Ուզում եմ հիմնականում խոսել Արցախի Հանրապետության վրա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հերթական ուխտադրուժ հարձակման եւ դրանից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Գոնե՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը եւ դրանից հետո՝ մոտ երկու ամիս առաջ, երբ ակտիվորեն սկսեց զորքեր տեղակայել Արցախի տարածքի ողջ երկայնքով ու Հայաստանի որոշ սահմանների հարեւանությամբ, ապա ստույգ պարզ էր դառնում, որ թշնամին պատրաստվում էր հերթական լայնածավալ պատերազմի վերսկսմանը եւ ուղղակի սպասում էր հարմար պահի, որպեսզի իրականացնի հարձակումը: Դրա մասին բոլորն էին տեղյակ, ավելին՝ լրատվամիջոցները բազմիցս բարձրաձայնում էին դրա մասին, սակայն հայկական ուժերի կողմից դրա նախապատրաստման ուղղությամբ ոչ մի պրակտիկ քայլ այդպես էլ չձեռնարկվեց: Ուղղակի, դրա մասին հաճախ բարձրաձայնվում էր ու վերջ: Վերջապես, թշնամին սեպտեմբերի 19-ին Արցախի ողջ երկայնքով սկսեց լայնածավալ եւ դաժան հարձակումը ու ոչնչի առջեւ կանգ չառնելով, լրջագույն ռազմատեխնիկայով սկսեց գնդակոծել Արցախի համարյա բոլոր բնակավայրերը եւ ռազմական դիրքերը՝ պատճառելով սարսափելի մարդկային ու տարաբնույթ այլ կորուստներ: Պատերազմը, որը միջազգային ուժերի կողմից կանգնեցվեց սեպտեմբերի 22-ին՝ եւ քաղաքացիական բնակավայրերում, եւ զինվորական շրջանում ունեցանք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, որոնց թվում նաեւ երեխաներ: Տեղի ունեցավ այն, ինչին սպասում էինք եւ առ այսօր աներեւակայելի անտանելի իրավիճակ է ողջ Արցախում, որը տեղեկատվության պակասի պատճառով դժվար է լիովին ճշգրիտ ներկայացնելը, քանզի ողջ տարածքում համարյա կապ չկա: Կասեմ միայն, որ եղած տեղեկատվության համաձայն, իրավիճակը ողջ Արցախում ուղղակի անտանելի է եւ քաոսային ու դրա ճշգրիտ ներկայացումը համարյա անհնարին է:
Դա այն է, որի մասին գիտեինք, սակայն զարմանալիորեն՝ նախապատրաստական ոչ մի քայլ չարեցինք ու կորցրեցինք Արցախն ու նրա պետականությունը, որից ավելի զարհուրելի բան հնարավոր չէ պատկերացնել: Հաստատաբար կարելի է նշել, որ բառերն անգամ բավական չեն Արցախում ստեղծված իրավիճակը պատկերացնելու ու ներկայացնելու համար: Հայ ժողովուրդն ունեցավ վերջին հարյուրամյակների ամենամեծ կորուստներից մեկը, որը բթացրել ու ցնցել է աշխարհի ողջ հայությանը: Թվում է, նույն աշխարհի կողմից փորձ ՝է արվում իրավիճակը որոշակիորեն շտկելու համար, սակայն նրանց կողմից դարձյալ ընտրվել է նույն ձեռագիրը. քայլեր անել՝ միմիայն հանուն իրենց շահերի, այլ ոչ թե հանուն իրավիճակի փրկության:
Իհարկե, չափազանց շատ բան կա ասելու եւ վերլուծելու, այնուամենայնիվ, մեկ գլխավոր հարց կա, որի պատասխանը ես չունեմ. այն, ինչ այսօր փորձում է անել հայ ժողովրդի հայրենասեր հատվածը, ինչո՞ւ չարեց այս հարձակումից առաջ: Ո՞վ էր բռնում նրա նույն ձեռքը, որն այսօր՝ էլ չի բռնում: Ինչո՞ւ վերջապես հայ ժողովուրդն այս պարզ բանը չի հասկանում եւ միշտ ուշացած է փորձում պետքական քայլեր անել: Ինչո՞ւ է մշտապես թողնում, որ հիվանդը մահանա, հետո միայն սկսի բուժման քայլեր ձեռնարկել: Ի՞նչ սեւ դեւ է մտել այս ժողովրդի մեջ, որը չի թողնում ժամանակին կատարել անհրաժեշտ քայլերը, ինչո՞ւ ենք միշտ ժողովրդին մղում ցեղասպանվելու եւ հետո միայն՝ փորձում գնահատել ու գովել: Հաճախ տպավորություն է առաջանում, որ ամենակարեւոր հարցերում անգամ, մենք արդեն սովորել եւ մեզ հետ վերաբերվում ենք համարյա այնպես, ինչպես միջազգային հանրությունը …Եթե մի բան արդեն վերածվում է օրինաչափության, ապա նման պարագաներում ներելու տեղ ուղղակի չի մնում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է պետականության կորստին:
Ինչպես ասում են՝ եղածն արդեն եղել է, մնում է շարունակությունը ճիշտ կառուցել… Բացահայտ երեւում է, որ հայ ժողովուրդն այսօր բաժանվել է երեք հիմնական մասի. ցանկացողներ՝ այսուհետ թուրքական լծի տակ պատսպարվել, մյուս մասը՝ ռուսական լծի տակ պատսպարվողներ: Եվ երրորդ, ժողովրդի փոքրաթիվ հատվածը, որը ցանկանում է ապրել՝ որպես անկախ պետականություն ունեցող երկիր: Վերջին հնարավորությունն է. եթե ուզում եք գոյատեւել ու պատվով ապրել, ապա ճիշտ ընտրեք ձեզ սպասվող լուծը:
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2023