Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները օգտվելու են ՀՀ-ում առկա պետական պատվերի ողջ ծավալից

Սեպտեմբեր 30,2023 14:57

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հումանիտար կենտրոնում այսօր ասաց, որ շտապ օգնության 13 բրիգադներ արդեն Հակարիի կարջով անցել են Ստեփանակերտ եւ պատրաստվում են բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ, անկողնային հիվանդ են, տեղափոխել:

«Մենք մեր բոլոր հայրենակիցներին, անկախ իրենց վիճակից, միասնական ուժերով, մեր բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելով՝ տարհանելու եւ բերելու ենք Հայաստանի Հանրապետություն: Մենք սերտորեն աշխատում ենք սոցիալական ծառայությունների հետ: Գիշերվա ընթացքում տեղափոխված մեր հայրենակիցների մեջ եւս կան բազմաթիվ առողջական խնդիրներով անձինք: Առաջին բժշկական օգնությունը ստանալուց հետո գնահատական է տրվում՝ նրանք արդյոք հոսպիտալացման ենթակա՞ են: Եթե կարիքը կա, միանգամից հոսպիտալացվում են, եթե ոչ՝ ամբուլատոր կերպով կազմակերպվում է նրանց առաջին բուժօգնությունը, եւ սոցիալական մարմինները զբաղվում են նրանց տեղավորման հարցերով:

Հայաստանի տարբեր ԲԿ-ներում այս պահին բուժում են ստանում մեծաթիվ մեր հայրենակիցներ: Այս պահի դրությամբ 361 պացիենտ ունենք, որոնցից 221-ը պայթյունից ստացած վնասվածքներով են, 114-ը ռազմական ագրեսիայի արդյունքում տարբեր վիրավորում ստացած անձինք են, մնացած 26-ը արդեն առողջական այլ խնդիրներով պացիենտներ են:

Այս ամբողջ ընթացքում տեղափոխման ընթացքում եւ արդեն բժշկական կազմակերպություններում մենք  ընդհանուր առմամբ ունեցել ենք 14 մահ: Դեռ մեծաթիվ պացիենտների վիճակը մնում է ծայրահեղ ծանր եւ ծանր: Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Ներգրավված են թե Հայաստանից, թե արտերկրից բազմաթիվ մասնագիտական ուժեր, որպեսզի միահամուռ կարողանանք համապատասխան բուժօգնություն տրամադրել մեր պացիենտներին:

Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք եւս պայթյունի հետեւանքով են տուժել, կամ մարտական գործողությունների ընթացքում վիրավորում են ստացել: Երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն: Մեկ երեխայի մոտ ունենք արդեն դրական դինամիկա:

Ճանապարհի գերբեռնվածության եւ խցանումների հետեւանքով լինում են նաեւ վթարներ: Գրանցում ենք նաեւ նման դեպքեր եւ տեղափոխում  բժշկական կենտրոններ: Նրանց  մեջ, ցավոք, կան նաեւ երկու փոքրիկներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը անդրադարձավ նաեւ Արցախից բռնի տեղահանված բնակիչների ստացիոնար բուժման կազմակերպմանը Հայաստանում, որն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:

«Տասն ամիս շրջափակման մեջ լինելու հետեւանքով մենք ունենք ընդհանուր առմամբ շատ խիստ սրված առողջական խնդիրներով հայրենակիցներ, որոնք չեն ունեցել իրենց քրոնիկ հիվանդությունների բուժման ընթացք ապահովելու անհրաժեշտ  դեղորայք: Այս իրավիճակում տեղահանման հետ կապված հավելյալ սթրեսը եւ սննդի բացակայությունը եւ մյուս բոլոր պայմանները հուշում են, որ դիմելիության բավական աճ ենք ունենալու:

Բռնի տեղահանված մեր հայրենակիցները օգտվելու են ՀՀ-ում առկա պետական պատվերի ողջ ծավալից: Սա նշանակում է, որ կամուրջը հատելու պահից նրանց կմատուցվի  առաջնային բուժօգնություն: Այնուհետեւ, նրանք կկցագրվեն իրենց տեղակայման վայրերի ամբուլատոր օղակներում՝ պոլիկլինիկաներում, եւ կստանան այս օղակում ամբողջական ծառայությունների փաթեթը:

Հիվանդանոցային բուժօգնության ամբողջ ծավալը եւս պետական պատվերի շրջանակներում հասանելի է լինելու մեր բռնի տեղահանված հայրենակիցներին: Մենք արդեն իսկ մեր մյուս գործընկերների հետ միասին իրականացնում ենք նաեւ առողջական տվյալների հաշվառում: Առաջիկայում, երբ կունենանք տեղակայման բոլոր վայրերը, մեր մոբիլ թիմերը եւս պրոակտիվ կերպով կայցելեն նրանց, կգնահատեն մարդկանց կարիքները: Այսինքն, պատրաստվում ենք նրանց բոլորին ըստ անհրաժեշտության, ըստ կարիքի հասցեագրել»:

Նախարարը խնդրեց տեղյակ լինել նաեւ, որ բացի բուժօգնության ծառայություններից իրենք արդեն ձեռնամուխ են եղել բռնի տեղահանված բուժաշխատողների հետագա աշխատանքային եւ կրթական ծրագրերի իրականացմանը: Նախարարության կայքում հրապարակված թեժ գծի միջոցով կարելի է ստանալ տեղեկատվություն, հաշվառվել, հետագայում աշխատանքով ապահովվելու, կրթական ծրագրերում ներգրավվելու  ծառայություններին հասանելիություն ստանալու հեռանկարով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930