Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ մխրճվել դժվարությունների մեջ 24/7 ռեժիմով»

Սեպտեմբեր 30,2023 12:00

Հարցազրույց Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար ջութակահար Մաքսիմիլիան Սայմոնի հետ

– Հարգարժան Մաքսիմիլիան, մեր ջութակահարների հետ վարպետության դասեր անցկացնելու նպատակով Հայաստան եք ժամանել այս դժվար, ինչու ոչ՝ վտանգավոր ժամանակ։ Նման իրավիճակներում որքանո՞վ են պատեհ մշակութային նախաձեռնությունները։

– Սա լուրջ հարց է, որի մասին հատկապես վերջին մի քանի օրը շատ եմ մտածել, խոսել ընկերներիս հետ։ Իհարկե, կլինեն մարդիկ՝ ոչ երաժիշտներ, որոնք կմտածեն, թե կան բազում կարեւոր հարցեր ու խնդիրներ եւ հիմա դրա ժամանակը չէ։ Անխոս, այժմ Հայաստանի համար սարսափելի դժվար ժամանակներ են, բայց մարդու հոգին նույնպես սննդի կարիք ունի, հնարավոր չէ մխրճվել դժվարությունների մեջ 24/7 ռեժիմով, անհրաժեշտ է նաեւ այլ բան, որը կօգնի ապրել։ Իսկ երաժշտությունը կարող է դրան նպաստել։ Հնարավոր չէ անվերջ պատերազմական թոհուբոհի, տրամադրության մեջ լինել։ Պե՞տք է, արդյոք, արվեստը պատերազմի ժամանակ. ինձ համար պատասխանը միանշանակ է՝ այո։

Ինձ հրավիրել է Primavera Foundation of Armenia հիմնադրամը (համահիմնադիր, գործադիր տնօրեն՝ Ելենա Յակովլեւա) եւ շնորհակալ եմ, որ հնարավորություն է տվել մաս կազմելու այն մեծ կրթական ծրագրին, որն իրականացվում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում շուրջ մեկ տարի։ Հավատում եմ այն գաղափարին, որն ընկած է հիմնադրամի գործունեության հիմքում։ Գերմանիայում  աշխատանքային գրաֆիկս ծանրաբեռնված է, բայց ես գերադասել եմ լինել այստեղ, օգտակար լինել տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներին։ Դասավանդելիս ես նույնպես սովորում եմ՝ ուսանողներից։ Հուսով եմ՝ նրանք էլ ինչ-որ բան սովորում են ինձնից (ժպտում է- Ս. Դ.)…

– Ձեր առաջին այցն է Հայաստան…

– Այո։ Ես մշտապես կողմնակից եմ եղել, որ նման նախաձեռնություններ իրականացնելիս ճիշտ է, որ ինքդ լինես այդ երկրում, գործունեություն ծավալես եւ ընդհանրապես պատկերացում կազմես մի երկրի մասին, որտեղ երբեք չես եղել։ Գիտեք՝ հնարավոր էր պարապմունքներն անցկացնել օնլայն ռեժիմով։ Միգուցե հիմա դա անելն ավելի դժվար է, քան խաղաղ ժամանակ, բայց որպես դրսի մարդ, ես շատ տպավորիչ եւ հագեցած օրեր եմ անցկացնում Հայաստանում, պարապմունքներին զուգահեռ շփվում մարդկանց հետ, փորձում հասկանալ, թե այս օրհասական վիճակում ինչ են նրանք զգում ու մտածում… Բնական է, ես չեմ կարող տիրապետել ձեր երկրում ստեղծված իրավիճակի բոլոր մանրամասներին, բայց թույլ տվեք առանց մանրամասնելու ասել, որ ինձ համար այստեղ լինելը շատ կարեւոր էր։

– Վարպետության դասեր եք անցկացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում, այժմ դրանք շարունակում եք Երեւանում։ Ի՞նչ տպավորություններ ունեք հայ երիտասարդ ջութակահարներից եւ կարո՞ղ եք բարձրաձայնել նրանց տրված խորհուրդներից մեկ-երկուսը։

– Առաջին հերթին կնշեմ ձեր ուսանող երաժիշտների խանդավառությունն ու ջանասիրությունը։ Նրանք շատ մոտիվացված են եւ որ շատ կարեւոր է՝ կիրք ունեն իրենց գործիքի հանդեպ ու, բնականաբար՝ դեպի երաժշտությունը։ Իմ խորհուրդն է՝ որքան հնարավոր է շատ երաժշտություն լսել, նույնանուն երաժշտությունը տարբեր երաժիշտների մեկնաբանմամբ։ Այսօր դրա հնարավորությունը կա։ Եթե հնարավորություն չունես ճամփորդել, լսել քո նախընտրած արտիստի, նվագախմբի կենդանի կատարումը, կա ինտերնետ։ Օրինակ՝ ես երիտասարդ ժամանակ շատ էի լսում լավագույն երաժիշտների կատարումները, ինչն օգնում էր տեղեկացված լինել երաժշտական աշխարհում եղած բարձր չափանիշներին, որոնց պետք է ձգտես, պետք է վարժեցնես ականջդ այդ հնչողությանը, ինչը ես մշտապես կարեւորում ու ընդգծում եմ ուսանողների հետ պարապելիս։ Երաժիշտը միշտ պետք է համապատասխանի ընդունված բարձր նշաձողին կամ ինչու ոչ՝ լինել ավելի լավը, այլ տարբերակ չկա։

– Հայաստանում, բացի Գյումրիից ու Երեւանից, որտե՞ղ եք եղել եւ ինչո՞վ եք հատկապես տպավորվել։

– Հնարավորինս ծանոթացել եմ ձեր բազմադարյա մշակույթին, ճարտարապետությանն ու անչափ տպավորված եմ գեղեցիկ բնաշխարհով։ Եղել եմ Արագածի լանջին, Քարի լճում, Ամբերդում, Նորավանքում, Արենիի քարանձավում, Սուրբ Աստվածածին եկեղեցում, Հովհաննավանքում… Հաճելի էր գտնվել գյուղերում, հետեւել գյուղատնտեսական աշխատանքներին… Գեղեցիկ է Գյումրին։ Հիմա Երեւանում եմ եւ ուզում եմ շատ բան տեսնել, ծանոթանալ։

– Ունե՞ք, արդյոք, պլաններ շարունակելու համագործակցությունը Primavera Foundation of Armenia հիմնադրամի հետ։

– Վստահաբար՝ այո։ Մեր համագործակցությունը կշարունակվի։ Դեռ այստեղ եմ, բայց մտածում եմ հետագա այցերիս մասին. կուզեի տեսնել, թե այսօրվա իմ ուսանողները ինչ առաջադիմություն, հաջողություններ են գրանցել։ Ասեմ, որ մեծ բավականություն եմ ստանում դասավանդելուց եւ առիթի դեպքում մեջբերում եմ հրեա ջութակահար, դիրիժոր, մանկավարժ, 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ջութակահարներից մեկի՝ Իցհակ Պերլմանի միտքը, որի հետ համամիտ եմ՝ «Դու՝ որպես ուսուցիչ, ավելի շատ ես սովորում ուսանողներից, քան նրանք՝ քեզնից»։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Մաքսիմիլիան Սայմոնը՝ Քարի լճում, Արագած լեռան լանջին

«Առավոտ» օրաթերթ
29.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930