Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ի հանձնարարականը ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ

Սեպտեմբեր 28,2023 18:30

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` առաջարկելով իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ: 

Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «ԼՂ հազարավոր ընտանիքներ բռնի տեղահանվում են Հայաստանի Հանրապետություն՝ ունենալով համակողմանի աջակցության և հոգատարության կարիք: ՀՀ կառավարությունը հոգում է բռնի տեղահանված ընտանիքների պաշտպանության, կեցության, առաջնային անհրաժեշտության պայմանների հարցը, որոնք ապահովելուն զուգընթաց՝ պետք է ձեռնարկվեն նաև կրթության տարբեր աստիճաններում ընդգրկված երեխաների կրթության իրավունքի իրացման համար անհրաժեշտ քայլեր: Պետք է հաշվի առնել, որ այդ ընտանիքները և, հատկապես երեխաները, գտնվում են բարդ հոգեբանական վիճակում, և այս փուլում կարող են դժվարությամբ կայացնել երեխաների դպրոց գնալու որոշումը՝ հաշվի առնելով առկա անորոշությունները և կայուն կեցության հետ կապված դեռևս կարգավորելիք հարցերը։ Այդուհանդերձ, պետք է լինել նախաձեռնող և հետևողական՝ անընդհատ կապի մեջ լինելով տվյալ տարածքի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, ակտիվորեն տեղեկանալ տվյալ բնակավայրում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների մասին՝ նրանց օր առաջ ուղղորդելով հաճախել դպրոց»։

Համաձայն շրջաբերականի՝ երեխաներին դպրոց ընդգրկելու նպատակով դպրոցներին հանձնարարվել է իրականացնել հետևյալը.

  • Ապահովել երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություններ՝ անկախ անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունից:
  • Երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություններում իրականացնել գործող իրավակարգավորումներով, մասնավորապես՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի» համաձայն՝ հաշվի առնելով, որ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ տվյալ հաստատության՝ լիցենզիայով սահմանված տեղերի թվից: Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում՝ կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, տվյալ բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից:
  • Բոլոր երեխաներին ապահովել անհրաժեշտ դասագրքերով։
  • Օտար լեզվով ուսուցմամբ դասարաններում երեխաների կրթության շարունակականության համար որոշում կայացնել գործող իրավակարգավորումներով և սովորողի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի (լեզվական) գնահատման եզրակացությամբ:
  • Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից, ըստ անհրաժեշտության, իրականացնել սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման և աջակցության տրամադրման գործընթաց:

Համաձայն շրջաբերականի՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կրթության գործընթացում համակողմանի աջակցության անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտում ակտիվ գործընկերների հետ համատեղ կնախաձեռնի և կիրականացնի հետևյալ առանձին ծրագրերը.

  • Հոկտեմբերին մեկնարկելու են ուսուցիչների վերապատրաստումները՝ ստեղծված իրավիճակում սովորողներին դասապրոցեսում և դպրոցական միջավայրում սահուն և առանց լրացուցիչ ցնցումների ներգրավելու պայմաններ ստեղծելու համար:
  • Սովորողներին, ըստ անհրաժեշտության, ցուցաբերվելու է հոգեբանական և կրթական աջակցություն՝ հաշվի առնելով, թե ինչ հանգամանքներում են հայտնվել և որքան ժամանակով է ընդհատվել նրանց կրթությունը: Այս հարցի կարգավորման համար անհրաժեշտ է սերտ աշխատել ուսումնական հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հետ: Բոլոր այն հաստատությունները, որոնք արդեն իսկ համալրել են հոգեբանի հաստիքները, այս աշխատանքներում պետք է ակտիվորեն ներգրավեն նաև դպրոցական հոգեբաններին։
  • Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու ավարտական դասարանների սովորողներին՝ վերջիններիս համար հնարավորինս շուտ կրթական գործընթացին միանալու և իրենց հետագա մասնագիտական կողմնորոշման առումով աջակցություն տրամադրելու առումով: Անհրաժեշտության դեպքում նրանց համար կկազմակերպվեն լրացուցիչ կրթական ծառայություններ՝ բաց թողնվածը լրացնելու համար:

Այս ծրագրերի մանրամասների վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավելյալ տեղեկատվություն կներկայացնի։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պլանավորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ հետագա ուսուցչական աշխատանքում ներգրավման առանձին ծրագիր՝ նպատակ ունենալով ապահովել ուսուցիչների մասնագիտական աշխատանքի հնարավորությունը ՀՀ դպրոցներում։ Այս մասին նույնպես կտրվեն լրացուցիչ տեղեկություններ՝ ուսուցիչների տվյալների հավաքագրումից և ամփոփումից հետո»,-նշվում է շրջաբերականում։

Նույն շրջաբերական-գրությունն ուղարկվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների, ինչպես նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» և  «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ների տնօրեններին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930