Հայաստանում մի շարք փաստաբաններ պատրաստակամություն հայտնեցին՝ գնալ Ադրբեջան եւ պաշտպանել Ռուբեն Վարդանյանին։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք փաստաբան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, որը ՄԻԵԴ-ում մարդկանց շահերը ներկայացնելու հարուստ փորձ ունի։ Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ հայ փաստաբանները Բաքվում կարողանան պաշտպանել Վարդանյանին։
«Մեղադրանքները շինծու են, ձեւական բնույթ են կրում, դրանք ընդամենը դեկորացիան են, դիզայնն են՝ նրան անազատության մեջ պահելու, նրան պատանդ պահելու համար։ Մենք 100-ից ավելի գերիներ ենք ունեցել Բաքվում, որոնց շահերը պաշտպանել են, եւ անձամբ ես բազմիցս փորձել եմ գնալ Բաքու կամ Նախիջեւան՝ պաշտպանելու իմ վստահորդների իրավունքները Բաքվում, այդ թվում՝ նաեւ Եվրոպական դատարանի միջոցով՝ որպես Եվրադատարանում նրանց ներկայացուցիչ, սակայն Ադրբեջանը դա չի ապահովել։ Սա եւս մի դրվագ է, էլեմենտ է, որն ապացուցում եւ ցույց է տալիս, որ Բաքվում երաշխավորված, ապահովված ու պաշտպանված չեն մարդու իրավունքները, այդ թվում՝ նաեւ արդար դատաքննության իրավունքը, եւ այդ իրավունքն առանձնահատուկ ձեւով խախտված է ազգությամբ հայերի համար։ Դա նաեւ ռասիզմ ու խտրականություն է, որը հաստատվում է հենց այս փաստով։ Բաքուն թույլ չի տալու, որ Հայաստանից իրավապաշտպաններ կամ փաստաբաններ գնան, պաշտպանեն հիշյալ անձի իրավունքները»,- ասաց Զեյնալյանը։
Հնարավո՞ր են միջազգային մեխանիզմներ՝ այս պահին Արցախում գտնվող հայերի՝ դեպի Հայաստան անվտանգ գալն ապահովելու համար, քանի որ Վարդանյանը հենց Հակարիի կամրջի վրա է ձերբակալվել, երբ փորձել է գալ Հայաստան, եւ այս պահին Արցախում են այնտեղի իշխանությունները, բազմաթիվ հրամանատարներ, որոնք Ադրբեջանի սեւ ցուցակում են, եւ նրանք էլ են ձերբակալման պոտենցիալ վտանգի ներքո։
«Մենք այդ մեխանիզմները փոխանցել ենք Արցախի իշխանություններին․ ուղղակի հարկավոր էր հակադրվել ռուս խաղաղապահների կամ Կրեմլի շահերին եւ ՄԱԿ-ին դիմել, ասել՝ մենք չենք կարող այստեղ ապրել, հայերի համար Ադրբեջանում կյանք չկա, դիմել ՄԱԿ-ին եւ խնդրել, որ ապահովեն միջանցք՝ այնտեղից դուրս գալու համար, այլ ոչ թե այս նվաստացուցիչ պայմաններով գալ, ադրբեջանական անցակետով անցնել, իջնել, ոտքով կամուրջն անցնել, նստել մեքենան, գալ։ Սա պետք էր անել այն ժամանակ եւ բարձր դասել ազգային հազարամյա իրավունքները, պարտականություններն ու շահերը եւ դիմել ՄԱԿ-ին՝ գոնե այն ժամանակ։ Ամեն ինչ տրվել էր Կրեմլին, բայց երբ մինչեւ վերջ խաբեցին, գոնե այդ ժամանակ էր հարկավոր դիմել ՄԱԿ-ին։ Չեղավ ոչ մի բան, խաղաղապահները չապահովեցին մեր իրավունքները, խաղաղություն չապահովեցին, եւ մենք հիմա պետք է լքենք մեր հազարամյա օրրանը։ Ապահովեք միջանցք, որ մենք դուրս գանք, ու մեզ չնվաստացնեն դուրս գալիս»,- պատասխանեց Զեյնալյանը։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: