Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրի․ բնակարանների վարձը թանկացնողներ ու արցախցիներին իրենց տներն անվճար առաջարկողներ

Սեպտեմբեր 28,2023 20:20

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ժամանմանը զուգահեռ Գյումրիում   հակասական պատկեր է ստեղծվել։ Այսօր Գյումրու քաղաքապետարանի միջանցքում, որտեղ գրանցում են մեր հայրենակիցներին, ականատես եղանք, թե ինչպես սրտացավ մի քանի մարդիկ մոտեցան Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին՝ առաջարկելով իրենց տներն անվճար տրամադրել։ Նրանցից մեկն ասաց՝  իր տունն ազատ է,  միայն թե պոկվել են բաղնիքի սալահատակները, դա է անհրաժեշտ վերանորոգել։

Այս իրականությանը զուգահեռ՝ կա մեկ այլ պատկեր, երբ երեկվանից բարձրացրել են վարձով տրվող տների գները։ Այս մասին նույնիսկ ահազանգեցին արցախցի մեր հայրենակիցներին կացարաններ փնտրող բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ հորդորելով վարձով բնակարանների խելամիտ գներ առաջարկել։

Aravot.am-ի հետ զրույցում  Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց․ «Ճիշտ չեմ գտնում, որ վարձ են թանկացնում, եթե մի ժամանակ դիտարկում էինք, թե թանկացումը զբոսաշրջային հոսքով է պայմանավորված, թեև դա էլ ընդունելի չէ, բայց հիմա անընդունելի է տան գներ բարձրացնել՝ կապված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գալով։

Իմ կարծիքով, ամեն մարդ պիտի խիղճ ունենա և իր խղճի դեմ պատասխան տա։

Անընդունելի է, հրավիրել եմ բնակարանատերերին ու բրոքերներին, ասել եմ խղճով շարժվեք, մի բան էլ շուկայականից ցածր գին սահմանեք, չե՞ք տեսնում  այս մարդկանց վիճակը, մի կերպ են Գյումրի հասել։

Բացատրում ենք, ինչ-որ մեկն ընդունում է, ինչ-որ մեկը չի ընդունում, բայց եկեք չվատաբանենք մեր քաղաքի բնակչությանը։ Հույսով եմ՝ բոլորի մոտ էլ կա խոհեմություն, կհասկանան,հարմար տարբերակով կտրամադրեն»։

Քաղաքապետն ասաց, որ շատ մարդիկ են գալիս են, անվճար տներ են առաջարկում, սնունդ ու շորեր են բերում, հիգիենայի պարագաներ, նրանց ուղղորդում են «Հայորդաց տուն», որտեղ պահեստավորում են, ուզում են մի տեղ հավաքել օգնությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930