Այս օրերին Արցախից Հայաստան տեղափոխված և տեղափոխվող մեր հայրենակիցներին ի թիվս բազմաթիվ փորձությունների, սպառնում են նաև նորմալ սնուցման վերսկսման հետ կապված առողջական բարդությունները, որոնք կարող են առաջանալ 9 ամսից ավելի տևող թերսնուցումից հետո։ Որքան էլ մեծ է ցանկությունը երկարատև սովի պայմաններում գտնված մարդուն աշխարհի ամենահամեղ ու բազմազան կերակուրներով կերակրելու, մենք չպետք է մոռանանք, որ դրանով կարող ենք ավելի մեծ վնաս հասցնել թերսնված մարդու օրգանիզմին։
Այդ թեմայով վերջերս ֆեյսբուքում գրառում էր կատարել բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը՝ նշելով․ «Մի քանի դրույթ սննդի և կերակրման հետ կապված.
- Չի կարելի միանգամից մեծ քանակությամբ սնունդ տալ – երկարատև սովից հետո օրական 400 կկալ-ով է կարելի ավելացնել սննդակարգը։
- Պետք չէ ամեն գնով կերակրել՝ դա կարող է նաև վնասել։
- Պետք չէ տալ քաղցր (արագ յուրացվող ածխաջրեր), դրա հետևանքով կարող է բարձրանալ սրտխառնոցի, վատ զգալու, հետ տալու հավանականությունը։
- Քաղցրի փոխարեն լավ կլինի տալ երկար յուրացվող ածխաջրեր, օրինակ՝ կարտոֆիլով թխուկ (ուշ է փչանում, երկար ածխաջուր է, հարմար է ճանապարհին կամ ժամանակավոր կեցարանում ուտելու)»։
Երկարատև սովից հետո և առողջական մի շարք վիճակների (որոնց մենք կանդրադառնանք ստորև) պատճառով սնուցման վերականգնումը կարող է առաջացնել այնպիսի բարդություն, որն արևմտյան մասնագիտական գրականությունում հանդիպում է Refeeding syndrome՝ սնուցման վերսկսման համախտանիշ* անվանմամբ։
Սնուցման վերսկսման համախտանիշը կարող է զարգանալ որոշ դեպքերում, երբ թերսնված, 5 և ավելի օրեր շարունակ քաղցած մարդը սկսում է նորից սնվել։ Համախտանիշի առաջացման պատճառը կապվում է օրգանիզմում գլյուկոզի, էլեկտրոլիտների ու հեղուկի հավասարակշռության հանկարծակի տատանումների հետ։ Այդ տատանումները կարող են լրջագույն բարդություններ առաջացնել՝ անգամ մահվան պատճառ դառնալով։
Կարդացեք նաև
Երկարատև քաղցից հետո օրգանիզմի՝ սնունդը մարսելու ունակությունը սովորաբար նշանակալիորեն վատանում է։ Թերսնվող օրգանիզմն ավելի քիչ քանակով ինսուլին է արտադրում, և դա ճնշում է ածխաջրերի արտադրությունը։
Ածխաջրերի անբավարարության դեպքում օրգանիզմն օգտագործում է ճարպի ու սպիտակուցների իր պաշարները։ Եթե ժամանակի ընթացքում օրգանիզմը շարունակում է հիմնվել ճարպերի ու սպիտակուցների այդ պաշարի վրա, մեծանում է էլեկտրոլիտների հավասարակշռության փոփոխման, խախտման վտանգը։ Վիտամինների ու էլեկտրոլիտների մակարդակը նվազում է, քանի որ օրգանիզմը փորձում է ադապտացվել քաղցի ռեժիմին։ Սովորաբար առավել տուժում է կալիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, կալցիումի և թիամինի (վիտամին B1) մակարդակը։
Երբ սնուցումը կարգավորվում է, օրգանիզմն այլևս էներգիայի արտադրման համար օրգանիզմում կուտակված ճարպերն ու սպիտակուցներն օգտագործելու կարիք չի ունենում, սակայն սնուցման վերսկսման հետ մեկտեղ մեծանում է նյութափոխանակության կտրուկ տատանումների վտանգը։
Սնուցման վերսկսման համախտանիշը բացասաբար է ազդում սրտի, թոքերի, երիկամների, արյան, մկանների, մարսողության, նյարդային համակարգի վրա։
Չբուժելու դեպքում «ռեֆիդինգի» հետևանքները կարող են մահացու լինել։
Ովքեր են ռիսկի խմբում
Սնուցման վերսկսման համախտանիշի զարգացման ռիսկի խմբում այն մարդիկ են, որոնք երկարատև սով են ապրել, թերսնվել են, ունեն մարմնի զանգվածի չափազանց ցածր ինդեքս, արագ նիհարելու նպատակով ծայրահեղ դիետաներ են պահել և այլն։ Առողջական որոշ վիճակներ նույնպես մեծացնում են համախտանիշի զարգացման վտանգը՝ անորեքսիա, քաղցկեղ, ալկոհոլիզմ, կլման հետ կապված խնդիրներ կամ դիսֆագիա, աղիների բորբոքային հիվանդություններ, ցելիակիա, դեպրեսիա, չվերահսկվող դիաբետ, որոշ վիրահատություններ, այդ թվում՝ քաշի նվազեցմանն ուղղված, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և այլն։
Ինչպես նշվեց, սնուցման վերսկսման համախտանիշը կարող է հանգեցնել ֆոսֆորի և այլ կարևոր էլեկտրոլիտների անբավարարության։
Ֆոսֆորի անբավարարության մասին հուշող ախտանշաններն են՝
- շփոթություն,
- մարմնի հավասարակշռությունը պահելու հետ կապված դժվարություններ,
- նոպաներ,
- մկանների քայքայում,
- նյարդամկանային խնդիրներ,
- սուր սրտային անբավարարություն։
Հաջորդ հավանական բարդությունը մագնեզիումի անբավարարությունն է՝ հիպոմագնեմիան՝ մագնեզիումի առողջության համար վտանգ ներկայացնող ցածր աստիճանը, որի նախանշաններն ու ախտանշաններն են՝
- թուլություն,
- հոգնածություն,
- սրտխառնոց ու փսխում,
- սրտի անոմալ ռիթմ։
Սնուցման վերսկսման համախտանիշը նաև կարող է առաջացնել կալիումի մակարդակի վտանգավոր աստիճանի նվազեցում՝ հանգեցնելով՝
- հոգնածության,
- թուլության,
- հաճախամիզության,
- շնչառության հետ կապված խնդիրների, դժվարաշնչության,
- սրտի հետ կապված խնդիրների, սրտի կանգի,
- աղիների խցանման,
- պարալիզի։
Որոշ դեպքերում կալիումի դեֆիցիտը կարող է բերել կոմայի կամ մահվան։
Սնուցման վերսկսման համախտանիշի այլ ախտանշանները ներառում են՝
- հիպերգլիկեմիա կամ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ,
- հոգեկան խնդիրներ, շփոթություն,
- շիճուկում նատրումի ոչ նորմալ մակարդակ,
- հեղուկի կանգ,
- մկանային թուլություն։
Բուժումը
Բժիշկները կարող են ասել, թե ովքեր են գտնվում սնուցման վերսկսման համախտանիշի զարգացման ռիսկի խմբում, բայց անհնար է իմանալ, թե ում մոտ այն կզարգանա․ ահա թե ինչու են կանխարգելիչ քայլերը կենսականորեն կարևոր։
Սնուցման վերսկսման համախտանիշ ունեցող մարդկանց մոտ անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել էլեկտրոլիտների նորմալ մակարդակը ներերակային ներարկումների միջոցով։
Սնուցումը պետք է վերականգնել աստիճանաբար, որպեսզի մարդու օրգանիզմը հասցնի ադապտացվել ու ապաքինվել։
Մարդը պետք է գտնվի հիվանդանոցային հսկողության ներքո, որտեղ բժիշկները կարող են վերահսկել օրգանիզմի գործառույթներն ու էլեկտրոլիտների մակարդակը տարբեր անալիզների (արյան, մեզի) միջոցով։
*Համախտանիշի անվանման թարգմանությունը ոչ մասնագիտական Թէ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Լիդիա Այվազյան, ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտ, Medical News Today