Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը փրկում է նաեւ իր դեմքը կրած պարտությունից

Սեպտեմբեր 29,2023 12:00

Նրանք արժանի՞ են մնալու այս տարածաշրջանում, եթե այո, ապա` միայն ՀՀ շահերին համահունչ ու մեր պայմաններով

Հայաստանն իր պատմության ամենաողբերգական փուլերից մեկում է այս օրերին: Հույզերի ու զգացմունքայնության այս աստիճանում մենք օբյեկտիվորեն գնահատում ենք իրադարձությունների տարափն առավել մակերեսայնորեն, չենք հասցնում դրանք խորքային վերլուծել:

Գրեթե 3 տարի մենք լսում էինք ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները, ռուսաստանցի մեկնաբանների ուղղորդված գնահատականները, ու մեզանում կար ու հիմա էլ կա մի շերտ, որ մինչեւ վերջերս էլ չէր հավատում, որ ռուսական ներկայությունը չի խոչընդոտելու Արցախի հանձնմանը Ադրբեջանին:

Տասը տարուց ավելի ռուսական ազգանուններով մի շարք գործիչների ադրբեջանամետ մեկնաբանություններն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, Հայաստանում «խորիմաստ» գնահատողներ կային` «դե, ադրբեջանական նավթադոլարներից են սնվում»: Մեր «խորաթափանց» վերլուծաբաններն այդպես էլ համարձակություն չունեցան արձանագրելու, որ դա ռուսական պետական քաղաքականության արդյունք է, եւ միայն այդ պատճառով այդ ռուսաստանցիները կարող էին իրենց թույլ տալ «սնվել ադրբեջանական նավթադոլարներից»:

Արցախի անկումից անմիջապես հետո Ռուսաստանից արդեն Հայաստանի ապագայի մասին են հնչում մեկնաբանություններ: Ռուսաստանի իշխող` «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ, Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովն է վերջին օրերին բավական ակտիվություն ցուցաբերում: «Ռուսաստանը կվերադառնա 2-րդ աշխարհամարտից հետո իր սահմաններին։ Կվերականգնենք նաեւ այս տարածքի (Հայաստանի) նկատմամբ մեր վերահսկողությունը։ Երեւանը հետ կվերադառնա, ինչպես նախկինում եղել է` պատմական իրողություն։ Նահանգապետ կլինի այնտեղ, կամ ինչ-որ բան»։ Եվգենի Ֆեոդորովը մեկ այլ «ուշագրավ» հայտարարություն է արել. «Եթե Ադրբեջանը բռնակցի Զանգեզուրը, դա միջազգային իրավունքի խախտում չի լինի»։

Հիմա Հայաստանում կգտնվեն փորձագետներ եւ գործիչներ, որոնք այս հայտարարությունները եւս կպայմանավորեն «ադրբեջանական նավթադոլարներով», բայց երբեք սա չեն դիտարկի որպես Մոսկվայից հնչած քաղաքական գնահատական:

2020թ. նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական Մոսկվան չզլացավ շարունակաբար հայտարարել, որ` կողմ է ԼՂ-ում հայերի եւ ադրբեջանցիների ինտեգրմանը, կողմ են տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանն ու սահմանագծմանը: Բնականաբար` այս ամենը բացառապես Մոսկվայի հովանու ներքո ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը Արեւմուտքի հովանու ներքո բանակցությունների են մասնակցում, տեղի ունեցավ այն, ինչ այսօր է տեղի ունենում: Մոսկվան չի էլ թաքցնում, որ այդպես էլ պետք է լիներ: Օրերս ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան ուղղակի խոստովանել է. «Վերջին տարում Վաշինգտոնը, Բրյուսելն ու Փարիզը իրենց մասին հայտարարում էին որպես տարածաշրջանի նոր միջնորդներ ու նոր հովանավորներ։ Տեսաք, թե ինչի բերեց այդ ամենը»։

Իհարկե, «տեսանք, թե ինչի հանգեցրեց»-ի հարցում Մոսկվան արդեն պաշտոնական Երեւանին է կարգել մեղավոր: Ռուսական դավադրության վերջին արարը Արցախում Ադրբեջանի վերջին գործողություններն արդարացնելու ճանապարհին Մոսկվայի կողմից պաշտոնապես ՀՀ ռազմական ներկայության մասին սուտ վկայություն տալու դրվագն էր: Բայց սա չի անհանգստացնում հայաստանյան ընդդիմությանն, օրինակ, որը մինչեւ վերջերս Արցախի փրկությամբ էր զբաղված եւ շարունակ հայտարարում էին` «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ քննադատելով Փաշինյանի հայտարարությունները, նրա քաղաքականությունն Արցախի հարցում, բայց ընդամենը 2 նախադասություններն արդեն իսկ բավարար են հասկանալու, թե ինչպես է Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահների վրայից մաքրում պատասխանատվությունը ու ինչպես է արդարացնում Արցախում Ալիեւի վերջին ցեղասպանական գործողությունները: «Իրավիճակը թեժացրեց նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական Երեւանի կողմից ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակվող ներկայության համառ ժխտումը, ինչը դարձավ վերջին` սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։ Սեպտեմբերի 20-ին խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հայկական մնացած ստորաբաժանումները դուրս բերելու եւ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը» ծանր տեխնիկայի եւ սպառազինության դուրսբերմամբ ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ, բացահայտեց իրական պատկերը եւ ստեղծեց նախադրյալներ կայուն ապաէսկալացման համար»:

Իսկ մտորե՞լ եք այն մասին, որ Արցախի անկմամբ, հնարավոր է, որ սկսվում է նաեւ Պուտինյան Ռուսաստանի անկումը, եւ դրանով է պայմանավորված Ռուսաստանի դիմադրության քայլերը մեր տարածաշրջանի համար, որից նրանք վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ:

Իսկ այսօրվա Ռուսաստանը «մարսելո՞ւ» է Արցախի անկումը: Վերջին օրերին անգամ ռուսաստանցի որոշ փորձագետներ ընդդիմանալով Արցախում եւ Հայաստանում Ռուսաստանի ցուցաբերած «լոյալությանն» ու «թուրք-ադրբեջանական տանդեմի շահերով առաջնորդվելու քաղաքականությանը», անգամ հիշեցնում են, թե ինչպես Ղարաբաղը մնաց «ռուսների կոկորդում» 30 տարի առաջ ու «Խորհրդային միության փլուզմամբ վճարեցինք»:

Ինչո՞ւ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Մոսկվան ու հայաստանյան որոշ ուժեր լծվեցին Ռուսաստանի վրայից մեղքեր մաքրելու հստակ գծին: Որպեսզի Հայաստանում իշխանափոխությո՞ւն լինի… Ո՛չ: Որպեսզի այդքան ակնհայտ չերեւա Արցախի անկմամբ նաեւ Ռուսաստանի պարտությունը մեր տարածաշրջանում:

Մոսկվան արդեն հրապարակային է հայտարարում, որ չի լքելու այս տարածաշրջանը, նշանակում է ՌԴ-ի պարտությունն արդեն ինչ-որ չափով տեղի է ունեցել: Այստեղ կարող են հակադարձել, ուրեմն ի՞նչ, ռուս-թուրքական դաշինք չկա՞… Այս պահին կա, որովհետեւ դա բխում է Մոսկվայի ու Անկարայի շահերից, եւ ինչ-որ առումով նաեւ` Արեւմուտքի շահերից, որովհետեւ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, Արեւմուտքից Պուտինի հետ «խոսում» է միայն Էրդողանը:

Մոսկվայից վերջին օրերին հնչող հայտարարություններն արդեն բավական ջղաձիգ են: Կրեմլից օրերս հայտարարեցին, որ ԱՄՆ-ն չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ եւ տնտեսական անվտանգության ապահովման հարցում։ «Եթե խոսում են էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա դժվար թե ինչ-որ բան համադրվի ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսության հետ։ Դժվար թե դա կրկին համեմատվի Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որում նա հավաստիացնում էր Փաշինյանին, որ ցանկանում է զարգացնել համագործակցությունը անվտանգության եւ էներգետիկայի ոլորտում:

Արեւմուտքից այս օրերին վերջապես ականջալուր եղան պաշտոնական Երեւանի հորդորներին` Արցախում առաքելություն ուղարկելու վերաբերյալ, դրա անհրաժեշտության մասին ամերիկյան պատվիրակության անդամները Հայաստանում հայտարարեցին, իսկ դա անմիջապես արժանացավ նախ` Մոսկվայի, ապա Բաքվի հրապարակային ընդվզումներին:

Լեռնային Ղարաբաղում ցանկացած առաքելություն պետք է համաձայնեցվի Բաքվի հետ, ոչ ավել, ոչ պակաս նշեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի քննարկել իրավիճակը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ: Իսկ սա արդեն պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է նույն թեմայի վերաբերյալ` Հիքմեթ Հաջիեւի շուրթերով. «Չեմ կարծում, որ ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության կարիք կա, քանի որ իրողություններն ակնհայտ են, Ադրբեջանը թաքցնելու ոչինչ չունի: Ադրբեջանը միշտ դեմ է եղել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական մրցակցությանը: Պետք է տարածաշրջանը չդիտարկել աշխարհաքաղաքական մրցակցության պրիզմայով»։

Անկարայի ու Բաքվի հաջորդ նպատակը Սյունիքի ուղղությամբ հարձակումն է: Հայաստանում իշխանությունը, ընդդիմությունը եւ հասարակությունը պետք է անկեղծ լինեն` կո՞ղմ են ՀՀ ինքնիշխանության հաշվին միջանցքի գոյությանը, եթե ոչ` դա պետք է լինի համազգային հստակ պատասխան բոլոր աշխարհաքաղաքական խաղացողներին: Եթե` կո՞ղմ  են, ապա` պետք է պատասխանեն այս հարցին` ո՞վ է «տնօրինելու» այդ «միջանցքը»: Եթե հայաստանյան քաղաքական դաշտի նպատակը ռուսներին միջանցք տրամադրելուն է ուղղված, ապա բոլորի խաղը միանգամայն հասկանալի է: Մնացած ամեն ինչ, ինչպես ասում են, «քնարերգություն» է:

Եվ ամենավերջում, եթե Ռուսաստանը որոշել է ոտքի կանգնել, ապա դա չպետք է տեղի ունենա արդեն Հայաստան պետության զոհաբերման հաշվին, որովհետեւ մենք պետք է հարց տանք ինքներս մեզ` իսկ նրանք արժանի՞ են մնալու այս տարածաշրջանում, այն էլ` մեր պետության կորստի հաշվին…

Հետեւաբար, եթե պատասխանը դրական է` նրանք մնում են այս տարածաշրջանում, ապա` բացառապես մեր շահերին համահունչ ու արդեն մեր պայմաններով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930