Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ այսօր Մատենադարանի մոտից մեկնարկեց երթ՝ «Ռուբեն, քեզ հետ ենք» կարգախոսով։
Երթի մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանի կողմից առեւանգված Ռուբեն Վարդանյանին, որին շինծու մեղադրանքներ են առաջադրվել։
«Մատենա» առաջնորդության դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանն ասաց․ «Մեր կոչն է բոլոր համաշխարհային առաջնորդներին, լրատվամիջոցներին եւ մարդու իրավունքների ջատագովներին, որպեսզի նրանք միանան մեր պայքարին եւ պահանջեն Ռուբեն Վարդանյանի ու բոլոր գերիների, ապօրինի պահվող մարդկանց անվերապահ, անհապաղ եւ անվտանգ վերադարձը»։ Ըստ նրա՝ աշխարհը պետք է տեսնի ու ընկալի, որ այն, ինչ այսօր կատարվում է, ոչ միայն հանցագործություն է մարդկության դեմ, այլեւ հանցագործություն է քաղաքակրթության դեմ։ Նա նշեց, որ իրենց պայքարը չի սահմանափակվելու միայն երթով։
Կարդացեք նաև
«Ռուբենը՝ որպես քաղաքակիրթ ու զարգացած մարդ, իսկական հայի սիմվոլ է։ Հայ ժողովրդի ամբողջ մտածելակերպը, հայ ժողովրդի իմաստություն արտահայտվում է Ռուբենի գործունեության մեջ։ Ռուբենը խիզախ է, դրա համար իսկական հայ է, Ռուբենը մարդասիրությունն է, բարեգործությունը։ Եվ ի վերջո, Ռուբենը գիրքն է ու կրթությունը, ինչպես մեր ամբողջ հայ ժողովուրդը։ Սա իր գործունեության նկարագրությունն է, Ռուբեն Վարդանյանը հիմնել է երեք միջազգային դպրոցներ։ Այն բոլոր շինծու մեղադրանքները, որոնք ներկայացվում են Ռուբենի եւ մեր հայ գերիների նկատմամբ, դրանք պարզապես ծիծաղելի են ու մերժելի։ Աշխարհը պետք է տեսնի ու հասկանա, որ Մատենադարան եւ գիր ունեցող ժողովրդին չի կարելի այսպես վերաբերվել։ Մեր բոլոր գերիները եւ ապօրինի պահվող մարդիկ Մատենադարանի կրթական եւ մշակութային ժառանգության կրողներն են։ Եվ հենց դրանով ենք մենք տարբերվում քաղաքակրթության դեմ հանցագործություն կատարողներից»,- հավելեց Ռուբեն Հայրապետյանը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանն էլ ներկայացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ