Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեք ուզում դպրոցում ուսուցիչ մնա, միանգամից փակեք դպրոցները. ռուսերենի ուսուցիչները դժգոհ են ատեստավորումից

Սեպտեմբեր 29,2023 13:24

Անգլերենից բացի, ռուսերենի ուսուցիչներն էլ դժգոհ են ատեստավորման թեստերից: Ի թիվս այլնի, նրանք մի շարք անճշտություններ են նկատել, որոնց մասին քննարկումներ են գնում ֆեյսբուքյան մասնագիտական խմբերում: «Ո՞վ է տեսել պնդումների փնջին ոչ մի միավոր չտալ, եթե անգամ մեկ սխալ է արել ուսուցիչը։ Անգամ ЕГЭ այդ հարցերին տալիս է 3 միավոր։ Ո՞վ է տեսել 70 հարցից 40 նմանատիպ հարցեր դնեն։ Էլ չասեմ սխալների մասին։ Չեք ուզում դպրոցում ուսուցիչ մնա, միանգամից փակեք դպրոցները։ Էս ինչ անտերություն է», – դժգոհել է մի ուսուցիչ մասնագիտական խմբերից մեկում:

Aravot.am-ի հետ զրույցում ռուսերենի ուսուցիչներից մեկը, որն աշխատում է Շիրակի մարզում, ներկայացրեց իր դիտարկումները թեստերի վերաբերյալ: Նրա խնդրանքով անունը չենք հրապարակում:

«Սա միայն իմ կարծիքը չէ, մասնագիտական խմբերում բազմաթիվ մասնագետներ ըմբոստացել են այս ամենի դեմ: Ինձ ճիշտ հասկացեք, ատեստավորմանն ընդհանրապես դեմ չեմ, իհարկե, ուսուցիչը պետք է անընդհատ իր վրա աշխատի:

Բայց ռուսերենի թեստերն այնպիսի չափանիշներով են կազմված, որ դրանք հաղթահարելու համար առնվազն գիտությունների թեկնածու պետք է լինես: Դրանք հասարակ մանկավարժին հասու բաներ չեն: Հին ռուսերենից, սլավոներենից այնքան բառեր են ներառված, որ պետք է հին սլավոներեն դասավանդած լինես կամ խորապես ուսումնասիրած, որպեսզի իմանաս դրանց բացատրությունները», – ասաց ռուսերենի ուսուցչուհին:

Նրա խոսքով. «Թեստերի ե՛ւ պահանջներում, ե՛ւ պատասխաններում կան բազմաթիվ անճշտություններ: Առնվազն 7-8 պատասխանում կան անճշտություններ, կամ դրանք ընդհանրապես սխալ են: 70 հարցից 40-ը հանդիսանում է պնդումների փունջ: Այսինքն՝ եթե դու 4-ից 3-ին ճիշտ պատասխանես, մեկին՝ սխալ, քո պատասխանը լրիվ կզրոյանա: Անտրամաբանական հաշվարկներ են:

Թեստերն ուղղակի copy են արված Լոմոնոսովի անվան համալսարանի ընդունելության քննության թեստերից եւ Ռուսաստանի ЕГЭ-ից, մի՞թե մենք Հայաստանում չունենք ռուսերենի նորմալ լեզվաբան մասնագետ, որ հնարավոր լինի նորմալ թեստեր կազմել: Հաշվի չի առնվում, որ այս ամենը պետք է հաղթահարեն հայկական դպրոցներում եւ հայալեզու դասարաններում դասավանդող ուսուցիչները: Լավ կլինի տարբերակում դրվի ռուսալեզու ուսուցմամբ դասավանդողների եւ հայկական դպրոցներում ռուսաց լեզու դասավանդվողների միջեւ»:

Aravot.am-ը անգլերենի եւ ռուսերենի ատեստավորման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ինչպես ԿԳՄՍ նախարարությունից, այնպես էլ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից (ԳԹԿ):

«Այո, նախարարությունը ստացել է բողոքներ: Դժգոհությունները հիմնականում անգլերենից են: Մասնագետների խումբ է ձեւավորվել, որը պետք է ուսումնասիրի, թե ինչքանով են հիմնավորված դժգոհությունները: Ինչպես արդեն նշեցինք, ուսումնասիրությունն արվում է: Մասնագիտական խմբի կարծիքը դեռ չի փոխանցվել: ԿԳՄՍ նախարարությունը նաեւ թեժ գծին է ստացել բողոքներ՝ օտար լեզուների թեստավորման վերաբերյալ», – Aravot.am-ին փոխանցեցին ԿԳՄՍ նախարարութան հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

«Ատեստավորման քննության գնահատականները հայտնի են դառնում 5-րդ օրը: Ըստ այդմ՝ երեկ հայտնի են դարձել առաջին օրվա գնահատականները, այսօր էլ բողոքարկման օրն է: Այսօր ԳԹԿ-ում ընդունվում են բողոքարկման դիմումները: Մինչ այդ՝ որեւէ բողոքարկում, որեւէ հարց չէր կարող լինել, քանի դեռ գնահատականները հայտնի չէին: Մինչեւ օրվա վերջ կընդունվեն բողոքարկման դիմումները, մնացածը կկայանա համապատասխան ընթացակարգով: Բոլորին խնդրել ենք, որ գնահատականն իմանալուց հետո՝ հաջորդ օրը օգտվեն բողոքարկման իրենց իրավունքից», – փոխանցեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930