Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զինվորի պես պիտի ապրել ու գործել ցանկացած մասնագիտության ու կոչման մեջ, որպեսզի հաղթահարենք ու հաջողենք». Անի Ժամհարյան

Սեպտեմբեր 29,2023 13:30

2020թ. սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախ աշխարհի վրա

Նրանք պատմության մեջ միշտ էլ իրենց նշանակալի դերն ու տեղն են ունեցել, թողնելով իրենց փառավոր ամուսինների անվան կողքին նաեւ իրենց զուսպ կենսագրությունն ու բազում սքանչելի գործերը, տիկնայք փափկասուն հայոց աշխարհի, որոնք փառանձեմներ էին եւ աշխեններ, գոհարներ էին եւ զապելներ, այծեմնիկներ էին եւ սոսեներ: Զինվորական է, կոչումով մայոր, Հայաստանի նկարիչների միության անդամ Անի Ժամհարյանը, ում «Հայոց թագուհիներ» շարքը ստիպում է խորհել, սկսվում է փառավոր անուններով մինչ Թմկաբերդ եւ ոչ միայն: Նրա խոսքերով ուզում է պատկերել այն, ինչ ունեցել ենք, եւ այն, որի պատմությունից կարելի է միայն դասեր քաղել:

Ներկայացնում եմ զրույցս ՀՀ ԶՈՒ մայոր, գեղանկարչուհի Անի Ժամհարյանի հետ:

– Անի, որպես հայ մայր, զինվորական, ինչպե՞ս եք այս իրականությունն ընկալել եւ որն էր առաջին արձագանքը, ունեինք հաղթած Արցախ, հետո կիսապարտված ու հիմա արդեն կապիտուլյացիայի ենթարկված Արցախ, չհայտարարված, համազգային սուգ է ամենուր:

– Ի՞նչ կզգա զավակին կորցրած մայրը, ցավ, դատարկություն, բայց կապիտուլյացիա բառի հետ չեմ հաշտվի, որովհետեւ դեռ հարց է՝ ով պարտվեց եւ ով տանուլ տվեց։ Բոլորն էլ ունեն մեղքի բաժին, սրճարաններում հանգիստ վայելող, մուսուլմանական երկրներում կիսամերկ հանգստացողները, ոտքը ոտքին գցած ինտերնետային «հերոսներ» են, բայց իրական կյանքում ոչինչ չունեն արած: Մենք պարտվեցինք ոչ թե պատերազմում, այլ կյանքում, մենք վաղուց էինք պարտվել, վաղուց էինք կորցրել Արցախը, երբ անտարբերություն ու թշնամանք ստեղծվեց միմյանց նկատմամբ, երբ մեկս մյուսիս ատել սկսեցինք, մեկս մյուսիս ցավով չապրեցինք, երբ մահացած հարազատին հիշեցինք միայն հոգեհացի օրը, սուտ բաժակաճառերով: Մենք Արցախը վաղուց էինք կորցրել, երբ թալանչու ձեռքը չկտրեցինք, երբ անձնական բարեկեցությունն ամեն ինչից վեր էր դարձել։

– Ի՞նչ է առհասարակ մասնագիտությունը մարդու կյանքում եւ քեզ համար, ով մի քանիսն ունի եւ բոլորին էլ կարելի է անվարան ասել, որ տիրապետում է գերազանց:

– Առաջին մասնագիտությունով նկարչուհի եմ, ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինը, այնուհետեւ ավարտել եմ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կապի բաժինը, այնուհետեւ Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության մագիստրատուրան, ստանալով իրավագետ-մագիստրոսի որակավորում։ Հայաստանի նկարիչների միության անդամ եմ: ՀՀ ԶՈՒ մայոր, ով երազում է իր տունը դարձնել Հովհաննես Թումանյանի Վերնատան պես մի օջախ, որտեղ հայեցի արժեքներ են սերմանվելու եւ նրա կարմիր տանիքի տակ նոր ու հզոր արվեստի գործեր են ծնվելու։ Ես հայրենիք եմ նկարում, սեր ու արեւ, լինելով զինվորական, ով հպարտորեն է կրում իր ուսադիրները, համադրելով մեծ արվեստի հետ, զինվորականի ուղին ժամանակավոր է, արվեստինը հավերժ, մի օր պիտի գա ժամանակ, երբ համազգեստը պիտի հանես։ Կարեւորը պատվով կրես ու արժանի լինես այդ համազգեստին։

– «Ժամանակավոր զինվորականներ» չեն լինում իմ համոզմամբ, դա ապրելակերպ է, այդպես չէ՞: Եթե բոլորս զինվոր լինեինք մեր տեղում, ապա…

– Այո, դա կարգապահություն է, բնավորություն է, ճշտապահություն, առաջադրանքը կատարելու մեջ մաքսիմալն անելու հրամայական, որը դառնում է քո բնույթը ամեն ինչում, դաստիարակում կամք, սովորեցնում հոգեպես ուժեղ լինել, խնդիրներին նայել որպես առաջադրանք, որը ունի լուծում եւ այն գտնելու ճանապարհը պետք է գտնել, լինել պատասխանատու որպես մարդ արարքներիդ, ապրածիդ համար, արյանդ մեջ է այդ ամենն անցնում։

– Ին՞չն էր, որ զինվորականի մասնագիտություն ընտրելու ճանապարհը ընտրել տվեց արվեստագետի հոգով ու բնույթով մի աղջկա, ով արդեն իսկ ուներ սիրած ու հոգեհարազատ մասնագիտությունը։

– Զինվորականի մասնագիտությունը մեզ մոտ գեներով է գալիս։ Հայրական պապիկս սպա էր, զինվորական են նաեւ եղբայրներս։ Գեներն են խոսել եւ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եմ եղել:

– Պատերազմը քո գիտակցության մեջ, քո աչքերով, ի՞նչ փոխեց այն քո ներկապնակում:

– Պատերազմն իմ աչքերում ու հոգում փոխեց ամեն ինչ, մինչեւ պատերազմ ես լրիվ ուրիշ երազանքներ ունեի, հետո փոխվեց ամեն ինչ ու երազանքներս էլ փոխվեցին։ Ես ցուցահանդես պիտի բացեի Շուշիում, բայց ներկապնակիս գույները փոխվեցին ու ես հասկացա, որ պատերազմը սեւ գույն ունի, վառոդի հոտ ունի, բայց ես իրավունք չունեմ սեւ գույներով նկարել, որովհետեւ ես հավատում եմ Հայի ուժին, Հայ զինվորի ու զորականի բազկի ուժին։ Պատերազմի ընթացքում գրիչով երեք էսքիզ արեցի, որոնք աշխարհի խուլ ու համր, կույր տեսակն էին խորհրդանշում ու մեր հրաշք ազգին, որ իր խաչը պիտի տաներ մեծ գերտերությունների շախմատային խաղատախտակով։

– Մեզանում հաճախ ենք հանդիպում պատերազմը, կռվի դաշտը կնոջ տեղ չէ, կնոջ գործ չէ խոսույթին եւ դրա համեմատ ճիշտ հակառակին, երբ կանայք ավելի մեծ ոգեւորություն են ցուցաբերում ռազմական գործի յուրացման մեջ: Մեր գրեթե բոլոր պատերազմներում հերոսական կանանց պակաս չենք ունեցել, արցախցի կանայք ամուսինների կողքին էին, խրամատներում, այսօր որքանո՞վ է անհրաժեշտ լինել նաեւ պաշտպանական, ռազմական գործի մեջ, սա զուտ տարածաշրջանային դիրքի ու ոխերիմ հարեւանների գոյության ու ամեն պահ պատերազմի սպասման մեջ ապրող ազգի ապագայի անխուսափելի պահա՞նջ է։

– Հայ կնոջ հզոր տեսակը միշտ ենք ունեցել: Պատմությունը ցույց է տվել մեր հզոր թագուհիների փառավոր օրինակները, օրինակ՝ Փառանձեմ թագուհին։ Այո, կինը պիտի միշտ ուժեղ լինի, որովհետեւ տղամարդու եւ զավակի հենարանն է, ուժ տվողը։ Կինը պարտավոր է զենք բռնել սովորել, որովհետեւ մենք պատերազմող երկիր ենք ու ցանկացած պատերազմող երկրում կին թե տղամարդ պիտի մարտիկ լինի։ Լավ օրինակ էր Իսրայելի օրինակը, բայց մենք ավելի հզոր պոտենցիալ ունենք ու պարտադիր է յուրաքանչյուր կին իր զավակին օրորոցից հայրենասեր զավակ դաստիարակի։ Ես դա նկարել եմ, հետո նկարեցի զինվորական կոշիկներ ու խաղաղության աղավնի, դռան կողքին, չէ՞ որ խաղաղության աղավնին գալիս է այն ժամանակ, երբ մենք ուժով ենք պարտադրում, իսկ այդ ուժը զինվորականի կոշիկների հստակ քայլերի մեջ է։ Հետո նկարեցի մի ճյուղից ու մի արմատից ծնված ու հզորացող ազգ, ստեղծող ու արարող։ Տիգրան Մեծին էլ եմ անդրադարձել նման մեսիջներով, վստահ եմ, որ մի օր ծովից ծով Հայաստան ենք ունենալու։

– Այս իրադարձությունների ֆոնին իլյուզիա չի՞ թվում, մի՞թե խաբկանք չէ այդ ամենը:

– Չէ, խաբկանք չէ, որովհետեւ առաջինը պիտի օգտագործենք մեր հզոր ներուժը, մեր գիտական պոտենցիալը, որն ունենք: Չպիտի աղոթենք ու ոչինչ չանենք, պիտի ուժեղանանք, թող ինձ ների Աստված, բայց ուժի մեջ է ցանկացած աղոթք:

– Որտե՞ղ գտնենք այս չարի վերջը, սիրելի Անի, եւ որ երկնքից ընկնող երեք խնձորները չլինեն թունավոր:

– Յուրաքանչյուրիս մեջ բարին պիտի ավելանա, լավը տարածենք մեր շուրջ, ինչքան հնարավոր է բարությամբ վարակվենք իրար հանդեպ, կտեսնենք, որ չարը չկա: Ես հեքիաթներ շատ եմ սիրում ու հավատում եմ նրանց իրականությանը կյանքում։

– Արդյո՞ք կնոջ վրա դրված բազմաթիվ պարտականությունների հետ սա չի հեռացնում նրան օջախի կին, մայր լինելու առաքելությունից, որը հայերիս մեջ գոնե ունի իր նշանակությունն ու տեղը։ Երկու զավակ եք մեծացրել լինելով զինվորական, հե՞շտ էր։

– Հեշտ չի եղել երբեք ու հիմա էլ հեշտ չի: Իմ զավակներն իմ հետ ապրել են այն ամենն, ինչ ապրել եմ, բայց գիտեմ, որ հպարտության պահեր դեռ շատ կզգան, իհարկե, առաջինը հենց իմ զավակներից եմ տարել, նրանց սիրուց, հոգատարությունից եմ տարել, ինձ եմ տարել իմ զավակներից, նրանց սիրուց ու նրանց հանդեպ հոգատարությունից կտրել, ավելացրել Հայրենիքին, շատ դժվար է եղել ու հիմա ավելի դժվար է։

– Որպես հայ, ինչի՞ն պիտի միշտ պատրաստ լինենք եւ ինչպե՞ս պիտի մեր գիտակցության մեջ մտցնենք սեփական հայրենիքը հզորացնելու բոլորեքյան պարտականությունը:

– Որպես հայ, ցանկացած պահի պիտի պատրաստ լինենք պատերազմի, թող Աստված ինձ ների, բայց աղոթքով չես կռվի, գոտեպնդվես գուցե, բայց աղոթքներով չէ միայն, որ պիտի հզորանաս, այլ գիտելիքով, հզորանում են ուժով: Եկեք սրտացավ լինենք մեկս մյուսի հանդեպ, մանրուքները գնահատենք ու շնորհակալ լինենք նրանով, ինչ ունենք։

– Ի՞նչ են նկարելու զինվոր–նկարչուհի Անիի վրձինն ու ներկերը, ո՞ւր են տանելու մտքերը: Ճանապարհը զգացնե՞լ է տալիս:

– Նոյեմբերի 1-ին Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում իմ անհատական ցուցահանդեսն եմ բացելու։ Նկարներս ամեն մեկը մի հայրենիք է։ Թմկաբերդի առումն եմ ուզում նկարել, նաեւ հայոց թագուհիներին, շարք պիտի ստեղծեմ, ովքեր եղան իրենց ազգի կողքին: Ես հավատում եմ լույսին, իսկ նրանք, որ խավարով եկան մեզ վրա, ովքեր կողքից նայեցին ու ոչինչ չարեցին՝ թող սպասեն սարսափելի, ահեղ դատաստանի, որովհետեւ ամեն վատ բան մի օր վերջանում է, չարի վերջով։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930