Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամենասարսափելին, կարծում եմ, դեռ առջեւում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին ձերբակալել եւ հանձնել Ադրբեջանի իշխանություններին». Տիրան Խաչատրյան

Սեպտեմբեր 29,2023 19:30

«Բոլոր պետական, ռազմական գործիչները, ովքեր ինչ-որ բարձր պաշտոններ են զբաղեցրել, բոլորն էլ կարող են լինել այդ ցուցակներում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ենթադրյալ սեւ ցուցակներում էլ ովքե՞ր կարող են լինել:

Թե ի՞նչ է սպառնում այդ մարդկանց՝ նկատի ունենալով ՀՀ իշխանության դիրքորոշումը, հարցին էլ գեներալը պատասխանեց. «Ամենասարսափելին, կարծում եմ, դեռ առջեւում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին ձերբակալել եւ հանձնել Ադրբեջանի իշխանություններին»:

Տիրան Խաչատրյանը գրեթե համոզված է, որ այս ամենը Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունները համագործակցված են իրականացնում:

Հարցին՝ կարող ե՞նք ենթադրել, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված անունները կլինեն այդ ցանկում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ասացի՝ համագործակցված աշխատանք է եւ չեմ բացառում, որ այդ համագործակցության մեջ ձեր կողմից նշված անձինք էլ կան»:

Հիշեցնենք, Սամվել Բաբայանն Արցախը հանձնելու մեջ մեղադրեց ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին:

Սամվել Բաբայանի հարցազրույցը մեկնաբանել-գնահատելու խնդրանքին էլ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ մարդը ինձ վաղուց ՝ թե որպես մարդ, թե որպես գործիչ, չի հետաքրքրում, ընդհանրապես, եւ իր հետ կապված տպավորություններ, հստակ պատկերացում կա ինձ մոտ. իր մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել»: Դիտարկմանն էլ, որ նա այսօր, փաստորեն գործոն է եւ, այսպես կոչված, «հարց լուծողների» ցանկում է, նա արձագանքեց. «Այսօր ինքն ինչ-որ մեկի անպետք գործիքն է, ոչ թե գործոն է: Գրեթե իմաստ, նշանակություն, դեր չունեցող, բայց գործիքների շարքում դասված»:

Այսօր առավոտից տեղեկություններ էին տարածվում, որ ադրբեջանական ուժայինները Բերձորի միջանցքում ձերբակալել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Այդ մասին հայտնել էին Հակարիի անցակետում այդ պահին եղող արցախցիները, որոնք նույնպես հատում էին անցակետը՝ դեպի Հայաստան: Տեւական ժամանակ այս տեղեկությունը չէր հաստատվում: Ավելի ուշ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկություն տարածեց Ադրբեջանի կողմից գեներալ Լեւոն Մնացականյանի ձերբակալության մասին:

Օրվա ընթացքում պաշտոնապես հաստատվեցին նաեւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալման, ապա կալանավորման մասին լուրերը: Դավիթ Մանուկյանը կալանավորվել է չորս ամսով: Նա մեղադրվում է Արցախում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ: Դավիթ Մանուկյանը դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է. Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է, որ եղբայրը 2021-ից դադարեցրել էր զինվորական ծառայությունը եւ թոշակի անցել:

Ըստ Radar Armenia տելեգրամյան ալիքի տեղեկությունների` Դավիթ Մանուկյանին եւ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են միաժամանակ: Ռուբեն Վարդանյանն Արցախից Հայաստան էր տեղափոխվում Դավիթ Մանուկյանի հետ միասին, վերջինիս ավտոմեքենայով։ Ռուբեն Վարդանյանին, հիշեցնենք, եւս կալանավորվել է 4 ամսով, նրան սպառնում է 14 տարի ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ կատարած լինելու և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու» մեջ։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ «Ազատության» հետ զրույցում փոխանցել է, որ Արցախի նախկին նախագահներից ոչ ոք դեռ ձերբակալված չէ: «Ադրբեջանցիները կարող են ամեն պահի մտնել և նրանց ձերբակալել, բայց նաև պետք է գտնեն։ Միգուցե նրանք տարբեր տեղերից թաքնված են, միգուցե Ստեփանակերտում չեն թաքնված»,- ասել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ ԼՂ բոլոր հայտնի գործիչները՝ ռազմական թե քաղաքական, վտանգի տակ են: Իր գտնվելու վայրը ինքն այդ պատճառով չի բացահայտում։

Երեկ նաեւ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էր հայտարարություն տարածել, որ Ադրբեջանը պահանջել է իր ժամանումը Բաքու, ինքը որոշել է գնալ Շուշի: Այդ հայտարարությունից հետո Դավիթ Բաբայանի մասին որեւէ տեղեկություն չկա: Նրա մտերիմ ընկերները տարակուսում են, քանի որ Դավիթ Բաբայանին «հանձնվող» տեսակ չեն համարում: Նաեւ, եթե Դավիթ Բաբայանը լիներ Ադրբեջանի իշխանության վերահսկողության տակ, ապա ադրբեջանական լրատվամիջոցներում այդ տեղեկությունը լայնորեն կտարածվեր, ինչպես մյուս դեպքերում է:

Aravot.am-ի այս դիտարկումներին արձագանքելով, Տիրան Խաչատրյանն ասաց, որ Դավիթ Բաբայանի մասին հավելյալ տեղեկությունների չեմ տիրապետում, գիտի այն, ինչ գիտեն մեծամասնությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930