Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհին եւ ոճրագործին հավասարեցնելու բարոյազուրկ չափումը մեզ հուշում է լուռ չմնալ». Ազգ

Սեպտեմբեր 29,2023 11:24

Հետեւենք Թուրքիայում աշխատող գերմանացի թղթակիցների հոդվածներին: «Թագեսշպիգելի»՝ այդ երկրում 1998-ից թղթակից Սյուզաննե Գյուսթենը սեպտեմբերի 25-ին «ԼՂ հակամարտություն. Թուրքիան գործընկեր է որոնում» հոդվածում նկատել է տալիս, որ «Էրդողանը պաշտպանում է վարչապետ Փաշինյանին, երբ վերջինիս քննադատում են ԼՂ-ի հարցում: Ադրբեջանի՝ ԼՂ-ի վրա վերջին հարձակման առիթով Թուրքիայի նախագահը, ըստ «Անադոլու» գործակալության, ասել է, թե Փաշինյանը մեղավոր չէ, սադրանքի հետ ինքն էլ, Հայաստանն էլ կապ չունեն, ավելի մեղավոր են Ղարաբաղում նախագահ ընտրած «պրոլետարները»: Էրդողանն ասել է, թե  Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո կամենում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ հավատում է, որ Փաշինյանն է այդ գործընկերը»: Թղթակիցը նշում է, որ մինչ վերջին զարգացումներն էլ, Էրդողանը Փաշինյանին բարձր էր գնահատում, հատկապես երրորդ պաշտոնամուտի առիթով հունիսին Անկարա գնալը, այն պարագայում, երբ արեւմտյան մի շարք հայտնի քաղաքական գործիչներ ներկա չեղան: Էրդողանը, որ արտաքին քաղաքականության մեջ գնահատում է միջազգային քաղաքական այրերի հետ անձնական կապերը, սա չի մոռանա: Այցը «կարեւոր քայլ» եղավ, գրում է «Թագեսշպիգելի» մեկնաբանը: Առաջին անգամ Էրդողանը Փաշինյանին հանդիպել է անցյալ հոկտեմբերին (Պրահայում) եւ հայտնել, որ հավատում է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարող են ամբողջովին նորմալանալ»: Մինչեւ հիմա դա արգելակվել է երկու պատճառով՝ Ղարաբաղյան հակամարտության, որի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, եւ առաջին համաշխարհայինի ժամանակ ցեղասպանության վերաբերյալ վեճի, գրում է «Թագեսշպիգելի» Թուրքիայի թղթակիցը: «30 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունները խզվել են: Այժմ Կովկասում կարճատեւ պատերազմից հետո կարող են հարաբերությունները կարգավորվել, թեեւ Անկարան Ադրբեջանի երկարամյա դաշնակիցն է: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նախորդ 2 տարիներին փոքր բարելավումներ են նկատվել, կառավարություններն առավել շատ են հարաբերվել: Մեծ առաջընթացն արգելակել է Ղարաբաղյան հակամարտությունը»: Թերթը գրում է Էրդողանի Նախիջեւան այցի, Հայաստանին ուղղված միջանցք բացելու հորդորի մասին, որը «Երեւանը մինչեւ հիմա մերժել է»:

«Թագեսշպիգելի» հոդվածը եզրափակվում է հետեւյալ պարբերությամբ: «Կա թուրք-հայկական նորմալացման հեռանկար: Մարտական գործողությունների ավարտից հետո որոշ ժամանակ կպահանջվի, մինչև  մերձեցումը նոր թափ ստանա, հետո կարագանա, կարծիք է հայտնում Անկարայի համալսարանի Կովկասի հարցերով փորձագետ Օրհան Գաֆարլին»:

Գերմանական taz-ի սեպտեմբերի 25-ի համարում Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթշլիհը Ստամբուլից գրում է, որ  Էրդողանը 14 տարի անց Նախիջեւանում է, եւ սա խորհրդանշական է: Այնտեղ հանդիպել է Ալիեւին՝ Զանգեզուրի միջանցքի մասին խոսելու նպատակով: «Այն ժամանակ, երբ Ղարաբաղի հայ բնակչությունը փախչում էր, երկու հաղթողները քննարկում էին հաջորդ քայլը՝ միջանցք Հայաստանի հարավով, որ Նախիջեւանը Ադրբեջանին միացնելով շարունակական կապ կապահովի Թուրքիայից Բաքու: Քանի միջանցքը դեռ չկա, նախատեսվում է խողովակաշար կառուցել դեպի Նախիջեւան՝ այն  ադրբեջանական գազով ապահովելու համար: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է այնտեղ ռազմաբազա ունենալ»: Թերթի թղթակցի հաղորդմամբ, Էրդողանը կուլիսներում առաջ է քաշել իր եւ Պուտինի, Ալիեւի, Փաշինյանի հետ գագաթնաժողով գումարել՝տեւական խաղաղության հասնելու թեմայով: Սակայն մինչ այդ Իսպանիայում պիտի կայանա Փաշինյան-Միշել-Ալիեւ-Մակրոն-Շոլց հանդիպումը, որ «Ղարաբաղի հայերի համար կարող է ուշ լինել»:

Սեպտեմբերի 23-ին taz-ը հրապարակեց նույն հեղինակի «Երկու կողմն էլ՝ առավելագույն պահանջներով» վերնագրված հոդվածը: Հեղինակը նկատի ունի թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: «Այն, ինչ այժմ կատարվում է ԼՂ-ում, պատմական չափերի ողբերգություն է: Դարեր ի վեր հայաբնակ, հաճախ որպես հայ ժողովրդի առասպելական հայրենիք փառաբանված ԼՂ-ը կարող է ընդամենը մի քանի ամսում «մաքրվել» հայ բնակչությունից: 1915-ի ցեղասպանությունից հետո, որին զոհ գնաց Օսմանյան կայսրության հայերի մեծ մասը, սա էլ մեծ աղետ է: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի տարբեր կառավարությունների ավելի խելացի քաղաքականության միջոցով հնարավոր կլիներ կանխել ներկայիս ողբերգությունը: Սակայն թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը առավելագույն պահանջների քաղաքականություն են վարում՝ հարևանը մահացու թշնամի է, և նրա հետ փոխզիջումներն անհնարին են»,- գրում է Գոթշլիհը:

 

Շատ խիտ է Գոթշլիհի հոդվածը, նա հիշատակում է Ստալինի դերակատարման մասին, գովում է Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, ասում է, որ սփյուռքի հայերը ոգեւորվել էին Արցախի անկախության հռչակմամբ, դրամ էին ուղարկում, կռվում այդ հողը պաշտպանելու համար, վարդագույն էին տեսնում նրա ապագան: Այս հոդվածն ընթերցելիս սկսեցի վերանայել կարծիքս հեղինակի մասին: Հիշում եմ նրա հետ «Ազգ»ի մեր հարցազրույցը:  2015-16-ին շատ ակտիվ աջակցում էր, որ Բունդեսթագը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գիրք գրեց Գերմանիայի պատասխանատվության մասին՝ վերնագրելով այն «Սատարում ցեղասպանությանը»: Որքան էլ նրա քննադատությունը Հայաստանի կառավարությունների հասցեին անաչառ լինի, որոշ իմաստով՝ միգուցե ուսանելի, սակայն բարոյակա՞ն է արդյոք, երբ դրա մասին գրում է գերմանացի հեղինակը, որի աշխատանքային կեցավայր Թուրքիայում մեր հանդեպ ցեղասպանությունը շարունակում են ամենօրյա ուրացմամբ, իսկ Ադրբեջանում հայերիս հանդեպ վերբալ նվաստացմանը զուգահեռ հենց այսօր եղեռն են իրականացնում: Ուրեմն քանի դեռ հավասարության նշան են դնում իր բնօրրանը զենքով պաշտպանող մարդու եւ նրան լլկող ու սպանող, նրա հարստությանը տիրացող ոճրագործի միջեւ, ընթացող ցեղասպանությունը չեն տեսնում, հավատ չեն ներշնչում ո՛չ իրենց գրքերը, ո՛չ էլ՝ մղումները: Գոթշլիհը ցեղասպանություն եզրն այստեղ  չի գործածում, իր կառավարության ղեկավարի, ազգակիցների եւ «հարց լուծողների»՝ Շոլցի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Աննալենա Բերբոքի հասցեին մեղադրանք չի հնչեցնում, թե նրանք թեւ են տալիս ոճրագործին:

Երկու կողմին՝ զոհին եւ ոճրագործին հավասարեցնելու բարոյազուրկ չափումը մեզ հուշում է լուռ չմնալ, ձայնել նաեւ նրանց փոխարեն, որ ոճրին զոհ գնացին, միգուցե հայոց Նյուրնբերգը կանխի Արցախի պետականության ինքնալուծարման հայտարարության իրականացումը:

Բոլոր հայերը կողմ չեն էֆթանազիային:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930