Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ից բռնի տեղահանված եւ ՀՀ սահմանը հատած 70,500 անձանցից 13,922-ը Հայաստանի տարբեր մարզերում հաշվառվել եւ տեղակայվել են պետության տրամադրած կացարաններում

Սեպտեմբեր 28,2023 17:24

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Հայաստանի սահմանը հատած 70,500 անձանցից 13,922-ը Հայաստանի տարբեր մարզերում, համայնքներում արդեն հաշվառվել են եւ տեղակայվել հյուրանոցներում, հյուրատներում, առանձին հատկացված շինություններում, առանձնատներում։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ստեղծվել է մի համակարգ ամբողջ հանրապետությունում, որտեղ օրվա ընթացքում երեք անգամ տվյալներ են մուտքագրվում, թե որ բնակավայրում քանի բնակիչ ավելացավ, ապա մուտքագրվում են տվյալներ, թե նրանք որտեղ են տեղակայվում՝ հյուրանոց, հյուրատուն, հյուրընկալ ընտանիք, վարձով բնակարան եւ այլն։

«Վարվում է ընդհանուր հաշվառում, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ոչ միայն կեցավայրով ապահովենք, այլեւ կարողանանք հոգալ նրանց կարիքները՝ հիգիենիկ պարագաներ, սնունդ, առողջապահական, սոցիալական եւ հոգեբանական աջակցություն»,-ասաց Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներում վերցրել են ամբողջ հյուրանոցային ցանցը եւ եղած մահճակալային հնարավորությունները, որոշակի շենք շինություններ, հյուրընկալող ընտանիքներ։ Ըստ նախարարի՝ այդ ամբողջից է գոյացել 40 հազար ընտանիքի կեցավայրով ապահովելու նախապես հայտարարված թիվը․ «Այդ թիվն անընդհատ փոփոխվում է։ Այնպես չէ, որ հյուրանոցային բոլոր մահճակալներն ազատ են։ Ունենք խնդիր, որ բռնի տեղահանվածներ կան, որոնք չեն նախընտրում որոշ հյուրանոցներ, որոշ վայրեր, ինչը խնդիր է առաջացնում մեր աշխատանքների կազմակերպման մեջ։ Այնուամենայնիվ, մենք փորձում ենք իրավիճակը կառավարել։ Որքան էլ այս թվերը փոփոխվում են, մենք մեր հայրենակիցներին դրսում չենք թողնելու։ Գտնելու ենք որոշակի մինիմալ պայմաններով վայրեր, որտեղ նրանք կարճաժամկետ հատվածում կտեղակայվեն, մինչեւ երկարաժամկետ ծրագրերը գործարկենք։ Որոշ շենք-շինություններում շինարարական աշխատանքներ են տարվում, որպեսզի բնակվելու պայմանները բարելավեն եւ մեր հայրենակիցները տեղավորվեն այնտեղ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930