Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով երկամսյա կալանքի մեջ գտնվող արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանի ու նրա մոր տեսակցության թույլտվություն ստանալու համար փաստաբան Արսեն Բաբայանը (լուսանկարում) միջնորդություն է ներկայացրել վարույթը վերահսկող դատախազին:
Երիտասարդի մայրը, շրջափակված Արցախում գտնվելով, ամիսներ շարունակ զրկված է եղել որդուն տեսնելուց, իսկ բռնի տեղահանումից հետո Հայաստան հասնելով՝ կրկին զրկված է որդուն տեսնելուց:
Արսեն Բաբայանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը չի համարում իրավաչափ, որովհետեւ, ըստ նրա, ձերբակալման պայմաններն ամբողջությամբ խախտված են, հիմքերը բացակայում են. «Ականատես վկայի մասին է խոսք գնում, մինչդեռ այդ վկան իր ցուցմունքում նշել է, որ ականատես չի եղել: Ըստ ձերբակալման հիմքի՝ ականատես վկան մատնացույց է անում հանցագործություն կատարողին, մինչդեռ այդ ականատես վկան իր ցուցմունքով պնդում է, որ դեպքի ժամանակ այնտեղ չի եղել ու անձամբ ոչինչ չի տեսել»:
Բաբայանի խոսքով, օրենքով նախատեսված 7 օրյա ժամկետում է նախատեսված միջնորդության քննարկումը:
Կարդացեք նաև
«Սպասում ենք, տեսնենք դատախազության մարդկային որակների դրսեւորմանը»,- հավելեց Բաբայանը:
Մարատին կալանավորելու որոշումը Արսեն Բաբայանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, բողոքի քննությունը առաջիկա օրերին է լինելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ