Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։
Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների և ունեցվածքի ազատ, ինքնակամ և անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել․
1) մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթական կազմակերպությունները և Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։
2) Լեռնային Ղարաբաղի բնակչությանն, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորությունը ինքնուրույն և անհատապես որոշելու նպատակով։
Կարդացեք նաև
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես հրապարակվելու պահից։
Արցախի տեղեկատվական շտաբ