Ասում է առաջին անգամ Հայաստան այցելած դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ 15-րդ անգամ անցկացվող դասական երաժշտության միջազգային փառատոնի սեպտեմբերի 15-ին կայացած բացման համերգից հետո առաջին անգամ ծրագրված էր փառատոնի շրջանակներում անցկացնել համերգային տուրնե Մեղրիում, Կապանում, Գորիսում եւ Գյումրիում, մասնակցությամբ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկիի։ Հիանալի մտածված այս նախաձեռնությունը, ցավոք, հասկանալի պատճառով չիրականացվեց։ Այն կկայանա Երեւանում, սեպտեմբերի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ ինչպես նախատեսված էր՝ ծրագրում միայն Արամ Խաչատրյան։
Գլխավոր փորձի ընդմիջմանը զրույցի հրավիրեցինք Ստանիսլավ Կոչանովսկիին, որը նույնիսկ չսպասելով մեր հարցին, ասաց. «Կարիերայիս հենց սկզբից ոչ միայն շփվել, այլեւ բազմիցս համերգային ուղեւորություններով շրջագայել եմ ձեր տաղանդավոր երաժիշտների հետ, ավելին՝ վաղուց արդեն նրանցից մի քանիսը բարեկամներս են՝ բառի իսկական իմաստով։ Միխայլովսկիի եւ Մարիինյան թատրոններում բազմիցս ղեկավարել եմ օպերային ներկայացումներ՝ մասնակցությամբ հրաշալի բարիտոն Գեւորգ Հակոբյանի, տենոր Հովհաննես Այվազյանի, ռուսաստանաբնակ ձեր հայրենակցուհի Մարիա Գուլեգինայի եւ մյուսների։ Մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ՝ որպես ասիստենտ, նույն թատրոնում 2008թ. խորեոգրաֆ Գեորգի Կովտունի հետ իրականացրել ենք Խաչատրյանի «Սպարտակը»։ Շատ եմ ափսոսում, որ պատերազմի պատճառով չեղարկվեցին համերգները Հայաստանի մարզերում… Երբ ընկերներս իմացան փառատոնին իմ մասնակցության մասին, կատակեցին՝ ծննդյանդ օրը կնշես Երեւանում, վերադառնալուն պես էլ մենք բարի գալուստ կասենք 42-ամյակիդ։ Նրանցից ոմանք, որ եղել էին այստեղ, ինձ «պատրաստեցին», ասելով՝ գնում ես Շվեյցարիա, նկատի ունենալով հրաշք բնությունը»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ իր նշած հայ բարեկամների թվում առաջին հորիզոնականում է Սերգեյ Խաչատրյանը, դիրիժորը հաստատեց, տեղեկացնելով. «Տաղանդավոր երաժշտի, հիանալի մարդու եւ վերջապես՝ եղբորս հետ, համերգներ ենք ունեցել մեկ-երկու բացառությամբ՝ ամբողջ աշխարհում։ Երեւանյան համերգից անմիջապես հետո մեկնում ենք Իսպանիա, որտեղ անցյալ տարվանից պլանավորված է երեք համերգ… Կրկնում եմ՝ շատ եմ ափսոսում, որ չկայացան մարզային համերգները եւ թույլ տվեք բարձրաձայնեմ, որ Սերգեյ Խաչատրյանի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության որոշմամբ՝ կայանալիք համերգի հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի օգնությանը»։
Ճանաչված սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ ու ազգային նվագախմբերի, այդ թվում՝ Վաշինգտոնի, Դրեզդենի, Դանիայի, Նիդեռլանդների, Ռոտերդամի եւ այլն, ինչպես նաեւ օպերային թատրոնների ցանկալի հյուր մաեստրո Կոչանովսկին կարճ ժամանակահատված վարել է ադմինիստրատիվ աշխատանք, օրինակ՝ հանդիսացել է Սաֆոնովի անվան պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա 2024թ. ստանձնելու է Գերմանիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Հաստատելով ասվածը, մաեստրոն ժպտալով ասաց, թե մոտ 7 տարի ազատ արվեստագետ է, զերծ ադմինիստրատիվ աշխատանքներից, ինչը թույլ է տալիս ավելի շատ շրջագայել… Մենք էլ հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչն էր ստիպում «գերմանական» պաշտոնին համաձայնելուն։ Մեր զրուցակիցը նախ նշեց, թե 7 տարիների ընթացքում մի շարք նման առաջարկներ է ունեցել. «Իսկ ձեր խոսքով՝ «գերմանական» պաշտոնին համաձայնել եմ, քանի որ այս տարվա ամռանից բնակվում եմ այդ երկրում»։
Հարցին՝ գուցե Հայաստան հաջորդ այցին իրեն հանդիպենք նաեւ մեր օպերային թատրոնում, մանավանդ ժամանակին «մարտնչել» է մաեստրո Դուրգարյանի հետ, դիրիժորը ընդամենն ասաց. «Ես էլ եմ այդպես կարծում»։ Իսկ թե ինչպես է ստացել մեր ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր մաեստրո Թոփչյանի կողմից հրավերը, պատասխանը դարձյալ հակիրճ էր. «Մենք միմյանց առայժմ ճանաչում ենք օնլայն»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.09.2023