«Այժմ հասել է այն պահը, որ պետք է կտրուկ քայլեր կատարել. դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, խզել Ռուսաստանի հետ կնքած բոլոր պայմանագրերը, դուրս շպրտել ռուսական զորքերը Հայաստանից եւ կնքել գործընկերային պայմանագրեր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, նրանք պարզել են իրենց ձեռքերը, պետք է ամուր բռնել, նրանց միջոցով ապահովելու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը եւ արագացված կերպով, նրանց օգնությամբ վերակառուցել եւ վերազինել բանակը, անցնել համաժողովրդական բանակի գաղափարին, պետական համակարգից մաքրել օտարերկրյա գործակալներին, արմատախիլ անել 5-րդ շարասյունը եւ կոռուպցիան»,- «Առավոտի» զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:
-Պարոն Գաբրիելյան, ինչո՞ւ հայ ժողովուրդը չկարողացավ Արցախը պահպանել:
– Որովհետեւ, ամենակարեւորը, սխալ ռազմավարական բարեկամ էր ընտրել: Ռուսաստանը, որը կարողացել էր Հայաստանը պահել իր ուղեծրում՝ բառիս բուն իմաստով, Հայաստանում ստեղծելով լայն գործակալական ցանց` կառավարման բոլոր օղակներում, այդ թվում նախարարներ, որոնց միջոցով կառավարում էր եւ կառավարում է Հայաստանն առ այսօր՝ միայն իր շահերի համար, որպես իր շահերի սպասարկող: Այսինքն, Հայաստանը փաստացի դեռեւս մնացել է Ռուսաստանի արբանյակն ամենաբացասական իմաստով: Հայաստանը չէր կարողանում եւ դեռեւս չի կարողանում իր շահերը պաշտպանելու նույնիսկ մի չնչին քայլ կատարել: Եվ երկրորդ, ինչպիսի անաստված կյանքով է ապրում մեր ժողովրդի մեծ մասը, բոլորիս է հայտնի:
Մեր դժբախտությունները սկսվել են դեռեւս 1991 թվականից, երբ մայր հայրենիքին միացված Արցախը հայտարարվեց անկախ պետություն, այն ժամանակվա իշխանավորների կողմից: Այժմ, երբ այսօրվա հեռավորությունից դիտարկում ես այդ երեւույթը, հանգում ես այն եզրակացության, որ այդ թակարդը թելադրված էր Ռուսաստանի կողմից. նշանակելով իր գործակալներին իշխանության գլխին, թելադրել եւ իրականացրել է իր շահերից բխող պահանջ, դրել էր այնպիսի թակարդ, որից դուրս գալ չհաջողվեց:
Կարդացեք նաև
Առաջին պատերազմում՝ 1991-1994թթ. Աստված մեզ հաղթանակ պարգեւեց՝ Արցախը վերադարձրեց մեզ, իսկ մենք չփորձեցինք այն գնահատել եւ արագ յուրացնել, մայր հայրենիքի անքակտելի մասը դարձնել, այնպես, ինչպես մեր մյուս մարզերը: Փաստացի վերամիավորված Արցախը իրավաբանորեն չկարողացանք ճանաչել տալ Հայաստանի մաս, որի միակ պատճառը մենք էինք, ավելի ճիշտ՝ Հայաստանը եւ Արցախը կառավարող տգետները, որոնք Արցախը օգտագործում էին Հայաստանի բյուջեն կողոպտելու, սեփական գրպանները լցնելու համար:
Փոխանակ հաղթանակը զարգացնեինք եւ դարձնեինք հաստատուն, 1994 թվականին ռուսների թելադրմամբ հրադադարի համաձայնագիր կնքեցինք եւ, ըստ էության, ազատագրված Արցախը հանձնելու հիմքը դրեցինք՝ չգիտակցելով, որ պատմությունը դաժան է վարվում նրանց հետ, ովքեր ճիշտ չեն կողմնորոշվում եւ տեր չեն կանգնում իրենց հաջողությանը՝ Աստծո աջակցությունը չեն գնահատում: Այնպես որ, ստացանք այն, ինչ որ ցանել էինք շուրջ երեսուն տարի:
– Արցախի նախագահը հրամանագիր ստորագրեց՝ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին: Ձեր գնահատմամբ, փաստորեն, Արցախը կրկին կորցրեցինք ու դա ոչ ճիշտ կողմնորոշման արդյունք էր, ոչ թե դավաճանության, ինչպես շատերն են կարծում:
– Ոչ ճիշտ կողսմնորոշման եւ պատմական տվյալ ժամանակաշրջանը ոչ ճիշտ գնահատելու պատճառով ժամանակավորապես կրկին կորցրինք Արցախը: Արցախը կրկին բռնազավթվեց ռուս-թուրքական բիրտ ուժի կողմից: Այս անգամ բռնազավթումը շատ կարճ կտեւի, եթե իշխանությունն անցնի ազգայնական ուժերին: Ժողովուրդը պետք է սթափվի:
Հայաստանը պետք է նոր անվտանգային համակարգ կերտեր, որ չի կատարվել առ այսօր: 2020 թվականի նոյեմբերի պարտությունից հետո շարունակել մնալ անվտանգային նույն համակարգի մեջ, առնվազն տկարամտություն էր, եթե ոչ թշնամություն սեփական պետության եւ ազգի դեմ: Բազմաթիվ փորձագետներ հիմնավորում եւ առաջարկում էին, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, վերանայի բոլոր պայմանագրերը Ռուսաստանի հետ: Սակայն իշխանությունը ականջալուր չէր լինում եւ չի լինում առ այսօր: Այժմ հասել է այն պահը, որ պետք է կտրուկ քայլեր կատարել. դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, խզել Ռուսաստանի հետ կնքած բոլոր պայմանագրերը, դուրս շպրտել ռուսական զորքերը Հայաստանից եւ կնքել գործընկերային պայմանագրեր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, նրանք պարզել են իրենց ձեռքերը, պետք է ամուր բռնել, նրանց միջոցով ապահովելու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը եւ արագացված կերպով, նրանց օգնությամբ վերակառուցել եւ վերազինել բանակը, անցնել համաժողովրդական բանակի գաղափարին, պետական համակարգից մաքրել օտարերկրյա գործակալներին, արմատախիլ անել 5-րդ շարասյունը եւ կոռուպցիան:
– Մեր շուրջ 150 հազար հայրենակիցներ այսօր գաղթի ճանապարհն են բռնել. ինչպե՞ս վարվել նրանց հետ, մանավանդ, այժմ Հայաստանում շատ մեծ բացասական էներգիա կա կուտակված, անհանդուրժողականություն, ատելություն՝ միմյանց նկատմամբ, ապրումակցումը ձգտում է զրոյի:
– Մեր հայրենակիցներին՝ Արցախից բռնի տեղահանվածներին, պետք է ամենայն գուրգուրանքով եւ հոգատարությամբ ընդունել, տեղավորել եւ հնարավորության դեպքում ապահովել աշխատանքով: Կառավարությունը պետք է առաջին հերթին ուսուցիչներին, բժիշկներին եւ Արցախում պետական ծառայության մեջ եղածներին տեղավորի համապատասխան հաստատություններում՝ ապահովի աշխատանքով, պահպանելով նրանց աշխատավարձը: Օրինակ, ուսուցիչներին հատկացնել դասաժամեր, անկախ դասաժամերի քանակից, նրանց վարձատրել ամբողջ դրույքաչափով, կրճատելով տվյալ դպրոցի ուսուցիչների ժամերը, առանց պակասեցնելու նրանց աշխատավարձը: Այսպիսի մոտեցում ցուցաբերել նաեւ մյուս բնագավառներում: Մինչեւ Արցախի հարցի կարգավորումը եւ նրանց վերադարձը Արցախ:
Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ որոշ «ճարպիկներ», օգտվելով մարդկանց դժբախտությունից եւ պետության առջեւ ծառացած դժվարագույն խնդիրներից, չկարողանան գողություն կատարել՝ «հոր» գները դնելով բնակարանների, տների եւ այլ ապրանքների վրա:
Ես համոզված եմ, որքան էլ ռուս-թուրքական երկվորյակը փորձի խոչընդոտել, միջազգային դերակատարները, որպեսզի մեղսակից չլինեն այս ցեղասպանությանը, Արցախի համար գտնելու են լուծում: Առաջիկայում Արցախում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր, որոնց առկայությունն ապահովելու է Արցախի անվտանգությունն ու արցախահայերի վերադարձը իրենց բնակավայրեր: Արցախը ստանալու է հատուկ կարգավիճակ միջազգային ուժերի վերահսկողությամբ: Բերձորի միջանցքով անխոչընդոտ երթեւեկությունն ու կապը մայր հայրենիքի հետ ապահովելու են միջազգային ուժերը, մինչեւ միջազգային դատարանում՝ իրավական ուժ ունեցող համապատասխան փաստաթղթերի հիման վրա, որոնք ցույց են տալիս Արցախի՝ Հայաստանի տիտղոսի մաս լինելը, խնդրի արդարացի եւ վերջնական լուծումը:
Որքան էլ մեր իշխանությունը ձգձգեց Իլհամի դեմ, որպես պատերազմի հանցագործ, հայց ներկայացնելը միջազգային դատարան, միեւնույն է, դա մի օր կատարվելու է: Ադրբեջանը պատժվելու է, Իլհամը դեռեւս չի պատկերացնում, թե ցեղասպանություն իրականացնելու համար ինքը ինչպիսի պատժի է արժանանալու Պուտինի հետ միասին: Պուտինը ոչ միայն Ուկրաինայում կատարած ցեղասպանության՝ պատերազմական հանցագործությունների համար է պատասխան տալու, այլեւ Հաագայի դատարանում նստելու է նույն նստարանին Իլհամի հետ միասին եւ միմյանց դեմ ցուցմունք են տալու Արցախում իրականացրած ցեղասպանության համար: Այդ աթոռին նստելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որպես արցախահայության ցեղասպանության իրականացման մասնակից:
– Հայաստանը Արցախը պաշտպանելու համար պատերազմի մեջ չմտավ. ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս պահվածքը:
– Կառավարության բազում սխալների պատճառով, ըստ էության, Հայաստանը, 44-օրյա պատերազմից հետո, չկարողացավ պատրաստվել հերթական ակտիվ մարտական գործողություններին՝ դիմակայելու եւ կանխելու այս ցեղասպանությունը: Ինչո՞ւ պատրաստ չէր: Պատրաստ չէր մեր իշխանության հակապետական մտածելակերպի պատճառով: Կարծում եմ, այդ հարցը առանձին դատական քննության նյութ է դառնալու եւ ներկա իշխանությունը պատասխան է տալու հուսալքություն եւ հուսահատություն քարոզելու, կեղծ խաղաղության անվան տակ ժողովրդին թմրեցնելու, հայ ժողովրդի ինքնապաշտպանության ունակությունը բթացնելու եւ կատարված ցեղասպանության համար: Կատարվածը պետք է ազդակ լինի, որ իշխանության մարմիններում, եթե կան ազգային մտածելակերպ ունեցող մարդիկ, սթափվեն եւ կտրուկ քայլեր կատարեն, արագացնեն ազգային շահերից բխող գործընթացները, ի զորու լինեն լսել փորձագիտական հանրությանը, նրանց եզրահանգումները հաշվի առնեն եւ այլեւս չհապաղեն անվտանգային խնդիրները լուծելու գործում:
Չնայած, կարծում եմ, լավագույն տարբերակը նոր կառավարություն կազմելն է, որի անդամներն ազգային շահերով առաջնորդվող, ազգայնական մտածելակերպ ունեցող, բանիմաց մարդիկ կընտրվեն, որոնք այլեւս Մոսկվայից կախված չեն լինի եւ կգործեն միայն Հայաստանի շահերից ելնելով:
– Վերջին շրջանում՝ ստեղծված իրավիճակներով պայմանավորված, աշխարհաքաղաքական կենտրոններից տարբեր այցելություններ են լինում Հայաստան, բայց մեկ այցելություն շատ հետաքրքրական էր: Խոսքը Ռուսաստանի ներքին գործերի նախարարի այցի մասին է: Ստեղծված իրավիճակում ինչո՞վ կբացատրեք այդ այցը:
– Կարծում եմ՝ եկել էր ահաբեկելու, որ եթե Հայաստանը շարունակի իր շահերը պաշտպանել, ապա Ռուսաստանը կարտաքսի ռուսահայերին, եւ մենք կունենանք միլիոնավոր ներգաղթյալներ եւ ի վիճակի չեք լինի լուծել նրանց խնդիրները՝ բնակարանային, կենցաղային, աշխատանքով ապահովելու եւ այլն: Եթե ես լինեի վարչապետի տեղը, կպատասխանեի, որ ուրախ կլինեմ այդպիսի քայլի համար: Ռուսաստանաբնակ հայերը, անկախ իրենց քաղաքացիությունից, պետք է արագ վերադառնան Հայաստան, հետեւեն այն մի քանի տասնյակ հազարին, որոնք արդեն վերադարձել են, քանի որ Ռուսաստանում սկսվելու են խժդժություններ եւ պատելու է քաոսը:
Շարունակելի
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2023