«Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Գասպարյանի համոզմամբ՝ 2020-ի արցախյան 44-օրյա պատերազմը ձախողված դիվանագիտության արդյունք էր։
«Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության մամուլի ասուլիսի ժամանակ նա վստահեցրեց՝ մեր դիվանագիտությունն ունեցել է հնարավորություն, որ այդ պատերազմը կանխվի․ «Ես ապշած եմ եղել, թե ինչպես են ոչնչացրել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ տարիներ շարունակ՝ 1992 թվականից մինչև 2020-ի նոյեմբերը, ԵԱՀԿ-ն եղել է արցախյան հարցի կարգավորման հիմնական միջնորդական մարմինը։ Այն եղել է ամենաբարձր միջնորդական մարմինը, որի ներքո և′ ՀՀ-ն, և′ Արցախը, ինչ-որ մի պահ նաև Ադրբեջանը, կարող էին համաձայնության գալ ու հակամարտությունը լուծել։ Ինչպես տեսաք՝ ԵԱՀԿ ՄԽ ոչնչացումը տեղի ունեցավ, որը բերեց բացասական հետևանքների։ Սա օրինակ է մեր դիվանագիտություն վերջին տարիների զարգացումների, թե ինչ չի արվել»։
Ըստ Արսեն Գասպարյանի՝ մենք այժմ ունենք չսպառված դիվանագիտական ներուժ, որը կարող է միայն առաջ գալ, երբ ՀՀ-ում լինի իշխանափոխություն․ «Այդ ներուժը կարելի է օգտագործել, երբ ՀՀ-ում նոր իշխանություն լինի, նոր արտաքին քաղաքականություն, և ՀՀ-ն վերաիմաստավորի իր հարաբերությունները բոլոր երկրների հետ, և փորձենք փոխշահավետ համագործակցություն ունենալ այդ երկրների հետ։ Իմ կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն ձախողված հիմնարկ է, ՀՀ բոլոր կառույցները ձախողված են։ ՀՀ-ն այսօր կարողություն չունի իր սահմանները պաշտպանել, հետևաբար այն ներուժը, որի մասին խոսում ենք, նաև մեր հայտարարության մեջ այն փորձն է, որը կուտակված է ՀՀ-ում շատ դիվանագետների մոտ, որոնք թողել են ԱԳՆ-ն»։
Կարդացեք նաև
Արսեն Գասպարյանը ցավով նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն այսօր բովանդակություն չունի, մինչդեռ նրա փաստմամբ՝ արտաքին քաղաքականությունը չի կարող բովանդակություն չունենալ։
Ըստ Արսեն Գասպարյանի՝ ազգերի ինքնորոշման իրավունքից ՀՀ իշխանությունները հրաժարվել են 2020-ի նոյեմբերից հետո․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ազգերի ինքնորոշման մասին ոչինչ չկար։ Աստիճանաբար սկսեցին ազգերի ինքնորոշման իրավունքը բոլոր միջազգային փաստաթղթերում փոխարինել Արցախի ժողովրդի ազատություններով և անվտանգությամբ։ Դա նորից ՀՀ դիվանագիտության հերթական սխալն էր, որովհետև ինչպե՞ս կարելի է հրաժարվել այդ իրավունքից, որը հիմնարար իրավունքներից մեկն է՝ գրանցված ՄԱԿ-ի կանոնադրությունում, ԵԱՀԿ բոլոր հիմնարար փաստաթղթերում, նաև այն փաստաթղթերում, որոնք վերաբերում են 1990-ականների սկզբին Արցախի հակամարտության կարգավորմանը և 1994-ի հրադադարից հետո։ Ազգերի ինքնորոշման իրավունքը բնավ անկախություն չի նշանակում։ Փակ բանակցությունների ընթացքում կարելի էր մի քանի տարբերակ դնել՝ ներառյալ բարձրագույն ինքնակառավարումը Ադրբեջանի կազմում։ Դա էլ է ինքնորոշում։ Ինքնակառավարումից՝ ավտոնոմիայից սկսած մինչև անկախություն ինքնակառավարում գոյություն ունի։
Գոյություն ունի միջազգային իրավունքում ազգերի ներքին ինքնորոշման իրավունք և գոյություն ունի արտաքին ինքնորոշման իրավունք, երբ աջակցում է մի պետություն։ Բոլոր միջազգային կազմակերպությունների հիմնարար սկզբունքն է։ Անբացատրելի է, թե ինչու էր պետք այդ սկզբունքից հրաժարվելը։ Այսինքն՝ դա ՀՀ դիվանագիտության հերթական շատ կոպիտ սխալն է»։
Հարցին՝ ո՞ւմ էր ձեռնտու Մինսկի խմբի լուծարումը, Արսեն Գասպարյանը պատասխանեց․ «Այդ պահին ձեռնտու էր ՌԴ-ին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեր և Ադրբեջանի շահերից էր բխում։ Նորից անհասկանալի է՝ ինչու ՀՀ-ն չկարողացավ աշխատել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, նաև ԵԱՀԿ մյուս անդամների հետ։ Մենք Վիեննայում ներկայացուցչություն ունենք․ իրենք այնտեղ աշխատավարձ են ստանում, այդ ներկայացուցչությունն, արդյոք օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հիմնարար փաստաթղթերը, չէ՞ր կարող այդ հարցը լուծել ոչ միայն Ֆրանսիայի, այլև ԱՄՆ-ի, ԵԱՀԿ այլ անդամների հետ, քանի որ դա ԵԱՀԿ հեղինակությունն էր»։
Ըստ Արսեն Գասպարյանի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հարցում ՌԴ-ն հաշվի չառավ Հայաստանի կարծիքը, որովհետև ՀՀ կառավարությունը ՌԴ-ի դաշնակիցը չէ․ «Դա մի պարզ ճշմարտություն է, որը պետք է բոլորը հասկանան։ Որ խոսում են, թե ՌԴ-ն դաշնակից է, ոչ։ ՀՀ կառավարությունը ՌԴ-ի դաշնակիցը չէ, ոչ թե հայ ժողովուրդը կամ Հայաստանը, այլ ՀՀ կառավարությունը։ Ես առանձնացնում եմ դերակատարներին։ Երբ դերակատարներին առանձնացնում են և կառավարությունը դիտարկում մեկ հարթության մեջ, պետությանը՝ մյուս, դա շատ ողբերգական հետևանքներ է ունենում նաև ժողովրդի վրա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ