Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գնահատմամբ, պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկվեին նրանց ուղեկցելու և ապահով տեղափոխումը երաշխավորելու համար»․ Գոհար Մելոյան․ «Փաստ»

Սեպտեմբեր 30,2023 09:00

Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին և մեր մյուս հայրենակիցներին բառացիորեն առևանգում են ադրբեջանական անցակետից: Հայկական կողմը դիմումներ է ուղարկում միջազգային ատյաններ, այդ ընթացքում նրանց ծանրագույն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվում հարևան երկրում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ ՀՀ-ն, որպես ազգային շահի ներկայացուցիչ, ռազմական և պետական գործիչների՝ Արցախից դուրս գալու պարագայում պետք է ինչ-որ երաշխիքներ ստանար:

«Իմ գնահատմամբ, պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկվեին նրանց ուղեկցելու և ապահով տեղափոխումը երաշխավորելու համար: Եթե նման վիճակի հասցրած չլինեին դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ, կարող էին դա իրականացնել խաղաղապահների միջոցով: Վարդանյանի դեպքն ինձ թույլ կտամ գերեվարում անվանել, դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննության առարկա հանդիսանա: Տեղյակ չենք՝ արդեն հայտնի դարձածներից զատ արդյո՞ք անհետացել են ռազմական ու քաղաքական այլ գործիչներ: Լրամշակված տեղեկատվություն չունենք, բայց համոզված եմ, որ երբ այս խառնաշփոթը մի քիչ չեզոքանա, իրավիճակը հանգստանա, լսելու ենք մարդկանց անուններ, որոնց գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելոյանը:

Գոհար Մելոյան

Ընդգծում է՝ հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: «Կողմ եմ, որ այդ գործիքակազմերը օգտագործվեն: ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս բավարարվել են մեր՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջները, ունենք Լաչինի միջանցքը հրատապ բացելու և մարդասիրական օգնության մուտքն ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այդ հեղինակավոր կառույցները դե յուրե բավարարում են հայկական կողմի պահանջները, բայց դե ֆակտո դրանք մնում են անկատար, և Ադրբեջանն իրեն ճոխություն է թույլ տալիս քամահրաբար չկատարել այդ որոշումները»,-ասում է զրուցակիցը:

Հավելում է՝ միջազգային կառույցների համար չկա այդ որոշումները կյանքի կոչող մարմին, պետությունների նկատմամբ որպես այդպիսի գործիքակազմ է ծառայում սանկցիաների կիրառումը: «Ադրբեջանն իրեն թույլ տվեց մարդկության դեմ ծանրագույն պատերազմական հանցագործություններ, ընդհուպ վերջերս մեր ազգաբնակչության հանդեպ ցեղասպանություն էր տեղի ունենում Արցախում, մարդիկ էթնիկ զտման ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին, հարձակումներ տեղի ունեցան խաղաղ բնակչության նկատմամբ և այլն: Այս ամենին միջազգային որևէ արձագանք գործողության տեսքով չհետևեց:

Դասական առումով այդ կառույցները չեն ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել էին: Ֆրագմենտացիայի առումով պետությունները խմբավորվում են և սկսում են միջազգային կառույցները ծառայեցնել կոնկրետ շահադիտական նկատառումներով: Ունենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու իրավունքների կոնվենցիա և մի շարք այլ հիմնարար իրավական ակտեր, կարելի է հարյուրավոր օրինակներ բերել, թե մեր դեպքում ինչ ոտնահարումներ տեղի ունեցան: Իրենք դե յուրե ընդունել են տեղի ունեցած խախտումները, սակայն որևէ սանկցիա այդ պրոցեսին չհետևեց: Զուգահեռ իրականությունում ունենք ռուս-ուկրաինական հարաբերությունները, թե ինչպիսի գործիքակազմ կարելի էր կիրառել այդ կարգավորումները խախտող պետության նկատմամբ»,-նշում է Մելոյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930