Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արթուր Մարտիրոսյան․ «Ռուսաստանից ազատվելը մեզ համար կարող է թանկ արժենալ»․ «Առերեսում»

Սեպտեմբեր 30,2023 09:30

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ հիշեցում կար, որ 2020 թվականի պատերազմից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը USAID-ի միջոցով որեւէ օգնություն չի ուղարկել Արցախ: Նա ոչ մի օգնություն չի տրամադրել շրջափակված Արցախին․ «Բայց նա լուսանկարիչներ է ուղարկում, որպեսզի ցույց տա իր կարեկցանքը փախստականների հանդեպ, ընդ որում՝ նա օգնել է Ադրբեջանին էթնիկ զտումներ իրականացնել Արցախում․․․Ոչ մի օգնություն Արցախին։ Բայց լուսանկարիչների պակաս չկա․․․Նա ավելի շատ միջոցներ է ծախսել USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի, լուսանկարիչների ՝ Հայաստան կատարած այցի վրա, քան վերջին երեք տարիների ընթացքում Արցախում մարդասիրական օգնության ծրագրերի վրա»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն այս առնչությամբ հիշեցրեց too little too late արտահայտությունը․ «Շատ քիչ եւ շատ ուշ։ Նրանք արեցին ամեն ինչ, որ հասնեն իրենց նպատակին։ Իրենց նպատակը հենց այդ էր։ Պատմական հնարավորություն է ստեղծվել, որ կարող են ռուսներին դուրս մղել տարածաշրջանից եւ իրենք ամեն ինչ անում էին դրա համար։ Իրենք որպես խոչընդոտ տեսնում էին Արցախը եւ հայ–թուրքական հարաբերությունները։ Ասում էին՝ այդ երկուսը լուծեք, ու դրանից հետո կլինի խաղաղություն․ այն, ինչ որ ասում է պրն Փաշինյանը։ Ինքն ասում է այն, ինչ Միացյալ նահանգների դիվանագետներն ասում էին տարիներ շարունակ՝ լուծեք այդ երկու խնդիրը եւ կազատվեք Ռուսաստանից։ Հիմա այդ ազատվելը մեզ կարող է թանկ արժենալ․ դա է խնդիրը։ Մենք հիմա նմանվում ենք շատ ճանաչված ուկրաինական ֆիլմին՝ «Երկու նապաստակների հետեւից»։ Հիմա պրն Փաշինյանն ընկել է երկու նապաստակների հետեւից։ Եվ կարող է թշնամացնել մեկին՝ արդեն սկսվել է թշնամանքը։ Իսկ երկրորդից չստանա այն, ինչ ինքը սպասում է։ Եվ այդ օգնությունը նորից գա շատ քիչ ու շատ ուշ, երբ արդեն դժվար կլինի շտկել այն, ինչ տեղի է ունեցել հողի վրա»։

Զրույցի ընթացքում պարտությանը եւ Արցախի հայաթափմանը հանրության վերաբերմունքի համատեքստում անդրադարձ եղավ այն հարցադրումներին, որոնք հնչեցրել էր քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը․ «Փաշինյանն աշխարհում հզոր աջակցություն ունի՞ հայկական հաղթանակի համար։ Ոչ։ Կա՞ հայ հասարակության մոբիլիզացիա, որը պատրաստ է գնալ եւ գրանցվել որպես կամավոր, ինչպես 1990-ականներին էր, երբ ստեղծվեց Երկրապահ կամավորական միությունը։ Այսօր կա նոր Վազգեն Սարգսյա՞ն։ Իսկ ինչո՞ւ չկա, որովհետեւ մարդիկ հոգնում են կոնֆլիկտներից, եւ տեղի է ունենում հասարակության «զորացրում»։

Արթուր Մարտիրոսյանը «հասարակության զորացրման» առնչությամբ նկատեց․ «Վերջին 30 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ գնում ենք դեպի ավելի լիբերալ համակարգ, որտեղ նյութապաշտությունն է կարեւոր՝ լավ ենք ապրելու, լավ պետք է ապրենք․․․ Իսկ այդ լավ ապրելը ո՞ր արժեքների վրա է հիմնված, ի՞նչ է դա նշանակելու։ Եվ եթե մարդկանց ասում ես՝ պետք է լավ ապրենք, դա է մեր կյանքի նպատակը, նրանք ասում են՝ կարելի է լավ ապրել հարյուրավոր այլ երկրներում։ Այսինքն՝ ինչի՞ կռվեմ, ընդհանուրի համար ինչի՞ զոհաբերվեմ ես, եթե դուք լավ եք ապրում, իսկ ես լավ չեմ ապրում․․․ Սա շատ բարդ խնդիր է, այնպես չէ, որ կարող ես միանշանակ ասել, թե սրանք են մեղավոր, նրանք են մեղավոր․․․Բայց պետք է հասկանանք՝ ի վերջո ի՞նչ ենք ուզում։ Եվ եթե ուզում ենք, որ լինի իրոք ազգային պետություն՝ պետք է հասկանանք, որ այդ արժեքների վրա, որոնք քարոզվում են մեր իշխանությունների կողմից՝ պետություն չի ստեղծվել որեւէ մի տեղ ու չի ստեղծվի նաեւ այստեղ։ Իսկ մենք առանց պետության՝ այստեղ կորցնելու ենք մեր ինքնությունը, վերածվելու ենք ուղղակի տարածքի»։

Հաղորդման մյուս մասնակցի՝ ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի տեսակետներից հատվածներ կներկայացնենք քիչ անց։ Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930