Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ից պահանջել ենք երաշխավորել Ռուբեն Վարդանյանի իրավունքները»․ Եղիշե Կիրակոսյան

Սեպտեմբեր 28,2023 14:30

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքին։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախից Հայաստան գալու ճանապարհին՝ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական կողմը առեւանգել է Ռուբեն Վարդանյանին եւ տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանք է առաջադրվել։ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Այո, Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության երաշխավորման մասով անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց պահանջելու դիմումը երեկ ուղարկել ենք դատարան։ Դատարանից պահանջել ենք Կոնվենցիայի հիման վրա երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները։ Բնականաբար, առաջնային երկրորդ եւ երրորդ հոդվածների մասին է խոսք գնում՝ կյանքի իրավունք եւ խոշտանգման, անմարդկային ու դաժան վերաբերմունքի արգելք։ Եվ հուսով ենք դատարանն արագ կարձագանքի։ Կապի մեջ ենք իր հարազատների հետ, երբ ստանանք դրական պատասխան, նաեւ իրենց կփոխանցենք»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Անդրադառնալով Բաքվի «սեւ ցուցակին» եւ հարցին՝ հայկական կողմը տեղյա՞կ է, թե ովքե՞ր կան այդ ցուցակում, Կիրակոսյանն ասաց․ «Մամուլում կան տարբեր տեսակի հրապարակումներ, տարբեր անձանց անուններ, որոնք թիրախավորվում են Բաքվի կողմից։ Ծանոթ եմ ցուցակին, բայց չեմ կարող ասել, որ ամբողջական եմ ծանոթ, միգուցե կան մարդիկ, որոնց մասին ես չգիտեմ»։

Հարցին, թե Հայաստանը քայլեր ձեռնարկո՞ւմ է՝ Բաքվի կողմից տարբեր հայ պաշտոնյաների ձերբակալությունը կանխարգելելու ուղղությամբ, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց․ «Կանխարգելել չեմ պատկերացնում, թե ոնց հնարավոր կլինի անել, շատ ցավում եմ։ Բայց կարծում եմ՝ այստեղ ավելի շատ պոստ ֆակտում պետք է գործենք։ Ամեն դեպքում մենք կփորձենք հնարավոր իրավական միջոցներն օգտագործել, որպեսզի ձեր ասած կանխարգելման ուղղությամբ էլ աշխատանքներ տարվեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930