Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի լեգենդար թատրոնը կշարունակի գործել․ մանրամասնում է Հակոբ Ղազանչյանը

Սեպտեմբեր 30,2023 14:28

Հայաստանի Թատերական  գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը երեկ երեկոյան ներկա էր Գյումրու դրամատիկական թատրոնի 158-րդ թատերաշրջանի բացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ  Թատերական գործիչների միությունը մտադրություն ունի պահպանել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան լեգենդար թատրոնը։

«Ես կապի մեջ եմ թատրոնի տնօրենի հետ, միությունն ունի ծրագիր՝ պահպանելու Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, լեգենդար թատրոն է՝ լեգենդար պատմություն ունեցող։

Եվ այդ առիթով մենք պատրաստ ենք տրամադրելու մեր շենքը՝ Թատերական գործիչների միության շենքը, մեր դահլիճը, որպեսզի նրանք այնտեղ աշխատեն, մենք պատրաստ ենք գտնել հովանավորներ։ Ես արդեն խոսել եմ մի քանի թատրոնների ղեկավարների հետ, նրանք պատրաստ են օգնել, օժանդակել, ինչով կարող են։

Կարինե Քոչարյանը՝ վաղամեռիկ, մեր հրաշալի դերասան Վլադիմիր Քոչարյանի կինը, որը սկսել է իր գործունեությունը այս թատրոնում,  վերջերս իր ծախսերով եկավ Ստեփանակերտ և այնտեղ բեմադրություն արեց։

Հիմա այդ բեմադրությունը տանելու է Ամերիկա, մինչ այդ եվրոպական տուր կազմակերպեց։

Կարինեն վերջին 35 տարին բնակվում է Նյու Յորքում, Երևանում տուն է գնել և հատուկ գալու է, որպեսզի գլխավորի այդ թատրոնը, մենք արդեն խոսել ենք նրա հետ։ Եվ ամեն ինչ անելու ենք, որ Արցախի թատրոնը մնա։

Ձեզ ասեմ հետաքրքիր մի փաստ, դուք գիտեք, որ այս 30 տարիների ընթացքում Շուշիի մշակույթի կենտրոնի տնօրենը՝ ազգությամբ ադրբեջանցի, Բաքվում աշխատավարձ է ստացել, այսինքն՝ եթե թշնամին այդքան բանը հասկանում է և անում է, առավել ևս մենք պետք է անենք։ Մենք պետք է պահպանենք, որովհետև եթե մենք նման մշակույթի օջախները կորցնենք, փոշիացնենք, ուրեմն գրոշի արժեք չունենք։

Պետք է պահենք, պահպանենք,  և, իհարկե, բոլորովին չեմ կասկածում, պետք է սպասենք վաղվա օրվա, գուցե մեր սերունդը չտեսնի այդ լավ օրը, բայց ես չեմ կասկածում՝ կգան սերունդներ, որոնք ետ կբերեն մեր հրաշալի երկիրը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930