«Ամերիկայի ձայն»․ Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա ճեպազրույցում մամլո խոսնակ Մեթյու Միլլերը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ապահովությունը և հումանիտար կարիքները հոգալու կարևորությունը: Խոսնակը հավելել է նաև, որ հարցի շուրջ միջազգային առաքելություն է իրականացվում՝ շեշտելով՝ ԱՄՆ կառավարությունը բավական լուրջ է վերաբերվում ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելությանը. «Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը ( Էնթոնի Բլինքենը) բարձրացրել է այս հարցը Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում»:
Ըստ խոսնակի, Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ նրանք աջակցում են միջազգային առաքելություն իրականացնելու որոշմանն արվել է ԱՄՆ-ի այդ հարցի շուրջ հետևողականության շնորհիվ:
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը, ով օրերս է վերադարձել Հայաստանից, Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հետ զրույցում ևս ընդգծում է հումանիտար օգնության ու միջազգային դիտորդական առաքելության կարևորությունը. «Անհապաղ մարդասիրական օգնության անհրաժեշտությունը միանգամայն ակնհայտ էր, ինչպես նաև միջազգային դիտորդների առկայությունը: Պետք է տեղյակ լինենք, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ՝ Լեռնային Ղարաբաղում։ Լսում ենք Ադրբեջանի կառավարությունից, որ ամեն ինչ լավ է, տեսնելու ոչինչ չկա, և եթե դա, իրոք, այդպես է, ապա միջազգային դիտորդներ ուղարկելով՝ պետք է համոզվենք, որ այդպես է»։
Վերլուծաբան Սթեֆան Բլանկը անբավարար է գնահատում Միացյալ Նահանգների ու ԵՄ ջանքերը՝ հումանիտար ծանր իրավիճակը կանխելու համար:
Կարդացեք նաև
«Ադրբեջանը պատճառ չունի արգելափակելու [հումանիտար միջանցքը], քանի որ հայերը հեռանում են ոչ թե նրա համար, որ Ադրբեջանը նրանց ստիպում է, այլ հեռանում են խուճապի պատճառով, թե ինչ կարող է, ամենայն հավանականությամբ, անել Ադրբեջանը: Բավարար ջանքեր չգործադրվեցին նման իրավիճակից խուսափելու համար։ Մարդասիրական օգնության, միջանցքների և այլնի կոչերը հաճելի են, սակայն այժմ արդեն ուշ է որևէ բան փոխելու համար»:
Բլանկը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ տեղի ունեցածը նման է «հաջողված էթնիկ զտմանը»:
Իր հերթին, Carnegie Europe կայքում լույս տեսած հոդվածում վերլուծաբան Թոմաս դը Վաալը կարծիք է հայտնել, որ հարձակվելով Ղարաբաղի վրա՝ Ադրբեջանի նախագահը կորցրել է եվրոպացիների վստահությունը։ «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ուժ կիրառեց՝ գրավելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքը, այդպիսով հատելով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից գծված կարմիր գիծը», գրում է հեղինակը՝ շեշտելով, որ Բրյուսելում և Վաշինգտոնում շատերը ցնցված են և իրենց խաբված են զգում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման պատճառով:
Ըստ նրա՝ այն փաստը, որ արևմտյան տերությունները անակնկալի են եկել Բաքվի նախաձեռնած հարձակումից, ուժեղացնում է ենթադրությունը, որ «Ալիևն իր ռազմական գործողությունը նախապես համաձայնեցրել է Մոսկվայի հետ»:
«Կարճ ասած՝ ժամանակն է, որ Եվրամիությունը Ադրբեջանի հետ շատ ավելի կոշտ խոսի», եզրափակում է դե Վաալը։
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում