Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն մնում է Հայաստանի անհարմար, բայց անփոխարինելի դաշնակիցը: Միակ այլընտրանքը իմաստությամբ պայքարելու և գործելու ազգային մեր բնազդն է. «Ազգ»

Սեպտեմբեր 29,2023 10:44

Այսօր Ռուսաստանն իր կացնային քաղաքականության, «փափուկ ուժի» կիրառումից խորշելու ավանդույթով խրվել է Արեւմուտքի հետ «մաշեցումի» արյունալի պայքարի մեջ, եւ նրանից ակնկալելի են կտրուկ, անսպասելի շարժումներ: Այդ շարժումներից, մեզ համար ամենաչարաբաստիկը, ռուս-թուրքական սիրաբանությունն է, որը, ինչպես գրեթե ճիշտ 100 տարի առաջ, մեզ համար աղետալի է, ներկայի եւ ապագայի հաշվին, մինչեւ որ պահը հասունանա սիրահար զույգի խզման, որը նույնպես անխուսափելի է, դարձյալ ըստ պատմության դասերի:

Ոչ միայն հասկանալի, այլեւ ընդունելի է մեր ժողովրդի, քաղաքական  շրջանակների, նույնիսկ պետական որոշ ներկայացուցիչների, բնականաբար եւ առաջին հերթին՝ արցախահայության դառնությունը ռուսներից. նկատի ունեմ Ռուսաստանի ղեկավարությանը եւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներին: Արցախի զիջումը թուրքերին, երբ այնտեղ կա եռյակ համաձայնությամբ գործող ռուսական զորամաս, որը օժտված է խաղաղապահ առաքելության իրավունքներով, արցախահայության կոտորվելու, ձերբակալվելու, փախստական դառնալու փաստը ուրիշ կեցվածք չէին կարող թելադրել մեզ: Սակայն անհասկանալին գործող իշխանության անխոհեմ ու գրգռիչ քայլերն են Մոսկվայի նկատմամբ: Շարքը շատ երկար է այս սյունակում դրանք պարփակելու համար: Իրարահաջորդ սխալներ՝ որոնցից յուրաքանչյուրը ռուսական ղեկավարությանը տվել ու տալիս է մեզ հետ «ինչպես ինքդ ասացիր» լեզվով խոսելու պատրվակ, որպես չքմեղանք իր գործած ու դեռ գործելիք մեղքերի: Որպես պատժամիջոց այն իշխանության, որին 2018-ի առաջինը ի՛նքն էր բերել իշխանության եւ 2021-ին ի՛նքն էլ նպաստել էր նրա վերընտրման, իսկ այժմ թուքումուր տալով հանդերձ պահում է իբրեւ  անփոխարինելի գործիք, մինչեւ…

Այսուհանդերձ, Ռուսաստանը մնում է Հայաստանի անհարմար, բայց անփոխարինելի եւ անխուսափելի դաշնակիցը: Ոչ ոք թող պատրանքներ չունենա: Մեր դառը պատմությունից գիտենք, որ Եվրոպան պաշտպանության հարցում մեզ չի օգնելու, իսկ Ամերիկան կարող է օգնել միայն… մուտքի վիզաներով, այսինքն` հայաթափության շա՜տ նուրբ արվեստով, ինչպես՝ Միջին Արեւելքը քրիստոնյաներից դատարկելու գործում:

Այս պահին դժբախտաբար չունենք այլընտրանք Ռուսաստանին: Միակ այլընտրանքը մեր վերապրելու, գոյատեւելու, իմաստությամբ պայքարելու եւ գործելու ազգային մեր բնազդն է:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930