Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք իրավական կարգավորման անհրաժեշտություն ունեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի նիստում:
Ըստ Արա Մկրտչյանի` ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացը եւ դրան համապատասխան փոփոխությունները հանգեցրել են տարբեր մասնագիտություններին ներկայացվող պահանջների փոփոխության, ինչի արդյունքում փոփոխվել են նաեւ աշխատանքային մեթոդներն ու միջոցները: Նրա գնահատմամբ առաջարկվող կարգավորումները կնպաստեն կոմիտեի օպերատիվ ստորաբաժնում հմուտ եւ բանիմաց ծառայողների համալրմանը: Մասնավորապես, առաջարկվել է կոմիտեի ծածկագրված ծառայողներին պաշտոնի նշանակելու կապակցությամբ օրենքով ամրագրված կարգավորումները կիրառելու համար ստեղծել իրավական հիմք:
Թափուր հաստիքները համալրելու գործընթացն ավելի ճկուն դարձնելու, ուժերի եւ միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով առաջացել է ընթացիկ կարգավորումների փոփոխության անհրաժեշտություն:
Կարդացեք նաև
Ըստ Արա Մկրտչյանի` թափուր պաշտոնի մրցույթի հայտարարումը գործող օրենքով նշանակվում է պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ինչը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում: Առաջարկվող փոփոխությամբ մրցույթը կհայտարարվի քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հստակեցվել են կոմիտեի ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառմանը վերաբերող դրույթները:
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններն օգնելու են կոմիտեում բարելավել իրավիճակը, ներգրավել պահանջված մասնագետներ` հանցագործությունները բացահայտելու համար: Հանձնաժողովականները կողմ են քվեարկել օրենքի նախագծին:
ԱԺ