Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ եկանք, հասանք բլոկադայի, Ադրբեջանն ուժ կիրառեց, երբ փաստորեն ստորագրվեց կապիտուլյացիա, այդ պահին չեմ կարծում, որ որևէ այլընտրանք կար, որը կլիներ ավելի լավը»․ Արթուր Մարտիրոսյան

Սեպտեմբեր 29,2023 17:20

«Երբ եկանք, հասանք այս պահին, երբ բլոկադա տեղի ունեցավ, իրենք ուժ կիրառեցին, երբ փաստորեն ստորագրվեց կապիտուլյացիա, այդ պահին ես չեմ կարծում, որ որևէ այլընտրանք կար, որը կլիներ ավելի լավը, քան համաձայնել այդ պահանջի հետ, որը Եվլախում ներկայացվել էր Արցախի ներկայացուցիչներին»,- «Մեդիա կենտրոնում» «Արցախի Հանրապետությունը դադարո՞ւմ է գոյություն ունենալ» թեմայով հարցազրույցի ժամանակ կարծիք հայտնեց բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

Հարցին՝ իսկ 2020-ի պատերազմից հետո մինչևշրջափակումը, կա՞ր այլընտրանքային հնարավորություն, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Մինչև այդ կար հնարավորություն։ Պետք էր բանակցել, դեռ հնարավոր էր ինչ-որ ձև պահել, բայց մեր իշխանությունը, չգիտես ինչու, ասում էր, որ նշաձողը շատ է իջել։ Պարզ է, որ անկախության մասին չէր խոսքը, բայց անկախության և կազմալուծելու միջև կային ավելի շատ տարբերակներ»։

Ըստ մասնագետի՝ մեղավորների թիվը կարող է մեծ լինել, կարող է՝ նեղացնենք ցուցակը, բայց մենք պիտի սկսենք մի հարցից՝ ինչո՞ւ այսպես եղավ․ «2020-ի պատերազմից հետո նոյեմբերի 2020-ին արդեն պարզ էր՝ ինչ լծակներ կան Ադրբեջանի ձեռքին։ Նույնիսկ տարօրինակ էր, որ անմիջապես չէին կիրառում դրանք։ Դրա դեմն առնելու համար պետք էր մտածված քաղաքականություն վարել, պարզ էր, որ կարող էր լինել բլոկադա․ մենք մայիսի 2022-ի այս սցենարի մասին ասացինք։ Պետք էր պատրաստվել։ Պարզ էր, որ նաև ՀՀ իշխանությունների համար Արցախի հարցը դարձավ բեռ, որից ուզում էին ազատվել»։

Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ՝ անկախությունից և կազմալուծելու այս երկու տարբերակների միջև կային ավելի շատ տարբերակներ․ «ՀՀ իշխանություններն ընտրեցին այլընտրանքային խաղը, ընդունեցին՝ մի միջնորդական գիծը ռուսականն է, մյուսը՝ Արևմուտքը։ Այդ երկու գծերն ընդունեցին․ դա ռազմավարական սխալ էր։ Այլընտրանքային խաղերը սովորաբար հաջողված կարելի է իրականացնել, երբ երկու կողմերը համագործակցում են, բայց եթե իրենք գտնվում են պատերազմական վիճակում, դու չես կարող այդ խաղը խաղալ, նկատի ունենալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի լավ կարող են սպասարկել Արևմուտքի և ՌԴ-ի շահերը։ Պարզվում է, որ դու և′ մի գծում ես պարտված, և′ մյուս»։

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ քանի որ կա անորոշություն՝ ինչով է այս ամենն ավարտվելու, պարզ է, որ լինելու է ազդեցության գոտի․ «Ինչ տեսք է ունենալու ազդեցության գոտին ուկրաինական պատերազմի ավարտից հետո, պարզ չէ»։

Դիմելով ՀՀ իշխանություններին՝ փորձագետն ասաց․ «Պարզ չէ՝ ինչո՞ւ եք դուք առաջ ընկնում։ Վրաստանը պահել է ռազմավարական դադարը, իսկ դուք պարտադիր պիտի սրեիք հարաբերությունները ռուսների հետ, և այդ սրումը կուտակային էր․ այնպես չէ, որ մեկ օրում տեղի ունեցավ։ Եկավ, հասավ այն պահին, որ ասում էր՝ մենք պետք է անցնենք մյուս ճամբար»։

Փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի ուղերձում ասաց․ «Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն Հայաստանի Հանրապետության պետական շահերի և անվտանգության տեսակետից», Արթուր Մարտիրոսյանն այսպես արձագանքեց․ «Փաշինյանը լավագույն մասնագետ է մեղքը բարդել ուրիշ կողմերի վրա։ Բայց եթե այդ համակարգը չէր աշխատում, ե՞րբ այս մասին իմացավ։ Անվտանգության համակարգերը չեն ստեղծվում մեկ ամսվա, կամ մեկ տարվա ընթացքում։ Ուկրաինայում համարյա ութ տարի աշխատում էին, որ այլընտրանքային այդ համակարգը ստեղծվի։ Ուրեմն չի աշխատում մեկ համակարգը, ինքը պատրաստ է մեկ ուրիշի անցնել։ Բայց այդ անցման ընթացքում դու այնքան թույլ ես լինելու, որ եթե մենք դնենք մեզ Ադրբեջանի ու Թուրքիայի տեղը, դա մենք կդիտենք հնարավորություն օգտվելու այդ թուլությունից։ Երբ հայտարարում են, որ ֆրանսիական լեգիոնը գալու ու տեղակայվելու է ՀՀ-ում, ամերիկացիները մեր տարածքային ամբողջականությունն են պաշտպանում, ասեմ, որ Կիպրոսի տարածքային ամբողջականությունն էլ էր պաշտպանված, Ուկրաինան ուներ երաշխիքներ, Վրաստանը՝ ՆԱՏՕ-ի անդամ, ուներ երաշխիքներ։ Հիմա կարող ենք խոսել, ասել, որ ունենք երաշխիքներ, բայց սա հերթական շատ ռիսկային խաղն է, որն ուզում է խաղալ։ Այստեղ տեսնում եմ մեծ վտանգներ, եթե ինքն այս խաղը շարունակում է»։

Իսկ թե ՌԴ-ն տնտեսական ինչ լծակներ ունի մեր վրա ազդելու՝ ըստ փորձագետի՝ դա կնկարագրեն տնտեսագետները․ «Փաստ է այն, որ երբ դու անցնում ես մի համակարգից մյուսը, դու դառնում ես խոցելի, այդ պահի այդ թուլությունից կարող են օգտվել քո թշնամիները։ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են միջանցքի մասին, ադրբեջանցիներին այստեղ վերադարձնելու մասին։ Խաղաղության մասին խոսում ես մի կողմի հետ, որը նոր ցեղասպանություն է իրականացրել։ Նա պատանդ է վերցնում հայերին․ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը ձերբակալված չեն, նրանք պատանդ են։ Եվ դա կարողանում է Ադրբեջանն անել՝ իմանալով, որ մեկ շաբաթից գնալու է բանակցության»։

Հարցին՝ ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող հանդիպումից, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Եթե մենք ելնենք նրանից, որ մի գիծը ՌԴ-ն է, մյուսը՝ Արևմուտքը, և ՌԴ-ն եթե ուզում է, որ այդ պայմանագիրը ստորագրվի իրենց միջնորդությամբ, ուրեմն իրենք բոլոր լծակներն օգտագործելու են, որ ստանան այն, ինչ ուզում են։ Կհաջողվի, թե՝ ոչ, չեմ կարող ասել։ Այն, որ ճնշում լինելու է, դա ակնհայտ է։ Բայց դու գնում ես խաղաղության մասին պայմանագրի այն դեպքում, երբ մյուս կողմը քո տարածքը զբաղեցրել է, պատանդ է վերցրել քո քաղաքացիներին։ Դու գնում ես բանակցելո՞ւ, թե այնպես պիտի բանակցես միջնորդների հետ, որ մինչև այդ հարցերը չկարգավորվեն, դու չանցնես մյուս հարցերին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930