«Այսօր ԿԸՀ-ն նիստ էր գումարել։ Այս նիստը կարևոր էր նրանով, այն ավագանու անդամները, որոնք ուզում էին վայր դնել իրենց մանդատները, դա պետք է անեին մինչև այդ նիստի ավարտը։ Եթե դա չեն արել, ապա իրենք մնում են ավագանու անդամներ։ Ավագանու անդամների ցանկը հաստատվեց, և այն գործում է մինչև ավագանու առաջին նիստը և քաղաքապետի ընտրությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության մանդատներին՝ Հայկ Մարությանն ասաց․ «Հանրային ձայնն» ունի յոթ մանդատ, և այդ յոթը որ ուներ, դա հաստատվեց։ Այդ յոթից առաջին երկուսը՝ Արտակ Գալստյանը կալանքի տակ է, իսկ Տիգրան Ուրիխանյանը գտնվում է հետախուզման մեջ։ Դա նշանակում է, որ իրենք չեն կարող ներկա գտնվել ավագանու առաջին նիստին․ այսինքն՝ «Հանրային ձայն»-ի յոթ ձայնի փոխարեն լինելու է միայն հինգ ձայն։ Իսկ սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 ձայնն այլևս չկա, քանի որ այդ պահին կլինի 33 մինուս 2 ձայն, այն է՝ 31 ձայն, և ընդդիմադիր քաղաքապետ չի կարող ընտրվել։ Այս պարագայում, ինչպես հայտարարել էինք ընտրություններից հետո, մենք ունենք միայն մեկ տարբերակ՝ գնանք նոր ավագանու ընտրությունների։
Մեր խմբակցությունը հայտարարում է, որ մենք գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների։ Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նիստին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին։ Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվելու, որ չապահովվի քվորում, որ նիստը տապալվի, քաղաքապետ չընտրվի, և գնանք նոր ավագանու ընտրությունների։ Հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը, որ չեն գալու նիստի, և գնանք նոր ընտրությունների։
Մնում է միայն «Հանրային ձայնի» դիրքորոշումը։ Եթե Հանրային ձայնի՝ անգամ մեկ ավագանու անդամը գնա ու ներկա գտնվի, թեկուզ բոլորին դեմ քվեարկի, կամ ձեռնպահ, ապա ավագանու նիստը կկայանա, և կընտրվի իշխանության թեկնածուն։ Եթե «Հանրային ձայն»-ի ավագանու անդամները չգնան նիստին, ապա նիստը չի ունենա քվորում, չի կայանա, քաղաքապետ չի ընտրվի, և իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում։ Որոշումը իրենք կկայացնեն»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե աթոռակռիվ են անում, Հայկ Մարությանն ասաց․ «Սա ապացուցում է, որ մենք այս ընթացքում չենք զբաղվել աթոռակռվով։ Եթե զբաղվեինք՝ հեշտ այդ աթոռը կվերցնեինք․ ով ինչ ուզում էր, կտայինք, կզբաղեցնեինք մեր աթոռը։ Մենք արել ենք հակառակը, մենք զբաղվել ենք սկզբունքակռվով, մենք կռվել ենք մեր սկզբունքների համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ