Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի` ԼՂ Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից: Շատերը այս հրամանագիրը մեկնաբանում են այսպես՝ փակվեց Արցախի պատմության էջը:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես Ֆրենսիս Ֆուկույամայի հակառակորդն եմ, չեմ գտնում, որ պատմությունը վերջ ունի: Դա, կներեք, մանկական բարբաջանք է: Դա նշանակում է, որ պատմության այս փուլում մենք մարտը բոլոր խելոքներս տանուլ ենք տվել անգրագետներին եւ այսպես ասած այլոց՝ այլ պետությունների ազգային շահերը սպասարկողներին: Մենք պետք է ամրագրենք, որ պատմությունը վերջ չունի եւ մեր նվաճումները դեռ առջեւում են»:
Ոմանք այլեւս հույս չեն կապում Արցախի հետ: Լարիսա Ալավերդյանը հակադարձեց. «Որովհետեւ նրանք հույս չունեին էլ: Կներեք, ո՛չ ինտելեկտ ունեն, ո՛չ հույս: Դրա համար են տապալել այս փուլը, որովհետեւ հույս էին դնում ո՞ւմ վրա՝ այս իշխանությունների: Նրանք, ովքեր հույսը կորցրել են, նրանք պիտի չխանգարեն ու չտարածեն իրենց «վաշ-վուշը» աշխարհով մեկ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ