Հայաստանի ու Արցախի առջև ծառացած սպառնալիքներն ու դրանց հակազդելու հարցում Հայաստանի քաղաքականության անձեռնհասությունը հանգեցրել են մի իրավիճակի, երբ վերահաս վտանգ է սպառնում մեր երկրի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ոտնահարվում է նաև սեփական երկրում ազատ և անվտանգ ապրելու՝ Արցախի ժողովրդի իրավունքը։
Հայաստանին պարտադրվում է «անելանելիության», «անօգնականության» ու «անկարողության» մի մտավիճակ, որից իբրև դուրս գալու «միակ» ելք առաջարկվում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ստորացուցիչ «խաղաղությունը»՝ ի հաշիվ մեր ազգային ու պետական շահերի և Արցախի մեր ժողովրդի գոյության։ Ծրագրի հիմքը, Թուրքիայի ու Ադրբեջանի փոխադարձ շահերի ներդաշնակումն է, իսկ նպատակը՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական մեկուսացումն ու յուրացումը՝ քանի դեռ աշխարհը զբաղված է Ուկրաինայի շուրջ իրադարձություններով։
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներից շատերը ոչ միայն կանգնած են եղել Հայոց պետականության ակունքներում, այլև պատվով կրել անկախ և ինքնիշխան պետականության ամրապնդման ու զարգացման առաքելությունը։ Մեր հաստատուն համոզմունքով, ներկայիս աննախադեպ իրավիճակը հաղթահարելու համար Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական իշխանություն, որն անհապաղ պետք է որդեգրի հետևյալ մարտավարությունը․
Առաջին, ազգային պաշտպանական կարողությունների և ռազմաարդյունաբերության վերականգնում և զարգացում։ Արցախյան պատերազմում հաղթանակի ու պարտության հարցը որոշվեց արդիական տեխնոլոգիաների, շտաբային պլանավորման, թիկունքային ու մարտական մատակարարման, հետախուզական կարողությունների, և նպատակային արտաքին քաղաքականության ոլորտներում։ Այդ պատերազմը մեզ համար ունեցավ կործանարար ելք։ Դրա հետևանքների հաղթահարումը հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ են նույն կարգի կարողություններ՝ ավելի արդիական, ավելի մարտունակ և ավելի շատ։
Կարդացեք նաև
Երկրորդ, ոչ պակաս կարևոր խնդիրը` Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների անհապաղ վերականգնումն ու զարգացումն է։ Հայաստանը պետք է ունենա կենսունակ, տնտեսական զարգացման երկարաժամկետ նպատակների հետ համատեղելի արդի միջուկային ու այլընտրանքային էներգետիկա, երկրի կենսապահովման առաջնային խնդիրների լուծմանը հարմարեցված ժամանակակից տեխնոլոգիական կարողություններ, բեռնատար և ուղևորատար օդային փոխադրումների պատշաճ կարողություն, երկաթուղային, ավտոճանապարհային ու հեռահաղորդակցային կապի համակարգ, ինչպես նաև կիբերանվտանգության և թվային կենսունակության մարտունակ միջոցներ։
Երրորդ, Հայաստանը պետք է անհապաղ կտրուկ քայլեր ձեռնարկի առողջապահության, սոցիալական ապահովության և շրջակա միջավայրի պաշտպանության համակարգերի արդիականացման ու օպտիմալացման ուղղությամբ։ Որպես առաջնային նպատակ ենք դիտարկում կրթության և գիտության բնագավառի բարեփոխումը երկրի տնտեսության պահանջներին համահունչ և ազգային արժեքների հենքի վրա։
Եվ վերջապես, Հայաստանին անհրաժեշտ է մշակել և իրագործել արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որը պետք է ուղղված լինի ոչ թե աշխարհաքաղաքական ուժերի տարբեր բևեռների սիրաշահմանը, այլ ապահովի հայկական ինքնիշխան պետականության լիարժեք ներգրավումը գլոբալ և տարածաշրջանային հարթակներում, նոր բովանդակություն ձևավորի Հայաստանի ու այլ պետությունների հարաբերություններում և սատարի Արցախահայության պայքարին բոլոր դիվանագիտական և այլ գործընթացներում։
Այս նպատակներն իրականացնելու համար Հայաստանում պետք է ձևավորվի հմուտ ու պատասխանատու պետական կառավարման համակարգ, ներկայիս թափթփված ու անզորի փոխարեն։ Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, նոր քաղաքական իշխանությունը պետք է օգտագործի վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը և համայն հայության ամբողջական ներուժը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնություն բարձրացնել Հայրենիքին սպառնացող ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը։