատ տներում, քաղաքում՝ բնակարաններում։ Նաեւ մարդկանց օգնում ենք՝ գտնել վարձով բնակարաններ»։

Կարեն Սարգսյանը նույնպես նշեց, որ Գեղարքունիքի մարզում նույնպես կեցությամբ ապահովվածների թիվն այս ընթացքում աճել է։ «Մարզում յոթ աշխատանքային խումբ է ձեւավորվել․ մեկը՝ մարզպետարանում, հինգը՝ խոշորացված համայնքներում, որոնցից մեկն էլ՝ շարժական աշխատանքային խումբ, որը մարդկանց լրացուցիչ անհարմարություններից ազատելու համար մեկնում է խիտ բնակեցված հյուրանոցներ եւ տեղում կազմակերպում հաշվառումը։

Հենց առաջին օրվանից սկսել ենք վեր հանել մարզպետարանի ենթակայության հիմնարկներում թափուր հաստիքները, եւ մեր աշխատանքային խմբերը հաշվառման ժամանակ ճշտում են՝ արդյոք կա՞ն այնպիսի մասնագիտության անձինք, որոնց կկարողանանք ներգրավել մեր ենթակայության հիմնարկներում։ Այնպես որ, առաջիկայում կփորձենք նաեւ մարդկանց աշխատանքով ապահովել»։

Մարզպետը նաեւ նշեց, որ աշխատում են մատակարար կազմակերպության հետ, որպեսզի հոկտեմբերից կարողանան մոտ հազար անձի երեքանգամյա  տաք սնունդ ապահովել մեր հայրենակիցներին։ Նաեւ փորձելու են  նախադպրոցական եւ դպրոցական տարիք ունեցող երեխաների համար տրանսպորտայի միջոցներ հայթայթելով հասանելի դարձնել  կրթական հաստատությունները։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930