Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի կանոնադրությունը վավերացնելով իշխանությունները գնում են ՌԴ հետ հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի. ՀՀԿ

Սեպտեմբեր 28,2023 17:28

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին: Ակնհայտ է, որ կառավարող մեծամասնությունը մտադիր է այն շուտափույթ վավերացնել: Նախկինում (ս. թ. մարտի 28-ին) Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Հռոմի կանոնադրության` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքին և այն փաստին, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները` այն ճանաչելով սահմանադրական:

Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես նկատի ունենալով Միջազգային քրեական դատարանի վերջին որոշումը Ռուսաստանի Դաշնության նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ, հղի է անկանխատեսելի հետևանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:

Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Իշխող մեծամասնության այն փաստարկը, որ Հռոմի կանոնադրության վավերացման հարցը օրակարգ բերելով՝ Հայաստանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար, ամբողջությամբ սին է: Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու հարցով Հայաստանի դիմումը Միջազգային քրեական դատարանին` ադրբեջանական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցով, գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ: Քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հռոմի կանոնադրությունը նույնիսկ չեն էլ ստորագրել, առավել քան ակնհայտ է, որ նրանք որևէ համագործակցություն ՄՔԴ հետ չեն իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը գնա Ադրբեջանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու մասին: Ուստի ՄՔԴ-ին միանալը Հայաստանի շահերի պաշտպանության համար գործնականում չի կարող ծառայել Հայաստանի շահերին:

Միաժամանակ Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին: Կառավարության մանիպուլյատիվ պնդումները, որ Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը իբր հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից, քանի որ այդ հոդվածը ընդհանրապես չի առնչվում ձերբակալման օրդերի հետ կապված հարցերին:

Ձերբակալման հարցի հետ կապված անդամ պետությունն ընդամենը իրավունք ունի դրա կատարման բարդությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային քրեական դատարանի հետ: Երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունը այս տարի դիմեց այդ դատարանին` Ռուսաստանի Դաշնության նախագահին ձերբակալելու բարդությունների հետ կապված, Միջազգային քրեական դատարանը որոշեց, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը և ցանկացած այլ պետություն, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, պարտավոր է ձերբակալել Վ. Պուտինին, եթե Վ. Պուտինը գտնվում է իրենց երկրի տարածքում: Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպով գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքների կարող է ունենալ Հայաստանի համար:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930