Արցախի հայաթափմանն այսօր տարբեր գնահատականներ են տրվում՝ էթնիկ զտումից մինչեւ ցեղասպանություն։ Արդյոք կատարվածը կարելի է որակել իբրեւ ցեղասպանություն՝ հարցին ի պատասխան, «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանն ասաց․ «Այստեղ չպետք է խոսենք այդ տերմինի մասին որպես հռետորաբանություն, եւ այդ գնահատականը մենք չէ, որ տվել ենք։ Սա հայերի տված գնահատական չէ։ Մենք ունենք միջազգային բավական հեղինակավոր շատ փորձագետներ, որոնք դրա մասին խոսել են։ Ունենք Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձեւերն ու որոշումները։ Սա 700 մասնագետից բաղկացած մի կառույց է, այսինքն՝ մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են այդ հանցագործության ուսումնասիրմանը։ Եվ վերջին 2 տարվա մեջ մենք ունեցանք 2 հայտարարություն՝ անդամների կողմից ստորագրված, եւ 2 հայտարարություն՝ խորհրդի կողմից ստորագրված։ Ոչ մի նման նախադեպ ես չունեմ՝ ոչ ռոհինջաների, ոչ եզդիների ցեղասպանության դեպքում։ Այսինքն՝ իրենք, մասնագետները փաստում են, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ, առցանց ռեժիմով կատարվող ցեղասպանություն է։
Եվ հավելեմ, որ մեր հասարակությունը սխալ պատկերացում ունի, թե ցեղասպանությունն ուղղակի մարդկանց սպանությունն է։ Այս ժամանակահատվածում այդպես չէ։ Ցեղասպանության կոնվենցիայում դա 5 գործողություններից մեկն է։ Իհարկե, առաջինն ամենասարսափելին ու տեսանելին է, բայց կա երկրորդը, որն ասում է՝ «որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը», ինչը մենք 9 ամիս շարունակ տեսնում էինք ու վերջին գործողություններն ուղղակի արագացրին դա»։
Զրույցի ընթացքում կատարվածի մեղավորների փնտրտուքի համատեքստում անդրադարձ եղավ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որում պնդում կա, թե Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ պատրաստվել են փոխել արտաքին քաղաքական կուրսը՝ շրջադարձ անելով Ռուսաստանից դեպի Արևմուտք, եւ Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման արդյունքում՝ «Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն նախընտրեց փախուստն ու վազքը դեպի արևմուտք»։ Սուրեն Մանուկյանը նախ նկատեց, թե շատ դեպքերում տեսնում ենք «դեմքը փրկելու» փորձեր․ «Տեսնում ենք, որ Ռուսաստանն այսօր թույլ է, չի կարող իր ռեսուրներն ուղղել այլ ռազմաճակատներ՝ Ուկրաինայում խրված լինելու պատճառով։ Եվ բնականաբար, երեւի միակ ցանկությունը, որ ունի Ռուսաստանը՝ իրեն հանգիստ թողնելն է այլ տարածաշրջաններում եւ չներքաշելն է նոր խնդիրների մեջ։ Եվ այդ առումով, իհարկե, բնականաբար, կարող են ասել այն, ինչ ուզում են։ Բայց ես ինչ-որ չեմ հիշում, որ օրինակ մեկ տարի առաջ Ռուսաստանը նման արտահայտություններ աներ Հայաստանի հասցեին։ Միշտ ասում էին, թե Հայաստանը կառուցողական է, պատերազմից անմիջապես հետո էլ (ՌԴ նախագահն) ասաց, թե Փաշինյանը դավաճան չի, հայրենասեր մարդ է եւ շատ սերտ կապի մեջ ենք իր հետ․․․ Այսինքն, եթե դա վաղուց ծրագրված էր՝ համենայն դեպս, Ռուսաստանից ոչ մի նման ուղերձ չենք լսել, դա նոր՝ վերջին կես տարվա խոսույթ է»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ