Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմուտքը պետք է օգտագործի իր բոլոր լծակները». Արցախի հայաթափումը` միջազգային մամուլի առաջին էջերում

Սեպտեմբեր 29,2023 11:36

«Ազատություն». «Որտե՞ղ են Ֆրանսիան, Ամերիկան և Շառլ Միշելը», – վերնագրում հարց է տալիս Politico ամերիկյան պարբերականն ու անմիջապես էլ քննադատում․ – «Բրյուսելն իբրև առաջամարտիկ իրեն դրեց տարածաշրջանում խաղաղարար լինելու տապալված արշավի առանցքում, իսկ այժմ չի համարձակվում նեղացնել գազով հարուստ Ադրբեջանին»:

Հայերը ցասման մեջ են, 50 հազար հոգի արդեն դատարկվել է Լեռնային Ղարաբաղից, գրում է Politico-ն նշելով, որ Եվրամիության ձախողված միջնորդությունը մարդասիրական աղետի ֆոնին մարդկանց դժգոհությունն է հարուցում։

Ի տարբերություն Politico-ի, որը պատժամիջոցների հնարավորությունը գրեթե բացառում է, բրիտանական Economist-ը իր հոդվածում դեռ կոչ է անում Արևմուտքին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ որքան հնարավոր է շուտ։

«Դեռ ոչ բոլորն են հեռացել Ղարաբաղից, չնայած շատ ավելին դեռ կգնան։ Բայց մնացողների համար կենսական նշանակություն ունի, որ Ադրբեջանը պատասխանատվության կանչվի իր վերահսկողության տակ հայտնված տարածաշրջանում մարդու իրավունքների յուրաքանչյուր խախտման համար։ Արևմուտքը պետք է օգտագործի իր բոլոր լծակները», – գրում է Economist-ը՝ նշելով, որ Ղարաբաղին կապիտուլյացիայից բացի այլ տարբերակ չէր մնացել ադրբեջանական ժամանակակից բանակի ճնշումների, Հայաստանից կտրված լինելու, Ռուսաստանի դավաճանության պայմաններում և տասն ամիս շրջափակումից ու սովից հետո։

Իրավիճակի պատճառներից մեկը, ըստ Economist-ի, այն է, որ Ռուսաստանն այդպես էլ չներեց ժողովրդական ընդվզման հետևանքով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու փաստը։ Բայց քաոսի անմիջական պատճառը պարբերականը համարում է Ռուսաստանի թուլացումը։

Ղարաբաղի և Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակումների պայմաններում Ռուսաստանի անգործության ֆոնին Հայաստանի՝ դեպի Արևմուտք թեքվելու փորձերը, ըստ Economist-ի, Պուտինին դուր չեն գալիս։
Հնարավոր է՝ նա արդեն իսկ Երևանում հուզումներ է հրահրում։ Ըստ պարբերականի՝ այժմ ավելի մեծ վտանգն այն է, որ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանի դեմ ճնշումները և Ռուսաստանի ու Թուրքիայի հետ համաձայնությամբ փորձելու է Հայաստանի հարավով միջանցք բացել։ Այն կկապի Թուրքիան և բուն Ադրբեջանը, Հայաստանին կզրկի ինքնիշխանությունից և կմեկուսացնի Իրանի հետ կարևորագույն սահմանից։

Տաթեւիկ Լազարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930