Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգություն եւ ամոթ

Սեպտեմբեր 29,2023 10:00

2020 թվականի նոյեմբերին բացվեց մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական եւ ամենաամոթալի էջերից մեկը: 2023-ի սեպտեմբերին գրվեցին այդ էջի ամենաողբերգական տողերը: Այստեղ, ցավոք, պետք է ավելացնեմ, որ նման տողեր մոտակա ժամանակներս դեռ գրվելու են: Տասնյակ հազարավոր հայեր դարձել են գաղթական, լքել են այն հողը, որում իրենց նախնիներն ապրել են հազարամյակներով: Գանձասարն ու Ամարասը թշնամու ձեռքում են եւ հաստատ պղծվելու են: Թշնամին գերեվարել է Ռուբեն Վարդանյանին եւ նրան մեղադրել է ահաբեկչության մեջ: Կարծում եմ, նրանք, ում ուղեղը մթագնած չէ իշխանական քարոզչությամբ, այժմ կհասկանան, որ կարող են լինել մեծահարուստներ, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց հարմարավետությունը, բարեկեցությունը, ազատությունը եւ նույնիսկ կյանքը՝ հանուն գաղափարի, որին հավատում են: Թշնամու ձեռքում է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Կարծում եմ, թշնամին վրեժ կլուծի նաեւ Արցախի մի շարք այլ նախկին եւ ներկա ղեկավարներից:

Բայց այս ողբերգական իրադարձությունների շարքում ես տեսնում եմ ավելի մեծ խնդիր:

Ողբերգություն է եւ ամոթ, որ Հայաստանի քաղաքացիները շարունակում են հանդուրժել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Ողբերգություն է, որ ՔՊ-ականներն ու իշխանության մյուս քարոզիչները շարունակում են «պետականամետ» ելույթներ ունենալ եւ ստատուսներ գրել, որտեղ «ապացուցում են», որ ամեն ինչում մեղավոր են ռուսներն ու ղարաբաղցիները:

Ողբերգական է, որ նույն քարոզիչները շարունակում են կրկնել Վարդանյանի՝ «Պուտինի կողմից ուղարկված լինելու» եւ «Թաթարստանի» մասին անհեթեթությունները:

Ողբերգական է, որ նույն թափով շարունակում է աշխատել հայհոյանքներ եւ սպառնալիքներ տարածող իշխանության «ֆեյքերի ֆաբրիկան»:

Խնդիրն այն չէ, որ մարդիկ իրենց խիղճն են կորցրել: Այդպիսի (թույլ տվեք հայտնի բառն օգտագործել) «դուրսպրծուկներ» միշտ էլ կլինեն: Ողբերգություն է, որ այն պատումները, որոնք պետք է մերժելի եւ նույնիսկ զազրելի թվան, շարունակում են հնչել առանց դիմադրության հանդիպելու եւ, կարելի է ասել՝ պաշտոնապես:

Ինչպե՞ս է հասարակությունն արձագանքելու, եթե մեկն ասի, որ 1915 թվականին ցեղասպանություն չի եղել, եւ Էնվերն ու Թալեաթը ստիպված էին երկու միլիոն հայերի հետ անել այն, ինչ արել են: Կարծում եմ, դա կառաջացնի հայաստանյան հասարակության ցասումը: Բայց ամեն ինչ դեռեւս առջեւում է. եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց նման խոսակցությունները նույնպես սովորական կդառնան: Օվերտոնի պատուհանը բաց է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ցանկացած, նույնիսկ ամենադաժան իրավիճակում, մարդ թե ազգ կարող է այդ իրավիճակից դուրս գալ եւ հաղթել, դրա միակ միջոցը՝ դա պայքարն է, քանի դեռ պայքարում ես, ապրում ես, հենց հույսդ դրեցիր սրա նրա վրա եւ թուլացրիր պայքարդ, ավելի դաժան իրավիճակ ես ստանում: Մենք պետք է սիրենք պայքարել եւ նոր միայն վայելենք պայքարի արդյունքները: Պայքարը՝ դա արարչագործություն է, գիտնականը թե դպրոցականը խնդիր են լուծում, սա էլ է պայքար, զինվորն ու քաղաքագետը խնդիր են լուծում, սա էլ է արարչագործություն, ամեն մեկն իր բնագավառում եւ միայն անելանի վիճակում է, որ հավատն Արարչի հանդեպ ամենաիսկականն է եւ արդյունքում այդ հավատի Արարիչը իր ամենազորությամբ օգնում է իր հետեւուրդներին՝ արարչագործ պայքարողներին:
    Պետք չի ապավինել ուրիշներին, որքան էլ նրանք լինեն քաղաքակիրթ եւ հզոր, ապավինենք մենք մեզ, մեր հավատին, սիրենք պայքարել, որը նշանակում է հաղթահարել խոչընդոտներ եւ եթե անելանելի վիճակում չես հրաժարվում հետագա պայքարից, Արարիչը քեզ հազարապատիկ կուժեղացնի:
    Հ.Գ. Սովետը քանդեցին նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է այն պաշտպանեին, ռուսներն ունեն տերմին՝ օբոռոտնի վ պագոնախ, որոնք իրենց երկիրը վարի տալուց հետո շարունակում են վարի տալ նորանկախ պետությունները: Քանի դեռ լյուստրացիա չենք արել, պետական հիվանդության այդ հարուցիչները շարունակելու են տարածել ընդարձակել իրենց հիվանդության արեալը եւ առողջ պետությունները վարի են գնալու իրար հետեւից: Լյուստրացիայի լավ ձեւ կա՝ ձայնդ տուր նրան, ում գիտես եւ ով քեզ գիտի, թող նա էլ քո ձայնը իր ձայնի հետ տա նրան, ում ինքը գիտի եւ իրեն գիտեն: Մտավորականները թող մտածեն եւ լուծումներ առաջարկեն:

  2. Հայ մարդ says:

    Ըստ տարածված լուրերի, հայհոնանքներ ու սպառնալիքներ գրող “ֆեյքերի ֆաբրիկայի” շարքային աշխատողները մարզերում ստանում են նվազագույնը 500 հազար դրամ ամսական աշխատավարձ, իսկ Երևանում ավելի բարձր։ Նժդեհի ասած հայի տականքին նիկոլը դարձնում է կարմիր բերետավորներ, ֆեյքեր, հպատակ դատավորներ ու դատախազներ և առատաձեռն վարձատրում է նրանց։ Արդյունքում, հայի տականքը հոշոտում է հայի նորմալ տեսակին, քանի որ տականքի վարձատրության պայմանը նիկոլին ստրկամտորեն ծառայելն է և նրա մանրոգի պատվերներն իրագործելը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930