Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ հայոց նոր ցեղասպանություն է տեղի ունենում». Գրիգորի Այվազյան

Սեպտեմբեր 29,2023 17:02

«Արցախի հայերի նկատմամբ ցեղասպանական ակտ է տեղի ունենում, որը հստակ պլանավորվել էր Ադրբեջանի կողմից։ Մոտ 9 ամիս շրջափակման մեջ են պահել Արցախը, մարդկանց սովամահության ենթարկել, հետո Ալիեւն ասաց, որ ճանապարհը կբացվի եւ կբացվի միակողմանի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով արցախահայերի բռնի տեղահանմանը։

Գրիգորի Այվազյան

«Սա միայն Ադրբեջանը չի արել, մենք այս ժամանակահատվածում տեսել ենք բոլոր ուժերի կենտրոնների անատամ հայտարարությունները։ Միայն կողմերին կոչ են արել եւ ոչ մի քայլ չեն ձեռնարկել, պատժամիջոց չեն սահմանել Ադրբեջանի բռնակալի նկատմամբ։ Եվ ուրեմն, ստացվում է, որ քաղաքակիրթ աշխարհի առաջ հայոց նոր ցեղասպանություն է տեղի ունեցել եւ ունենում։ Մյուս կողմից, մենք չենք տեսել բավականաչափ տոկունություն, որպեսզի ալիեւյան ծրագրին չենթարկվի նաեւ հայկական իշխանությունը։ Արցախի հայաթափումը մեծ ողբերգություն է»,- ասում է Այվազյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ չափի նյութական վնասներ են կրում բռնի տեղահանված արցախահայերը, Գրիգորի Այվազյանն ասաց․ «Նախ եւ առաջ այստեղ հայրենիքի մի կարեւոր մասի կորստի վտանգ կա, իսկ դա գումարային հաշվարկի չի ենթարկվում։ Դադիվանքի ու Ամարասի փոխարեն ի՞նչ փոխհատուցում պետք է պահանջենք, ոչ մի, միայն վերադարձի իրավունք։ Պետք է պայքարել, ինքնակազմակերպվել, չվհատվել։ Հիմա ամենամեծ վտանգը կարող է լինել մարդկանց վհատվելը, որ զենքերը վայր դնեն, դա չպետք է թույլ տանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է անի ամեն ինչ, որ այդ մարդկանց մեջ կրակը չհանգչի։ Ես չեմ ասում, որ Ադրբեջանի նացիստական իշխանության ներքո պետք է Արցախ վերադառնալ, բայց իրենց իրավունքները պետք է պաշտպանեն բոլոր հնարավոր միջոցներով՝ մեզ հետ միասին»։

Գրիգորի Այվազյանն անդրադարձավ նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին, որով սահմանվում է, որ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք է լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը։

«Կան իրավական գործընթացներ։ Երբ Արցախի Հանրապետությունը հռչակվում էր, հանրաքվեի արդյունքում էր հռչակվում։ Եթե անգամ Բրիտանիայի թագավորը ստորագրի Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը, այն ոչ իրավական, ոչ էլ քաղաքական ուժ չունի։ Եթե ժողովրդի կամքով է ձեւավորվել պետությունը, այն հնարավոր չէ հրամանագրով լուծարել։ Այդ հրամանագիրն ուժի սպառնալիքով է ստորագրվել, ուրեմն կրկնակի անօրինական է։ Իրականում դա ուժի սպառնալիք չէ, ցեղասպանական գործողություն է։ Մենք տեսանք, որ առեւանգեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ այլ անձանց։ Ադրբեջանցիներն ինչ-որ ցուցակներ են ներկայացնում, սպառնում են՝ դուրս եկեք, քանի դեռ չենք փակել ճանապարհը եւ բոլորիդ չենք կոտորել։  Մենք մեր զենքերը չպետք է վայր դնենք, այստեղ շատ կարեւոր են դիվանագիտական կորպուսի գործողություններն ու Սփյուռքի գործոնը, որոնք այսօր իրենց աչքերով տեսնում են նոր ցեղասպանություն, ինչի մասին իրենց պապերն ու տատերը պատմում էին։ Մենք պետք է պայքարենք, նախ պետք է տեսնենք, թե ինչ է լինելու Արցախի հետ, ամբողջությամբ կհայաթափվի, թե՞ որոշ մարդիկ այնտեղ կմնան»,- նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք չպետք է տեղի ունենային։ «Չպետք է տուրք տայինք Ադրբեջանի ճնշմանը, եւ մարդիկ այնտեղից չպետք է դուրս մղվեին։ Հիմա Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե իրենք ոչ ոքի դուրս չեն հանում Արցախից, որ մարդիկ իրենց կամքով են դուրս գալիս։ Բայց դա ճիշտ չէ, եւ բոլորը դա տեսնում են։ Եվ քաղաքակիրթ աշխարհի, եւ Հայաստանի կողմից պետք է ճշգրիտ գնահատականներ տրվեն, աշխատանք տարվի ոչ միայն հումանիտար, այլ նաեւ քաղաքական ու իրավական ոլորտներում»,- հավելեց Այվազյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930