Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Սիմոնյանի ճանապարհը փակելը խուլիգանություն չէր, բայց ընդամենը դուռը ծեծելու համար 30 ոստիկանով մեզ տարան». Ցոլակ Ակոպյան

Սեպտեմբեր 28,2023 15:14

«Կար տեղեկատվություն, որ համալսարանում քննարկվում է հայտարարության տեքստ, որին դեմ էր ուսանողական խորհուրդը եւ մի քանի դեկան: Տեղեկանալով, որ նման տեքստ է քննարկվում, որոշեցինք ներկա լինել դահլիճում ու լսել, թե ինչի մասին է խոսքը: Սակայն դահլիճը փակ էր, մնացածը դուք տեսել եք…»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատ արձակված Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, որին բերման էին ենթարկել Երեւանի պետական համալսարանից, ապա ձերբակալել: Նա եւ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

«Ինձ համար ամենացավալին այն է, որ այս ամենը կայանում է համալսարանում, ռեկտորի՝ Հովհաննիսյան Հովիկի անմիջական մասնակցությամբ: Պրոռեկտորների, աշխատակազմի ղեկավարի աչքերի առաջ ձերբակալում են ուսանողական խորհրդի նախկին նախագահին, Դավիթ Սարգսյանն այս պարագայում ուսանողական գիտական ընկերության նախագահն է, նախկին դասախոսներին, սակայն համալսարանը ոչ մի բանով չի արձագանքում:

Ակցիաները, քաղաքական պատկերը թողնենք մի կողմ, ինձ համար ամենակարեւորն այն էր, որ համալսարանը մի տեսակ արժեզրկվեց… Ճիշտն ասած՝ չեմ հիշում նման այլ դեպք: Ցավում եմ, որ համալսարանը գոնե հայտարարության տեքստ չի տարածել: Մյուս կողմից, ուրախալին այն է, որ թեկուզ այս գնով կարողացանք կանխել հայտարարության ընդունումը: Ինչ վերաբերվում է իմ գործին, բոլորն են հասկանում, որ այստեղ որեւէ խուլիգանական արարք չկար, հետեւաբար դրա մասին խոսելն անիմաստ է»,-ասաց Ցոլակ Ակոպյանը:

«Ես բավականին կարեւորում եմ համալսարանի դերն իմ կյանքում, ԵՊՀ-ն իրական արժեք է ինձ համար, ու նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանին թույլ չտվեցի իմ ձեռքը բռնել, հենց համալսարանի հանդեպ հարգանքից է գալիս, որովհետեւ տհաճ է համալսարանում նման միջադեպի ականատես լինելը: Մյուս կողմից, ինձ թվում է շատ բան ունեն մտածելու, թե համալսարանի ռեկտորը, թե պրոռեկտորները եւ ընդհանրապես ողջ համալսարանական հանրույթը նման երեւույթի առումով: Իմ խորին համոզմամբ, երկրում արժեքային համակարգով պայմանավորված՝ բուհերը, մտավորականությունը մեծ մասամբ իրենց տեղում չեն»:

Ցոլակ Ակոպյանը համեմատեց տարիներ առաջ ԵՊՀ լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանի ճանապարհը փակողների եւ իրենց հանդեպ վերաբերմունքը. «Ես 2002-2003 թվականից համալսարանում եմ եղել՝ ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ, 10 տարի դասավանդել եմ, նման բան բացարձակ չեմ հիշում: Գիտեք, ի՞նչն է ցավալի…Երբ լուսահոգի պարոն Սիմոնյանի ճանապարհն էին փակում, նրան զրկում իր աշխատասենյակը մտնելու հնարավորությունից, կազմակերպիչն էլ Հովհաննիսյան Հովիկն էր, այդ արարքները չհամարվեցին խուլիգանություն, բայց ընդամենը դուռը ծեծելու համար 30 ոստիկանով նախկին դասախոսներին ԵՊՀ-ից տարան: Իմ խնդիրը չէ, չեմ ուզում անձնավորել… Այս երևույթը, ցավոք սրտի, այլ բուհերում է նաեւ առկա»,-նշեց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930