ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են։ Ադրբեջանը չունի իրավական որևէ հիմք նրան պահելու համար։
Նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին և այլոց, որոնք, հնարավոր է, նման ճակատագիր ունենան։
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նա այնտեղ էր՝ լինելու իր ժողովրդի կողքը և պաշտպանելու նրա ինքնորոշման իրավունքը։
Կարդացեք նաև
Դավիթ Բաբայանը ծնունդով արցախցի է, նա նույնպես պայքարում էր իր նախնիների՝ իրեն ժառանգություն թողած հողը պաշտպանելու և այնտեղ ազատ ապրելու համար։
Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝ բանակցությունների ընդհատում, ապահովելու նրանց ազատ արձակումը։ Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը։
Սփյուռքը ևս այս հարցը պետք է դարձնի օրակարգային։
Իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանից միանշանակ պետք է պահանջի զերծ մնալ նման հետապնդումներից։