Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հավատանք և վստահենք միմիայն Աստծուն». Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը՝ քաղաքական համախմբման, հավատքի անհրաժեշտության և պետականության կորստի վտանգի մասին

Սեպտեմբեր 29,2023 08:54

«Արցախցի մեր քույրերին և եղբայրներին ես ուզում եմ ասել, որ մենք չենք դադարում պայքարել նրանց համար», – Aravot.am-ի հետ զրույցում շեշտում է Դալլասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը: Նրա խոսքով՝ աշխատանք է տարվում ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ:

«Մենք խոսում ենք քաղաքական գործիչների հետ, որպեսզի կանխենք հայոց երկրորդ ցեղասպանության իրագործումը: Սրանից բացի, սակայն, մենք նաև աղոթում ենք մեր արցախցիների համար: Մենք չենք կարող մեր ամբողջ հույսը դնել այս կամ այն պետության վրա: Այդ դեպքում հիասթափությունը շատ մեծ կլինի, ինչպես եղել է նախկինում: Միայն Աստված կարող է օգնել հայ ժողովրդին, ամրացնել և պաշտպանել մեզ», – մեզ հետ զրուցելիս ասաց հոգևորականը:

Հարցին՝ ի՞նչ պետք է անել այս պայմաններում, երբ կորել է հավատը հայկական ապագայի հանդեպ և անորոշություն է տիրում ողջ հասարակությունում, Տեր Ղևոնդն ուղիղ պատասխան է տալիս. «Հայաստանի վիճակը շատ վատ է, և իր ապագան անհայտ է: Մենք չգիտենք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը»:

Այնուամենայնիվ, Տեր Ղևոնդը երկու մասից բաղկացած առաջարկ է առաջ քաշում՝ ներկա իրավիճակի ելքը փնտրելու նպատակով: «Որպես սփյուռքահայ, որը ծանոթ չէ հայաստանյան ներքաղաքական մտածողություններին, ես առաջարկում եմ, որ մենք համախմբվենք քաղաքական գործիչների շուրջ, կամ գոնե մեր թշնամիների աչքի առջև իրար չուտենք, որովհետև այսպես հեշտացնում ենք իրենց՝ Հայաստանը գրավելու նպատակի իրացումը: Իսկ հաջորդը ես կասեմ, որ պետք է վստահել ոչ ոքի և ոչնչի: Պետք է հավատանք և վստահ ենք միմիայն Աստծուն: Նա միակն է, որը կարող է փրկել մեզ», – ընդգծում է Տեր Ղևոնդը:

Դալլասի հայկական եկեղեցու առաջնորդի բնութագրմամբ՝ պետություններն ու իշխանությունները ստեղծվում և վերանում են, և միայն Աստված է հավերժ: «Մեր հավատքը 2000 տարի գոյատևել է, և գոյատևելու է մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Երբ դա կլինի՝ չգիտեմ», – ասում է նա՝ հավելելով, որ միայն մեր հավատքի հավերժականությանը հավատալով կարող ենք փրկվել:

«Հնարավոր է, որ այսօրվա Հայաստանը վերանա: Չեմ ուզում, որ այդպես լինի, բայց դա իրոք հնարավոր է: Մեկ օր Հայաստանի Հանրապետությունը կարող է այլևս գոյություն չունենալ: Բայց Հայաստանը վերացել էր նաև 600 տարի առաջ, բայց 600 տարի անց վերահիմնվեց: Սա կարող է նորից լինել, բայց ինչ էլ լինի, մեզ պետք է պահի մեր հավատքը, մեզ պետք է հույս տա մեր հավատքը, մեզ պետք է կյանք տա մեր հավատքը: Միայն այսպես կարող ենք ապրել այս անհայտության պայմաններում,» – Aravot.am-ին փոխանցեց Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930