Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք սատարում ենք չինական կողմին` նրա համար զգայուն հարցերի շուրջ` հետևողականորեն աջակցելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը «Մեկ Չինաստանի» հարցում․ Հակոբ Արշակյան

Սեպտեմբեր 28,2023 11:28

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան կազմակերպած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անկախության 74-րդ տարեդարձի առթիվ ընդունելությանը, հանդես եկել բացման խոսքով:

«Ձե’րդ գերազանցություն, դեսպան Ֆան,

հարգելի’ բարեկամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի ազգային օրվա` ՉԺՀ կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ:

Անցյալ տարի մենք նշեցինք Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ այդ կապակցությամբ ցանկանում եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական համագործակցությունը, որը հիմնված է ավանդական սերտ կապերի վրա, կայուն զարգացել եւ ամրապնդվել է, իսկ մեր ժողովուրդների ու պետությունների միջեւ ձեւավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ կապեր:

Չինաստանը Հայաստանի առաջնային առեւտրական գործընկերներից մեկն է, եւ մենք մեծապես կարեւորում ենք Չինաստանի հետ բարեկամական փոխգործակցության հետագա ամրապնդումը: Մենք շարունակում ենք ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը` ավելի ընդլայնելով գործընկերության շրջանակը, այդ թվում` առեւտրի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում:

Ընթացիկ տարվա հունիսին կայացավ առեւտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահաբար իրենց մեծ ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Կայացել են քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ:

Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար` հուսով եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք էլ ավելի ակտիվացնելու նաեւ միջխորհրդարանական մեխանիզմները եւ կազմակերպելու միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցեր:

Մենք սատարում ենք չինական կողմին վերջինիս համար զգայուն հարցերի շուրջ` հետեւողականորեն աջակցելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը «Մեկ Չինաստանի» հարցում, ինչպես նաեւ համագործակցում գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու օրակարգի շուրջ:

Հայաստանի կառավարությունն արժեւորում է Չինաստանի կառավարության օգնության քաղաքականությունը, որի շրջանակում Հայաստանին պարբերաբար տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, արտոնյալ վարկեր: Չինական կողմի աջակցությամբ ՀՀ պետական ապարատի տարբեր պաշտոնյաներ պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են անցնում Չինաստանի տաբեր քաղաքներում: Զարգացմանն ուղղված օգնությունը տարիների ընթացքում նպաստել է մեր երկրի տարբեր ոլորտների կարողությունների ավելացմանը, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը: Ներկայումս կողմերը համատեղ քննարկում են Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման ծրագիրը:

Հարգելի’ բարեկամներ, հայ ժողովուրդը ներկայումս անցնում է ծանր փորձություններով: Պատմության ընթացքում չինացի ժողովրդին նույնպես բաժին են հասել արհավիրքներ, որոնք չին ժողովուրդը հաղթահարել է համբերությամբ, տոկունությամբ եւ համառ աշխատանքով:

Այսօրվա տոնը խորհրդանշում է չին ժողովրդի պատմական վերելքի սկիզբը եւ նրա մեծ խորհուրդը մեզ հույս է ներշնչում, որ հին ժողովուրդները եւ հին քաղաքակրթություններն ունակ են հաղթահարելու դժվարությունները եւ կառուցելու նոր ու արդիական հասարակություն»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ եզրափակել խոսքը` կրկին շնորհավորելով չին բարեկամներին ազգային տոնի կապակցությամբ:

Ներկաներին ողջունել է նաեւ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնը: Նա դեսպանատան անունից շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, որոնք մշտապես աջակցում են հայ-չինական հարաբերությունների զարգացմանը եւ իրենց ներդրումն են ունենում երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում: Դեսպանի խոսքով վերջին 74 տարիների ընթացքում Չինաստանն ունեցել է զարգացման հսկայական ձեռքբերումներ, որոնք փոխել են աշխարհը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930