Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին, Աշտարակում՝ հայ դասական գրող Պերճ Պռոշյանի հայրական տան հիման վրա։ Այն Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղն է։ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանն ընդգրկված է Աշտարակի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Աշխատակազմը հիմնականում բաղկացած է իրենց գործը սիրող նվիրյալ երիտասադներից: Այցելուներն այստեղ նորովի են ծանոթանում Պռոշյանին, նրա միջոցով նաեւ այլ գրողների ու ժամանակի անցքերին:
Թանգարանի ցուցասրահներից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս սրահներում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանց մեծ մասը ձեռք է բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ:
Այստեղ է պահվում նաեւ Պռոշյանների տոհմական Ավետարանը, որի վրա թվագրված է 1339 թ.: Թանգարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ մեծ թիվ են կազմում թանգարան այցելող զբոսաշրջիկները: Նրանք հիմնականում ռուսներ են, բայց գալիս են նաեւ եվրոպական երկրներից:
Կարդացեք նաև
Թանգարանն ունի գեղեցիկ բակ, որը նույնպես գրավում է այցելուներին:
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանն ամենաակտիվ գործող թանգարաններից է, այն տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում՝ ներառյալ վարպետաց դասերն ու փառատոները, իրականացնում տարբեր ծրագրեր, այդ թվում՝ հայկական ավանդական արհեստների ուսուցման եւ սկսնակ զբոսավարների դասընթացների ծրագիրը: Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանության վրա ուշադրություն հրավիրելու նպատակով այստեղ անցկացվել էր «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոն: Նաեւ հայկական ծիսահարսանիք է իրականացվել:
Պերճ Պռոշյանը եղել է ժամանակի ամենաշատ ճամփորդած ու լուսավոր մարդկանցից մեկը, նա մեծ դերակատարություն է ունեցել դպրոցաշինության գործում: Պռոշյանն առաջին երկսեռ դպրոցի հիմնադիրներից մեկն է եղել:
Գրողը հումորի բացառիկ զգացողություն է ունեցել: Նրա տուն-թանգարանում Ղազարոս Աղայանի դիմապատկերով ձեռնափայտ է պահվում: Պռոշյանն այն հատուկ էր պատվիրել, ու երբ այդ ձեռնափայտը ձեռքին զբոսնում էր, ու հարցնում էին, թե ինչ է անում, Պռոշյանը պատասխանում էր, թե Աղայանի հետ ման է գալիս: Իմիջիայլոց, միմյանցից նեղացած ու տեւական ժամանակ չշփվող գրչակիցներին հաշտեցրել է Հովհաննես Թումանյանը:
Պերճ Պռոշյանն առաջիններից էր, որ 1860-ականներին լուսանկարչությունը ներմուծեց Հայաստան: Նա հիմնականում լուսանկարել է իր ժամանակի նշանավոր մարդկանց՝ Րաֆֆուն, աշուղներ Ջիվանուն եւ Ջամալին, իր ընտանիքի անդամներին, կնոջը՝ Աննային, դստերը՝ Պերճանույշին, զինվորականների, արցախցիների, նախիջեւանցիների: Ալեքսանդր Շիրվանզադեն իր՝ «Կյանքի բովից» հուշագրության մեջ զվարճալի դրվագ է ներկայացրել Պերճ Պռոշյանի լուսանկարչական գործունեությունից: Շուրջ մեկ տասնյակ զինվորներ մտել են Պռոշյանի արհեստանոց ու խնդրել, որ իրենց լուսանկարի առանձին-առանձին: Քանի որ բոլորը զինվորական համազգեստով միմյանց նման էին, Պռոշյանը լուսանկարել է զինվորներից միայն մեկին, ու նույն նկարը բազմացնելով՝ բաժանել բոլորին, զինվորները շառ գոհ հեռացել են: Պռոշյանն էլ խոստովանել է. «Այդ ռուս զինվորներն այնքան են իրար նման, որքան գետնախնձորները մի տոպրակի մեջ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
28.09.2023