Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության լուծարմանը, կարծիք հայտնեց՝ սրանով Ադրբեջանը, որը մշտապես չի ընդունել Արցախի Հանրապետության գոյությունը, այժմ պաշտոնապես՝ դե յուրե հաստատում է, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի։
«Երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի՝ դադարելու է Արցախի Հանրապետության գոյությունը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս հրամանները պատահական չեն հրապարակվում․ Արցախը փաստացի ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները և՛ Եվլախում, և՛ Իվանյանում տեղի ունեցած բանակցություններից հետո։
Ինչ որ տեղի է ունենում Արցախում, տեղի է ունենում Ադրբեջանի անմիջական վերահսկողության և գլխավորության ներքո։
Եվ ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանը ևս պաշտոնական Բաքվի հրահանգն է Ստեփանակերտին։
Կարդացեք նաև
Այստեղ խնդիրը հետևյալն է՝ եթե ադրբեջանական կողմի համար մինչև հիմա Արցախ չի եղել, Արցախի Հանրապետություն չի եղել, ի՞նչն էր պատճառը, որ Արցախի Հանրապետությունը Սամվել Շահրամանյանի հրամանագրով 2024 թվականի հունվարի 1-ից հայտարարվում է լիկվիդացված։
Այսինքն ստացվում է , որ փաստացի Արցախի Հանրապետությունը նույն Ադրբեջանի համար շատ լավ էլ գոյություն ունի։ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի համար միշտ էլ եղել է գլխացավանք, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Բաքուն միշտ փորձել է ներկայացնել , որ Արցախը դա հայերի, Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, բայց Սամվել Շահրամանյանի այս տարօրինակ հրամանագիրը ցույց է տալիս, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի համար ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե է գոյություն ունեցել։
Եթե գոյություն չունենար, հիմա Սամվել Շահրամանյանն այս հրամանը չէր արձակի և դե յուրե չէր ապացուցի, որ Արցախը եղել է։
Էլի եմ կրկնում՝ չեմ հավատում, որ Սամվել Շահրամանյանը հիմա կարող է առանց Բաքվի հրահանգների հրամաններ արձակել։ Եվ համոզված եմ, որ սա Բաքվի վախի և սարսափի հետևանքն է։
Ի դեպ պիտի նշեմ, որ նախորդ իշխանությունները՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից երբևիցե չեն օգտագործել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հրապարակվել են Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից և որտեղ պաշտոնական՝, նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Գերագույն խորհրդի աշխատակազմի բլանկների վրա Հեյդար Ալիևը ստորագրում էր որոշումներ, համաձայն որոնց՝ Ադրբեջանի ինչ-ինչ պաշտոնյաներ հանդիպելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնյաների հետ։
Սա չակերտների մեջ, հենց էդպես էլ գրում էր՝ НКР, Нагорный Карабах (Տես փաստաթղթերում)։
Փաստացի Ադրբեջանն Արցախի գոյությունը ոչ միայն դե ֆակտո, այլ դե յուրե ընդունել է դեռ 1993 թվականին։
Ցավով պետք է արձանագրեմ, որ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այս փաստաթղթերը չէին տարածում, և մեր հայ դիվանագետները շատ քիչ էին ուշադրություն դարձնում այս ամենին։
Ընթերցել եմ, որ իրավական առումով ևս որոշ գիտնականներ, այդ թվում Գևորգ Դանիելյանը գրառում է արել, որ չէր կարող Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության լիկվիդացիայի մասին որոշում ընդուներ։
Ինձ հետաքրքիր էր այս հրամանի ընդունումը, որը նշանակում է՝ նույն պաշտոնական Բաքվի համար Արցախը միշտ էլ եղել է, եղել է գլխացավանք, և Նիկոլ Փաշինյանի միջոցով հասնելով մեծ հաջողությունների՝ ցանկանում են հենց հայերի ձեռամբ ոչնչացնել այն, ինչ մենք ձեռք բերել են 32 տարի առաջ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ