Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյանը՝ այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանվածների քանակի, նրանց կեցության խնդիրների լուծման մասին

Սեպտեմբեր 30,2023 13:35

Այսօր Հումանիտար կենտրոնում վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ տվյալ ժամի հասանելի տվյալներով Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 043 տրանսպորտային միջոց, հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:

Նաեւ տեղեկացրեց, որ շարունակվում է տեղաբաշխումն ըստ մարզերի, որ կառավարությունը բոլորին առաջարկում է անվճար կեցավայրեր, որոնք կլինեն կարճաժամկետ եւ որից հետո համապատասխան ծրագրով նախատեսվում են բնակեցման հետ կապված երկարաժամկետ,  միջնաժամկետ ծրագրեր եւ ունենք հետեւյալ պատկերը:

Եթե նախօրեին առավոտյան ժամը 10-ի դրությամբ պետության կեցավայրերից օգտվել էր 20 հազար 306 անձ, ապա այսօր այդ թիվը կազմում է 32 հազար 200:

Տեղաբաշխումն ըստ մարզերի հետեւյալ տեսքն ունի. Արագածոտն՝ 1852, Արարատ 7640, Արմավիր՝ 3009, Գեղարքունիք՝ 2862, Լոռի՝ 1581, Կոտայք՝ 8289, Շիրակ՝ 1317, Սյունիք՝ 2244, Վայոց Ձոր՝ 1700, Տավուշ՝ 1706: Ընդհանուր թիվը կազմում է 32200:

Նազելի Բաղդասարյանը հորդորեց նրանց, ովքեր արդեն տեղավորվել են եւ որոշակի ժամանակ անցել է, հետայսու տարբեր սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորություն ունենալու նպատակով այսօր զբաղվել հաշվառման գործընթացով՝ հիշեցնելով, որ հաշվառման կետերը գործում են 24/7 ռեժիմով բոլոր խոշորացված համայնքային կենտրոններում եւ միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններում: Նաև նշեց, որ 64 համայնքներում գործում են նմանատիպ կենտրոններ:

«Նախօրեին արդեն Գորիսից  Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները կեսգիշերից հետո վերադարձել են: Վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ եւ վերադարձել է, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել է Գորիսի կամ Վայքի կենտրոններ. հիմնականում ծերեր, մարդիկ, ովքեր միայնակ են, սոցիալական ավելի սուր խնդիրներ ունեն, խոցելի խավի ներկայացուցիչներ: Եվ այս մարդկանց հոգածությունը ավելի կարեւոր է մեզ համար:

Նաեւ ներկայացնեմ, որ Ստեփանակերտում գտնվում է 15 անձ, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեն, անկողնային հիվանդներ են: Եվ այս պահի դրությամբ մեզ փոխանցել են, որ շտապ օգնության մեքենաներն արդեն մեկնել են»,-ասաց խոսնակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930