«Ամերիկայի ձայն». ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը հանդես է եկել հաղորդագրությամբ կապված Լեռնային Ղարաբաղից տեղահանվող հայ ազգաբնակչության հետ, որում ամփոփել է գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանի խոսքերը այսօր Ժնեևում կայացած մամլո ասուլիսից:
Ըստ հաղորդագրության՝ «ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) խորապես մտահոգված է Հայաստանում արագ զարգացող հումանիտար արտակարգ իրավիճակով, երբ մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 88,700 փախստական է ժամանել [Հայաստան]: Փախստականների հիմնական մասը ժամանում է Հայաստանի հարավային Սյունիք մարզ։
Կառավարությունը ստանձնել է UNHCR-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների և ՀԿ-ների աջակցությամբ օժանդակություն և օգնություն տրամադրելու պատասխանատվությունը:
UNHCR-ն առաջնորդում է փախստականների հարցերով միջգերատեսչական աշխատանքը՝ համագործակցելով ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի հետ: Վերջնական փուլում է միջգերատեսչական արձագանքման ծրագրի մշակումը, որին կհաջորդի համատեղ ֆինանսական դիմումի ընթացակարգը: Կարևոր է, որ հաշվի առնվեն կարճաժամկետային, ինչպես նաև միջնաժամկետային և երկարաժամկետային կարիքները:
Կարդացեք նաև
UNHCR-ի թիմերը տեղում և սահմանին են գտնվել առաջին իսկ օրվանից, երբ փախստականների առաջին խմբերը սկսեցին ժամանեցին ուժասպառ, վախեցած և ապագայից անհանգստացած վիճակում: Նրանք վերջին ինը ամիսներին ապրում էին շրջափակման մեջ։ Նրանք չգիտեն, թե ինչ է լինելու իրենց անշարժ գույքի հետ, որոնցից փախել են, և արդյոք նրանք կվերադառնան։
Նրանք անհանգստացած են, թե ինչ է սպասում իրենց այժմ և անհանգստանում են, թե արդյոք իրենց երեխաները կկարողանան կրթություն ստանալ: Շատերը ժամանել են շատ քիչ իրերով և անհապաղ շտապ օգնության կարիք ունեն, ներառյալ վերմակների, անկողնային պարագաների, բժշկական և հոգեսոցիալական աջակցության և ապաստարանի:
Փախստականներին կառավարությունը գրանցում է սահմանամերձ հաշվառման կենտրոններում, մինչդեռ այլ շրջաններում կան մոտ տասը հավելյալ մարդասիրական կենտրոններ: Բացի գրանցումից, այս կենտրոններն առաջարկում են անհապաղ հոգեսոցիալական աջակցություն, սնունդ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ և տեղեկատվություն կացարանի և այլ օգնության մասին:
Իշխանությունները ժամանակավոր կացարաններ են տրամադրում նոր ժամանածներին, ովքեր Հայաստանում հարազատներ չունեն, այդ թվում՝ հյուրանոցներում, սոցիալական կենտրոններում և դպրոցներում։ Այնուամենայնիվ, կարճ ժամանակում ժամանողների նման ահռելի քանակի դեպքում շտապ օգնության լրացուցիչ կենտրոններ են անհրաժեշտ։
UNHCR-ն աջակցում է կառավարությանը տեխնիկական սարքավորումներով, ներառյալ նոութբուքերն ու պլանշետները, գրանցումը հեշտացնելու համար և տրամադրել է հիմնական օգնության պարագաներ, ինչպիսիք են ծալովի մահճակալներն ու ներքնակները փախստականների համար, սակայն ավելի շատ մարդիկ, ովքեր դեռ ճանապարհին են ու կժամանեն այս շաբաթավերջին, օգնության կարիք ունեն: UNHCR-ն նաև մեծացնում է իր ներկայությունը տեղում:
Մինչ կառավարությունը հետևողական և գովելի ջանքեր է գործադրում միջազգային հանրության աջակցությամբ արագ աճող կարիքները բավարարելու համար, անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական աջակցություն: UNHCR-ն հրատապ կոչ է անում միջազգային դոնոր հանրությանը համերաշխության և պատասխանատվության հիման վրա՝ Հայաստանին հնարավորություն տալու արձագանքելու այս զարգացող մարդասիրական արտակարգ իրավիճակին»,- ասված է UNHCR-ի հաղորդագրության մեջ: