«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության («USAID») ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին, որը պետք է համակարգի ԱՄՆ-ի մարդասիրական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի առնչությամբ:
Փաուերը մանրամասնել է՝ թիմը պետք է գնահատի իրավիճակը, որոշի կարիքների առաջնահերթությունները և աշխատանք տանի գործընկերների հետ՝ հրատապ օգնություն ցուցաբերելու համար։
Հայտարարության մեջ կարդում ենք․ «Այս շաբաթ այցելեցի Հայաստան՝ անմիջականորեն հանդիպելու այն մարդկանց, ովքեր լքում էին Լեռնային Ղարաբաղում իրենց տները՝ սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի հարձակումներից հետո։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության և Հայաստան տեղափոխված ավելի քան 50 հազար մարդկանց անվտանգությամբ։ Երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը՝ նոր ժամանածներին ջերմ դիմավորելու և նրանց ապաստան տրամադրելու գործում օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են սուր կարիքները լուծելու համար: Այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Աղետների աջակցության արձագանքման թիմ («DART»)՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը համակարգելու համար։
«DART»-ը կգնահատի իրավիճակը, կբացահայտի առաջնահերթ կարիքները՝ օգնությունն ընդլայնելու համար, և կաշխատի գործընկերների հետ՝ հրատապ օգնություն տրամադրելու համար: Անցած շաբաթվա անընդունելի ռազմական գործողություններն էլ ավելի են վատթարացրել առանց այդ էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը։ Ինն ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով կենսական նշանակություն ունեցող կյանքի ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մատակարարվում էր սնունդ, դեղորայք, վառելիք և առևտուր էր իրականացվում, ինչի հետևանքով առաջացավ այդ ամենի պակասը:
Կարդացեք նաև
Լաչինի միջանցքը պետք է ամբողջովին ու մշտապես բաց մնա, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն հեռանալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները տեղում արձանագրեն և բավարարեն կարիքները: Ադրբեջանը պետք է պաշտպանի խաղաղ բնակիչներին, կատարի իր պարտավորությունները՝ հարգելու իր երկրի բոլոր մարդկանց իրավունքները և հիմնարար ազատությունները, երաշխավորի, որ իր ուժերը գործում են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:
Հաշվի առնելով կարիքների ծավալը՝ Միացյալ Նահանգներն այս շաբաթվա սկզբին հայտարարեց 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն [տրամադրելու] մասին՝ աջակցելու Հարավային Կովկասի այն համայնքներին, որոնք տուժել են շարունակվող ճգնաժամից: Սա ի հավելումն ավելի քան 23 միլիոն դոլարի, որը Միացյալ Նահանգները տրամադրել է հումանիտար օգնության տեսքով 2020 թվականից ի վեր՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի։ Այս միջոցները կօգտագործվեն տարատեսակ օգնություն տրամադրելու համար՝ սննդից մինչև հոգեբանական ու սոցիալական աջակցություն, որպեսզի օգնեն հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանումների հետևանքով առաջացած տրավմաները»։