Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրն իրավական ուժ չունի, ստատուս քվոն փոխվել է ուժի գործադրմամբ, բայց Արցախի խնդիրը չի լուծվել»

Սեպտեմբեր 29,2023 16:07

Ուժի սպառնալիքի ներքո Արցախի Հանրապետության լուծարման մասին ստորագրված հրամանագիրը իրավական ուժ ու հետեւանք ունեցող որոշում չի կարող լինել։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագրին, որով սահմանվում է, որ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք է լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը։

«Սա իրավական հիմք է Սամվել Շահրամանյանին Արցախի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու։ Սա սահմանադրական կարգը, երկրի տարածքային ամբողջականությունը տապալելուն ուղղված գործողություն է, առանձնակի ծանր հանցագործություն է եւ մինչեւ 20 տարի ազատազրկում է ենթադրում»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ հունվարի 1-ը տրված ժամկետը նշանակում է, որ ռուսական կողմն ակնկալում է մինչեւ այդ ժամկետը մնալ այնտեղ եւ համագործակցել Արցախի Հանրապետության դրոշի տակ։ Դրանից հետո ռուսները դուրս կգան Արցախից, թե ոչ, ըստ Ղուկասյանի, այսօր դժվար է ասել։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած փաստաթուղթ այսօր ստորագրվում է ուժի սպառնալիքի տակ, հետեւաբար, իրավական առումով դրանք առ ոչինչ են։ «Այսինքն՝ դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից ցանկացած որոշման, այդ թվում՝ Պրահայի հայտարարությանը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից` մինչ օրս արած հայտարարության, ստորագրած որոշման վրա մեր թշնամիները հղում անել չեն կարող՝ իբրեւ Հայաստանի Հանրապետության կամքի դրսեւորում, որովհետեւ պարզ է, որ ուժի կիրառմամբ է փոխվել ստատուս քվոն։ Արցախի խնդիրը չի լուծվել, ընդամենը փոխվել է ստատուս քվոն։ Դա խնդրի լուծում չի կարող լինել։ Եվ քանի որ ստատուս քվոն փոխվել է ուժի գործադրմամբ, հետեւաբար, թշնամի կողմը ուժի գործադրմամբ ստորագրված փաստաթղթերի վրա հղում անել չի կարող»,- հավելեց Անդրիաս Ղուկասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930