Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյին:
Շնորհավորելով գործընկերոջը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդիր մարմինների միջեւ շփումները կակտիվանան՝ նպաստելով երկկողմ եւ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը: Կողմերը միակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առաջմղման գործում կարեւոր դեր ունի միջխորհրդարանական համագործակցությունը:
Հանդիպման առանցքում են եղել Հայաստանում տիրող իրավիճակը եւ այն մարտահրավերները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայից, լայնածավալ հարձակումից եւ տեղահանման հանգեցրած գործոններից: «Ադրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորվեն: ՀՀ ԱԺ խոսնակը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրականացված ոտնձգությունները՝ հիշեցնելով, որ դեռ Ադրբեջանի կողմից չեն վերադարձվել պատանդառության մեջ պահվող մեր հայրենակիցները:
Քննարկում է ընթացել տարածաշրջանի իրադրությամբ պայմանավորված տեղեկատվական պատերազմների եւ Ադրբեջանի կողմից սոցցանցերով սոսկալի կադրեր եւ ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ: Գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին: Մտքեր են փոխանակվել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ