Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը հո չէ՞ր ասելու՝ ես այլ ճանապարհով եմ եկել, ցույց տար էդ ճանապարհները, բա մեկը չհարցրե՞ց ո՞նց էր գնացել Ղարաբաղ, է՞դ ճանապարհով». Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 29,2023 17:40

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն ապահով հատել էր Արցախի սահմանը, Հանրայինի եթերում հայտարարեց, որ ադրբեջանցի ոստիկաններն իրեն չեն ճանաչել, անձնագիր էլ չեն ստուգում, ինքը հանգիստ, «սպարտիվկայով», ժպիտով, ձեռքով բարեւել է ադրբեջանցիներին ու հասել Հայաստան:

Այսօր Aravot.am-ը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց՝ Սամվել Բաբայանը արդյոք դրանով չականապատե՞ց այն ճանապարհը, որով պիտի անցնեին իր ընկերները: Նա պատասխանեց. «Սամվել Բաբայանը հո չէ՞ր ասելու՝ ես այլ ճանապարհով եմ եկել, ցույց տար էդ ճանապարհները: Բա Սամվել Բաբայանին մեկը չհարցրե՞ց ո՞նց էր գնացել Ղարաբաղ, է՞դ ճանապարհով: Էդ արդեն Սամվել Բաբայանի խնդիրն է: Ինքը, մի մոռացեք, պաշտպանության բանակի այն հրամանատարն է եղել, որ բոլոր քարերի, թփերի տեղը գիտի: Ես կուզեի, որ Ղարաբաղի բոլոր իշխանավորները էդ թփերի տեղը իմանային: Ընդ որում, Բակո Սահակյանը եղել է Սամվել Բաբայանի թիկունքի գծով տեղակալը: Բա թիկունքի գծով տեղակալը չիմանա՞՝ էս ծառից հետո մյուս ծառը հնարավորություն տալի՞ս է դուրս գալու, թե՞ չէ»:

Հարցին՝ հիմա Ռուբեն Վարդանյանի մեղքը այն է, որ ինքը ամեն քար ու թփի տեղը չի իմացել ու ուղիղ ճանապարհո՞վ է եկել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե: Բա պիտի իմանար, բա գնացել էր ի՞նչ էր անում, ասում էր՝ կարմիր գծեր ունեմ»:

Հարցրեցինք հիմա դուք պնդում եք, որ ադրբեջանցիներին մենք ցուցակ չե՞նք տվել այն զինվորականների, որոնք պիտի անցնեն ու նրանց, որոնք պիտի ձերբակալվեն՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մե՞նք, կարող է գործակալները: Ադրբեջանցիները այսքան տարի սաղ հետեւում էին՝ ով, ում հետ…Ինչի բա չե՞ք հարցնում՝ նույն ձեւ Քյոխը էդ կամուրջն անցել է»: Ասացինք՝ հարցեր իսկապես առաջանում են՝ ո՞նց եղավ, որ Դավիթ Բաբայանն ու Քյոխն անցան, իսկ Ռուբեն Վարդանյանին բռնեցին, Դավիթ Բաբայանն  էլ իրեն գնաց հանձնվեց՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում Դավիթը խի՞ գնաց: Ես չեմ հասկանում, որ Սամվել Բաբայանը ասել է մի բան, դուք դա դարձրել եք մատի փաթաթան: Բայց վստա՞հ եք, որ Սամվել Բաբայանը այդտեղով է անցել, ո՞վ կարա ասի: Դուք գիտե՞ք Սամվել Բաբայանը ոնց է մտել, ո՞նց գնաց: Բա նույն ճամփով թող էնտեղ գնային Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, խի՞ չեն գնում»:

Հարցին՝ այսինքն, Բաբայանը Հանրայինի եթերում խաբո՞ւմ էր, որ ասում էր՝ ժպիտով բարեւել եմ ադրբեջանցիներին ու անցել՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Սամվել Բաբայանը խաբել է, թե չէ, ես գիտեմ, որ նա կարողացել է հասնի Հայաստան, ես կուզեմ, որ բոլորը հասնեն Հայաստան, ես կուզեմ պաշտպանության բանակի բոլոր մեր զինվորները, հրամանատարները մատներին փուշ չմտնի, գան, որովհետեւ դա այն զինվորականությունն է, որը ամուր պետք է պահի ՀՀ սահմանները մեր հետ միասին, որպեսզի հեռանկարից չզրկվենք»:

Զարմանքին, որ լավ, Սամվել Բաբայանը ապահով եկել էր, բա ինչի՞ էր Հանրայինի եթերում նման հայտարարություններ անում, որը նշանակում էր՝ հանգիստ եկեք, ոչ ստուգում են, ոչ էլ՝ նա պատասխանեց. «Բայց ինչքան մարդիկ եկել են, զինվորականներ էլ են եկել, տեղյա՞կ եք: 86 հազար մարդ է անցել, դրանց մեջ նաեւ կան լիքը զինվորականներ»:

Անդրանիկ Քոչարյանը քննադատեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, որ դարձավ նախագահ, Ադրբեջանը հարձակվեց:

Ասացինք՝ ձեր մոտ հարց չի՞ առաջանում՝ ինչո՞ւ ադրբեջանցիները չընդունեցին Շահրամանյանին, նշանակում է՝ չի սպասարկում իրենց շահը՝ Քոչարյանը պատասխանեց. «Ո՛չ: Նրանք ասում էին՝ մինչեւ 2025 թվականը ինչ կա՝ կա: Պիտի չթողնեին Արայիկ Հարությունյանի մտքով անգամ անցներ: Հլը Արայիկ Հարությունյանին պիտի հարցնենք, դու էս ո՞նց, ի՞նչ եղավ էդ Աղդամի ճամփի վրա, լավ: Դավիթ Իշխանյանի՞ն ինչի դարձրեցին ԱԺ նախագահ՝ 3 ձայնանոց դաշնակցության ներկայացուցչին, էդ ի՞նչ կինո էր: ՀՅԴ-ն էդ պատասխանատվությունը կիսո՞ւմ է, որովհետեւ Շահրամանյանը մենակ ինքը չի, դա արդեն ԱԺ, նախագահ… Էդ 22-ն էլ են պատասխան տալու, բոլորը՝ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930